Thursday, July 29, 2010

ՄԻՆՉԵՎ ՈՐՏԵ՞Ղ

Ժամանակներ կային, երբ այսքան տոներ սիրուն նվիրված, չկային, կամ էլ կային, մենք էինք անտեղյակ: Այսօր տոների առատություն է և շատ լավ է, որ այդպես է, որովհետև սիրո տոներից օգուտից բացի, վնաս չկա: Մեր սուրբը, թե ուրիշինը, ինչ տարբերություն, միայն թե սերը պաշտպանվի, սիրող սրտին օգնող լինի: Խոսքս ուրիշ բանի մասին է:
Մենք էլ չիմացանք, թե ինչպես /սահուն ու աննկատ/, իսպառ վերացման վտանգի տակ հայտնվեց մարդկության մեծագույն ձեռքբերումներից մեկը` նամակը: Քիչ, թե շատ պահպանվում է բանակից տուն, բանակից սիրած աղջիկ նամակագրական կապը, բայց դա էլ իր վերջը կունենա, քանի որ բջջային հեռախոսները ներխուժում ու գրավում են նաև այդ տարածքները: Մեկ էլ թերևս նամակներ են գրվում սիրված հաղորդաշարներին, հավանաբար իներցիայով /երաժշտական փոստարկղ և այլն/: Այսօր արդեն դժվար է պատկերացնել ժամանակակից մարդուն նամակ գրելիս. «Բարևագիր»…  Հիմա դա արդեն անցիալի քաղցր հիշողություն է, ժամանակակից լեզվով գավառամետություն, հնահոտ և հնաոճ երևույթ: Մի բան հաստատ է, որ ժամանակակից մայրիկ-հայրիկները իրենց զավակներին կամ ապագայում թոռնիկներին չեն զարմացնի ստացած սիրային նամակներով, բացիկներով, քառատողերով / sms-ները հո չես պահի/:
Նամակների հետ վերացան նաև տոները շնորհավորհող բացիկները, որոնց դարձերեսին մի քանի տող, մի քանի սրտից բխած խոսք էինք գրում, որը միայն մերն էր, միայն մերը: Հիմա  կկանգնեն ու դեմքիդ կասեն. «ի՞նչի վրա ես, հիմա էնքան լավ-լավ բաներ կան, դու նրանցից լա՞վ պիտի գրես»: Ինչ մտքովդ անցնի կա. սրտիկ-սրտիկ, պռոշ-պռոշ, թաթիկ-թաթիկ, փայլեր, փուլեր, փումփուլիկներ, բումբուլիկներ, ուլունքներ, ֆանտիկներ, իսկ ներսում անգլերեն կամ մի ուրիշ լեզվով սիրային խոսքեր, շնորհավորանքներ, որոնց 90 տոկոսը չենք էլ հասկանում:
Ուզու՞մ ես սեր խոստովանել, մի տանջիր քեզ, քո փոխարեն արդեն մտածել են, իսկ քեզ մնում է միայն sms հավաքել, նաև սիրային քառյա՞կ է պետք, ընդամենը մյուս sms-ը հավաքիր և պատրաստ է անծանոթ մեկի սիրո խոստովանությունն ու քառյակը, իսկ արդյունքում  կստացվի ուրիշային, կեղծ սիրո խոստովանություն:
Ամենաաններելին այն է, որ տաս տարի /այժմ արդեն 12 տարի/ հայոց լեզվով կրթություն ստացող երիտասարդը հրաժարվում կամ ամաչում է իր ձեռքով գրել իր սիրո խոստովանությունը և մեր ծով պոեզիայից ընտրել սիրային քառյակ իր սիրելիի համար: Սիրահարներ միշտ լինելու են ու կան /և փառք Աստծո, որ այդպես է/, ցավալին այն է, որ չեն գրվում սիրային տառապանքներից, արցունքների միջից ծնված տողերը, քառյակները, որոնք շատերի համար բանաստեղծ դառնալու առաջին քայլերն են եղել:
Վերջին տարիներին շատ բան փաթաթեցին մեր վզին: Մենք էլ արտաքին կեղծ էֆեկտներով զարմացած, հիացած ու ապշած փաթաթվեցինք ու շարունակում ենք փաթաթվել ու փաթաթվել դրանց մեջ:
Թեկուզ ծաղիկները: Մեր սիրելի քնքուշ մեխակները, վարդերն ու դաշտային ծաղիկները շատ հեշտությամբ փոխարինեցինք այլահոտ, այլաոճ, պարարտ ու փարթամ ծաղիկների կառույցներով: Այսօր գավառամետի տպավորություն կթողնես, եթե մի քանի սպիտակ մեխակներ գնես  և քո ձեռքով դնես քո սիրելի ծաղկամանի մեջ, կամ քո սիրելիին հղած բացիկի մեջ չորացած վարդի մի քանի թերթիկ դնես: Ի՞նչի մասին է խոսքը: Ո՞ր դարում ես:
Մի խոսքով ուրիշի ճաշակով երաժշտություն ենք լսում, սիրո խոստովանություն անում, ծաղիկներ նվիրում, և էլի ու էլի շատ բաներ:
                                                                                   
  Վարդիկ Վարդազարյան

No comments:

Post a Comment

Search This Blog