Նախ ներկայանամ` 1976թ. արտադրության «Օրսկ» մակնիշի սառնարան: Միանգամից պիտի ասեմ, որ կարոտախտն ինձ ուղղակի սպանում է: Հիշում եմ սովետների ժամանակաշրջանում ապրած կյանքս, և սառույցներս միանգամից հալվում են: Ես արտասվում եմ ու կաթկթում, իսկ աննրբանկատ և դժգոհ տերս փնթփնթում է. «Սա սառնարան չեղավ ինձ համար»: Եվ դա իմ նախկին ծառայությունների և այն ստորացումների դիմաց, որ այժմ լռելյայն կրում եմ: Մինչև հեղաշրջումն անկուսակցական էի, իսկ հիմա միայն կոմկուսի շարքերը կանցնեի, որովհետև նրանք էլ ինձ նման հիշում են անցյալն ու «Ա˜խ» քաշում : Ի˜նչ տարիներ էին: Որովայնս պայթում էր կաթնամթերքի, մսամթերքի, խմորեղենի առատությունից: Լիքն էր փորս, կուշտ էր տերս: Ոչ ոք քաղաքացիական ազնվություն և քաջություն չունեցավ բարձրաձայն ասելու, որ մութ ու ցուրտ տարիներին առաջին և կործանարար հարվածը մեզ` սառնարաններիս վրա իջավ: Մենք, որ խոհանոցի զարդն ենք, ու՞մ էինք պետք առանց հոսանքի: Շատ տներում սառնարանները վերածվեցին պահարանների (ո˜վ արդարություն…): Վիրավորական է, բայց փաստ: Աման-չամանի, պահածոների, գրքերի, ըստ սեզոնի` ձմեռային կամ ամառային հագուստի պահարանի վերածված իմ եղբայրները լուռ արժանապատվությամբ տարան այդ ստորացումները, հավատարիմ “Ինչպես ժողովուրդը, այնպես էլ մենք” կարգախոսին: Հետո, իհարկե, հոսանք տվին, բայց շատրեը այդպես էլ սառնարի լարը հոսանքին չմիացրեցին: Ոչ թե հետ էին վարժվել , այլ պարզապես բան չկար այնտեղ դնելու:
Ժամանակները փոխվեցին, այժմ վիճակն այլ է: Նորահարուստները ինչ արագությամբ, որ փոխեցին բնակարանները առանձնատներով, զապերն ու ժիգուլիները`մերսեդեսներով ու ջիպերով, այնպես էլ հին ու հարազատ “Օրսկ” –ին փոխարինելու եկան ֆիրմային «LG»-ն, MISUBISHI-ին, BOCH-ն ու շատ ուրիշ օտարանուն սառնարանները:
Ընդիմախոսներս հիմա կասեն` սառնարան ես, քեզ սառնարանի նման պահի, որտեղի՞ց այդքան ինֆորմացիա: Ասեմ, ուղիղ գլխավերևումս կախված ռադիոն առավոտյան 6-ից մինչև գիշերվա 12-ն ապահովում է տեղեկատվությամբ: Եթե նախկինում միայն երաժշտություն էի սիրում լսել, հիմա քաղաքական լուրերն ու խորհրդարանի նիստերը բաց չեմ թողնում` գուցե մի նոր բան ասեն, մի լավ օրենք ընդունեն: Հասարակ տրամաբանություն է, եթե կառավարությունը որոշում է բարձրացնել մանկավարժի աշխատավարձը կամ թոշակառուների թոշակը, ապա իմ հոգում հույս է արթնանում, որ ինչ-որ մի մթերքի տեսակ կավելանա իմ դատարկ որովայնում`մի շիշ կաթ, կամ 2-3 ձու, 200-250 գ. երշիկ: Այդ հույսով եմ ապրում: եթե մանկավարժների աշխատավարձը 20 % -ով բարձրանա , նրանք կարող են անգամ միս կամ ձուկ գնել: Այդ դեպքում գուցե օգտագործվի նաև գլխամասս: Նմանատիպ հույսեր փայփայելով ականջս կախ լսում եմ Ազգային ժողովի` շատ հաճախ ձանձրալի, երբեմն զվարճալի, երբեմն սարսափազդու նիստերը:
Ճիշտը որ ասեմ, ամեն օր սարսափով եմ սպասում, որ ահա ուր որ է տերս կանջատի լարս հոսանքից, և կընկնեմ խորհ նիրհի մեջ: Գիտեմ, որ դա անխուսափելի է :
Կհայտնվեմ մութ ու խոնավ նկուղում, կամ որևէ արհեստանոցում ինձ մաս-մաս կանեն: Չեմ ընկճվում, մտածում եմ` գուցե ավելի լավ կլինի, եթե վերապրոֆիլավորվեմ պահարանի՞: Այս մասին ավելի լուրջ պետք է մտածել, քանի դեռ գլուխս սառն է:
Վարդիկ Վարդազարյան
Այսօրվա պես հիշում եմ, երբ ՎՎ-ն կարդում էր այսմենախոսությունը մեր տանը: Հրաշալի էր գրել:
ReplyDelete