Որ մենք ծով համբերություն ունենք, հարմարվող ենք, շուտ բռնկվող և շուտ մարող, մեծ կարգազանցներ ենք, օրենքը շրջանցող` շատ ավելի ցայտուն երևում է հասարակական տրանսպորտում: Երևանում կարելի է միջազգային սիմպոզիում կազմակերպել « Մարդու հնարավորությունների և համբերության սահմանը» թեմայով` որպես ակնառու օրինակ ունենալով երթուղային տաքսիներով երթևեկողներին: Նրանց կարելի է դասակարգել երկու խմբի` տանջողների և տանջվողների: Գլխավոր տանջողը վարորդն է, որի կարգախոսն է «Ինչքան շատ ուղևոր, այնքան լավ»: Նա ասես մեջքով է զգում, թե մեքենայում չզբաղեցված 1 մմ տարածք մնացե՞լ է, թե՞ ոչ: Վերջնականապես համոզվելով, որ ուղևորները մեկ ամբողջական մարմին են, նա քշում է մեքենան երևանյան ասֆալտի և երթևեկության թելադրած կանոններին հլու-հնազանդ` դարուփոսերը շրջանցելով կամ դրանց միջով, «ոլոր-մոլոր», պարային հետագծով, կտրուկ կանգառներով և հայհոյանքներով` ուղղված իրեն կիպ կպած տաքսիստ կոլեգային: Այդ ընթացքում նա չլսելու է տալիս ուղևորների տնքոցները, «վայ-վույ»-երն ու ճիչերը, դրանք խլացնելու համար միացնում հատուկ ընտրված, միայն իր տրամադրությունը բարձրացնող երաժշտություն` ցուցաբերելով տանջողին հատուկ կայուն հոգեբանություն :
Տանջող-տանջվողները այն ուղևորներն են, որոնք ինքնակամ բարձրանում են արդեն բոլոր նստելատեղերը զբաղված երթուղային տաքսի, տեղավովում սրա-նրա կողքին, գրկին` հանդիմանելով նվաճած տարածքը զիջել չցանկացողին (ներին): Ոմանք ձեռքի տարբեր շարժումներով թախանձում են կանգնեցնել երթուղայինը նույնիսկ այն դեպքում, երբ այնտեղ անգամ կանգնելու տեղ չկա: «Գթասիրտ» վարորդը ընդառաջում է: Կանգնում է մեքենան, տանջվելու սեր ունեցող քաղաքացին բացում է դուռը և խնդրելով-աղաչելով, հրելով-հրմշտելով ոտնատեղ (հաճախ մեկ ոտքի համար) հայթայթում իր համար, մի կերպ փակում դուռը և 15-20 րոպե տառապում-տառապանք պատճառում: Եվ արդեն կարևոր չէ, որ դու երթուղային ես բարձրացել, երբ այնտեղ դեռ մի քանի ազատ նստելատեղ կար: Դու էլ բոլորի հետ կրում ես նույն տանջանքը:
Հետո երկտակված, կիսապպզած, ինչ որ մեկի քրտնած թևատակից ներողություն խնդրելով, գզգզված և շնչակտուր տեղ ես հասնում, դուրս նետվում, թոքերդ օդ լցնում, քեզ «հավաքում» ու փորձում օրվա փոհուբոհի մեջ ամեն ինչ մոռանալ, բայց ուր էլ գնաս, պետք է վերադառնաս նույն տառապանքով, դեռ մի բան էլ ավելի...
Երբ (Աստված մի արասցե) դժբախտ պատահար է տեղի ունենում, ընդամենը կես օր սթափ ենք դատում, իսկ հետո նորից մեր էշն ենք քշում: Մի բան հաստատ է, եթե ուղևորը ինքն իրեն հարգի և չնստի ուր որ է պայթող տաքսին, ապա վարորդն էլ կսկսի հարգել նրան: Հետաքրքիր է կգա յան օրը, երբ ՀՀ մայրաքաղաքում երթուղային տաքսին կվերցնի (ոչ թե կբարձի) նստելատեղերի քանակով ուղևորներ: Կանգառում մեկը կիջնի, մեկը կբարձրանա, կլսվեն ականջ շոյող”շնորհակալություն”, “խնդրեմ”, “հաջողություն” քաղցր բառերը… Սթափվում եմև հիշում պապիս ասածը.”Մինչև առուն ջուր գա…”
Վարդիկ Վարդազարյան
No comments:
Post a Comment