Showing posts with label տոն. Show all posts
Showing posts with label տոն. Show all posts

Tuesday, August 10, 2010

Կեցցես, Կլարա

Կեցցես, Կլարա

                                                              Մարտիության տեստ



Երբ Կլարա Ցետկինի հեղափոխական գլխում ծագեց կանանց միջազգային օր ստեղծելու գաղափարը և որպես այդպիսին ճանաչվեց մարտի 8-ը (ինչու հենց մարտի 8-ը, միայն Կլարան կարող է բացատրել), հավանաբար նրա մտքով չէր էլ անցնում, որ այն կտոնվի երկար ու ձիգ 98 տարի, կդառնա հաստատուն ու կայուն տոներից մեկը, համենայն դեպս, Խորհրդային Միությունում (իսկ նրա փլուզումից հետո հետխորհրդային տարածքում): Եթե վերհիշենք, թե քանի˜-քանի հզոր ու անսասան թվացող տոներ անհետացան մեր օրացույցից, ապա միանգամայն անկեղծորեն ուզում ես ասել. “ Կեցցես, Կլարա”:

Հայաստանում իր գոյության ընթացքում Մարտի 8-ը որոշ փորձառությունների է ենթարկվել. վերջին տարիներին փորձ արվեց այն փոխարինել ավելի ազգային, խորը արմատներ ունեցող տոնով` Ապրիլի 7-ով, որպես մայրության ու գեղեցկության տոն: Բայց արդյունքում  “մարտի 8-ապրիլի 7” միամսյակը ստացվեց:

Կոմունիստական հասարակարգի առանձնահատկություններից մեկն այն էր, որ հասարակարգը մտածում էր հասրակության փոխարեն: Հիշում ե ՞ք, մարտի 7-ի երեկոյան Կրեմլի համագումարների պալատում հավաքված հասարակության “ծաղիկի” համար տեղի էր ունենում հանդիսավոր նիստ, հանձնվում էին մեդալներ, պատվոգրեր…հետո տոնական համերգ , ծաղիկներ, իսկ հաջորդ օրը տոնը շարունակվում էր կոլեկտիվներում, հիմնարկ-ձեռնարկություններում…Սովետական կանայք գոհ ու երջանիկ էին, միանգամայն բավարարված ու գնահատված: Այսօր, երբ կանանց 60-70 %-ի համար վերացել է կոլեկտիվ հասկացությունը (նրանք հիմնականում գործազուրկ են), նրանք, մեծ կամ փոքր ակնկալիքներով, վերաբերմունքի են սպասում իրենց իսկ ամուսիններից: Նշենք,  որ կանանց մի խումբ իսկապես օգտվում է «Մարտի 8-ապրիլի 7» կրկնակի տոնից կրկնակի նվեր ստանալով (էրնե˜կ նրանց): Կանանց մի խումբ մի այնպիսի մուննաթով է ամուսնու կողմից նվեր ստանում Մարտի 8-ի առթիվ, որ վախենում է Ապրիլի 7-ի մասին անգամ ակնկալել: Մի խումբ կանայք էլ առաջին նվերը չստանալով` անհամբեր սպասում են երկրորդին, բայց դա էլ հաճախ տակով է արվում:

Կարելի է շատ հանգիստ ասել. “Ասա, թե ինչ նվեր ես ստացել մարտի 8-ին, կասեմ, թե որ սոցիալական խավին ես պատկանում”: Եթե քեզ նվիրել են մեքենա, ադամանդե քարերով շքեղ մատանի, թանկարժեք մուշտակ և այլն, շնորհավորում եմ, դու շատ հարուստ ես: եթե նվեր ես ստացել լվացքի մեքենա,  սառնարան կամ մի ուրիշ կենցաղային իր, ուրեմն չափավոր ունևոր ես, եթե վերը նշված կենցաղային իրերը ձևակերպվել են ապառիկով, ուրեմն ամուսինդ կայուն աշխատանք ունի, ինչը նույնպես արժանի է շնորհավորանքի: Եթե նվեր ես ստացել զուգագուլպա կամ շրթներկ, շնորհավորում եմ, դու հաղթահարել ես աղքատության շեմը, իսկ եթե ամուսինդ իներցիայով (արդեն ո˜րերորդ տարին) երեկոյան ծոցագրպանից հանում է առավոտյան գնված ձնծաղիկի փունջը, ապա դու տեղում կայուն դոփողներից ես: Կան կանայք , որ այդ օրն արժանանում են խորհրդանշական մի պաչիկի: Կներեք, երկար փնտրեցի, բայց այդպես էլ այս խմբին ոչ մի բնորոշում չկարողացա տալ:

Ես չգիտեմ, թե Կլարա Ցետկինն ինչ սպասելիքներ ուներ այն տոնից ու ինչ նվերներ է ստացել այդ առթիվ, բայց մի բան հաստատ է. շատ ու շատ տղամարդիկ մտքում հայհոյում են այդ տոնը ստեղծողին և իրենց սև բախտը, ավանդական պաչիկի արժանացած կանայք էլ առանձնակի ձերմությամբ չեն հիշում նրան: Իսկ նրանք, ում համար Մարտի 8-ն իսկապես տոն է, ընդհանրապես հարկ չեն համարում իմանալ, թե ում շնորհիվ  է այդ օրն օրացույցում ներկվել կարմիր գույնով:

                                                                                                    

Վարդիկ Վարդազարյան

Thursday, July 29, 2010

ՄԻՆՉԵՎ ՈՐՏԵ՞Ղ

Ժամանակներ կային, երբ այսքան տոներ սիրուն նվիրված, չկային, կամ էլ կային, մենք էինք անտեղյակ: Այսօր տոների առատություն է և շատ լավ է, որ այդպես է, որովհետև սիրո տոներից օգուտից բացի, վնաս չկա: Մեր սուրբը, թե ուրիշինը, ինչ տարբերություն, միայն թե սերը պաշտպանվի, սիրող սրտին օգնող լինի: Խոսքս ուրիշ բանի մասին է:
Մենք էլ չիմացանք, թե ինչպես /սահուն ու աննկատ/, իսպառ վերացման վտանգի տակ հայտնվեց մարդկության մեծագույն ձեռքբերումներից մեկը` նամակը: Քիչ, թե շատ պահպանվում է բանակից տուն, բանակից սիրած աղջիկ նամակագրական կապը, բայց դա էլ իր վերջը կունենա, քանի որ բջջային հեռախոսները ներխուժում ու գրավում են նաև այդ տարածքները: Մեկ էլ թերևս նամակներ են գրվում սիրված հաղորդաշարներին, հավանաբար իներցիայով /երաժշտական փոստարկղ և այլն/: Այսօր արդեն դժվար է պատկերացնել ժամանակակից մարդուն նամակ գրելիս. «Բարևագիր…»…  Հիմա դա արդեն անցիալի քաղցր հիշողություն է, ժամանակակից լեզվով գավառամետություն, հնահոտ և հնաոճ երևույթ: Մի բան հաստատ է, որ ժամանակակից մայրիկ-հայրիկները իրենց զավակներին կամ ապագայում թոռնիկներին չեն զարմացնի ստացած սիրային նամակներով, բացիկներով, քառատողերով / sms-ները հո չես պահի/:
Նամակների հետ վերացան նաև տոները շնորհավորհող բացիկները, որոնց դարձերեսին մի քանի տող, մի քանի սրտից բխած խոսք էինք գրում, որը միայն մերն էր, միայն մերը: Հիմա  կկանգնեն ու դեմքիդ կասեն. «ի՞նչի վրա ես, հիմա էնքան լավ-լավ բաներ կան, դու նրանցից լա՞վ պիտի գրես»: Ինչ մտքովդ անցնի կա. սրտիկ-սրտիկ, պռոշ-պռոշ, թաթիկ-թաթիկ, փայլեր, փուլեր, փումփուլիկներ, բումբուլիկներ, ուլունքներ, ֆանտիկներ, իսկ ներսում անգլերեն կամ մի ուրիշ լեզվով սիրային խոսքեր, շնորհավորանքներ, որոնց 90 տոկոսը չենք էլ հասկանում:
Ուզու՞մ ես սեր խոստովանել, մի տանջիր քեզ, քո փոխարեն արդեն մտածել են, իսկ քեզ մնում է միայն sms հավաքել, նաև սիրային քառյա՞կ է պետք, ընդամենը մյուս sms-ը հավաքիր և պատրաստ է անծանոթ մեկի սիրո խոստովանությունն ու քառյակը, իսկ արդյունքում  կստացվի ուրիշային, կեղծ սիրո խոստովանություն:
Ամենաաններելին այն է, որ տաս տարի /այժմ արդեն 12 տարի/ հայոց լեզվով կրթություն ստացող երիտասարդը հրաժարվում կամ ամաչում է իր ձեռքով գրել իր սիրո խոստովանությունը և մեր ծով պոեզիայից ընտրել սիրային քառյակ իր սիրելիի համար: Սիրահարներ միշտ լինելու են ու կան /և փառք Աստծո, որ այդպես է/, ցավալին այն է, որ չեն գրվում սիրային տառապանքներից, արցունքների միջից ծնված տողերը, քառյակները, որոնք շատերի համար բանաստեղծ դառնալու առաջին քայլերն են եղել:
Վերջին տարիներին շատ բան փաթաթեցին մեր վզին: Մենք էլ արտաքին կեղծ էֆեկտներով զարմացած, հիացած ու ապշած փաթաթվեցինք ու շարունակում ենք փաթաթվել ու փաթաթվել դրանց մեջ:
Թեկուզ ծաղիկները: Մեր սիրելի քնքուշ մեխակները, վարդերն ու դաշտային ծաղիկները շատ հեշտությամբ փոխարինեցինք այլահոտ, այլաոճ, պարարտ ու փարթամ ծաղիկների կառույցներով: Այսօր գավառամետի տպավորություն կթողնես, եթե մի քանի սպիտակ մեխակներ գնես  և քո ձեռքով դնես քո սիրելի ծաղկամանի մեջ, կամ քո սիրելիին հղած բացիկի մեջ չորացած վարդի մի քանի թերթիկ դնես: Ի՞նչի մասին է խոսքը: Ո՞ր դարում ես:
Մի խոսքով ուրիշի ճաշակով երաժշտություն ենք լսում, սիրո խոստովանություն անում, ծաղիկներ նվիրում, և էլի ու էլի շատ բաներ:
                                                                                   
  Վարդիկ Վարդազարյան

Search This Blog