Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ շների դեմ ինչ որ անառողջ ատելություն, չարություն կամ նույնիսկ տհաճություն ունեմ: Քավ լիցե: Նման բան չկա: Ընդհակառակը. տխուր շունն ինձ տխրեցնում է, ակտիվ, թռվռան շունն` ուրախացնում, հավատարիմ շունը` զարմացնում, մեքենայի տակ ընկած շունը` լացացնում: Խոսքս այն թափառող շների մասին է, որ հանկարծակի դուրս են գալիս դիմացից, կամ մի երկու մետր հեռվից կանգնում ու աչքերը չռում են վրադ, կամ հետևում կասկածելի հեռավորությունից, և դու չգիտես, թե նրա մտքինն ինչ է այդ պահին: Միշտ պետք է հիշել, որ շունը մնում է շուն և չպետք է շատ վստահել նրան:
Գիտեմ, որ կան թափառող շների «շահերը» պաշտպանող մարդիկ, գրասենյակներ, ՀԿ-ներ, բայց այ, չգիտեմ, կան արդյոք շների բերանն ընկած մարդկանց շահեր պաշտշանողներ, թե ոչ: Քանի դեռ իրավիճակն այսպիսինն է, ինչպես ասում են ինքներս պետք է պաշտպանենք մեզ: Ուղղակի մի քանի խորհուրդ նրանց, ովքեր անփորձ են այս բնագավառում:
1.Ի՞նչ անել, եթե փողոցում հանդիպել ես ակտիվ քայլվածքով ու հայացքով շան:
Խորհուդս. նրան շան տեղ մի դիր և ավելի ակտիվ քայլվածքով ու չտեսնող հայացքով անցիր կողքովն այնպես, որ շունը չլսի սրտիդ դըմդըմբոցը:
2. Ի՞նչ անել, եթե դեմ դիմաց դուրս եկած շունը կտրուկ կանգ է առնում, աչքերը չռում վրադ և տեղից շարժվելու միտք չունի:
Խորհուրդս. դու էլ կտրուկ կանգ առ, նայիր ուղիղ աչքերին և եթե հայացքիդ մոգությունը չի ազդում, դիմիր շատ տարածված մի ձևի, կռացիր, իբր քար կամ փայտ ես վերցնում խփելու համար: Այս ձևի հաջողությունը լրիվ ապահվված է: Շունն անմիջապես պոչը քաշում է ու հեռանում:
3. Ի՞նչ անել, եթե արդեն 15-20 մետր քեզ հետևում է շունը, իսկ դու միանգամայն անտեղյակ ես նրա մտադրություններին, իսկ հևոցները դառնում են չարագուշակ:
Խորհուրդս. ոչ մի դեպքում ցույց չտաս, որ վախեցած ես, կամ հանկարծ սկսես վազել, որը համարյա կործանում է: Քեզ հավաքիր, կանգ առ և արդեն հաջողված փորձը կիրառիր /Խոսքը քարի ու փայտի մասին է/: Շունը մեծ շառավղով կշրջանցի քեզ ու կհեռանա:
4.Ի՞նչ անել, եթե շունը զայրացած հաչում է վրադ:
Խորհուրդս. դա թերևս ամենաանվտանգ շունն է: Հիշիր. «Հաչան շունը կծան չի լինում» ասածվացքը, թերևս դու էլ կարող ես նրա վրա հաչալ ու անցնել: Դրությունը փոխվում է, եթե տան պահապան շունն է գազազած հաչում` ցանկապատի մյուս կողմից: Անգամ ձեզ բաժանող ցանկապատը քեզ չի փրկի սթրեսից շան բացած երախը և սուր ատամները տեսնելու տհաճ պատկերից:
Խորհուրդս. խուսափիր այլևս այդ տան մոտով անցնել, թեկուզ ստիպված լինես մեծ պտույտ կատարել: Ինչեր չես անի առողջությունդ պահպանելու համար:
5.Ի՞նչ անել, եթե գիշերը շների մի մեծ խումբ կտրում են ճանապարհդ և մութ գիշերը ավելի է մթնում աչքերիդ դիմաց:
Դրա դեմն առնելու մի ձև կա: Հանում ես ատրճանակդ ու կրակում: Իսկ եթե ատրճանակ չունես բարձրաձայն հայհոյում ես շների շահերը պաշտպանողներին, մտքումդ արագ հաշվարկում, թե մարմնիդ որ հատվածն է ավելի համեղ և համեմատաբար արագ լավացող և քեզ հանձնում ճակատագրի ձեռքը:
Հ. Գ. Այս մտքերը ծագեցին կեսգիշերին, երբ տարբեր անկյուններից հաչելուց հետո, մեծ արագությամբ հավաքված շների մի մեծ խումբ սլացավ պատուհանիս տակով: Մի քանի րոպե անց լսվեց հալածվող կատվի սրտաճմլիկ կաղկանձը:
Երանի սրանով ամեն ինչ վերջանա, թեկուզ ես ոչինչ չունեմ թափառող կատուների դեմ:
Վարդիկ Վարդազարյան
կարոտում եմ քեզ... իմ անունը գրեցի գուգլում ու քոնը գտա... չնայած չէի էլ կորցրել...
ReplyDelete