Showing posts with label ընտրություններ. Show all posts
Showing posts with label ընտրություններ. Show all posts

Tuesday, October 12, 2010

Ինչի՞ց է սկսվում հայրենիքը


20–րդ դարում  մնացին այն ժամանակները, երբ ասում էինք մոնոպոլիստ և պատկերացնում տզրուկների, որոնք ծծում են ժողովրդի արյունը: Այսօր այդ մոնոպոլիստները յոթ սարից, յոթ ծովից այն կողմ չեն. Նրանք մեզ հետ են, մեր մեջ, խոսում են հայերեն և անգամ հայ են, պարզապես մոնոպոլիստը դարձել է մենաշնորհատեր, իսկ մոնոպոլիան` մենաշնորհ: Եվ քանի որ արյան համատեղելիության հարց կա, նրանք գերադասում են ծծել հայի արյունը:
Երբ բարձրանում է որևէ ապրանքի գին (խոսքս շա˜տ սովորական ապրանքների մասին է, ինչպես կասեին նորահայերը` ոչ էլիտար ապրանաքտեսակների, ասենք ձեթ, ալյուր…), ժողովուրդն իր համար պարզում է, որ երկրում այդ ապրանքի մենաշնորհ կա,  այսինքն` դրա վաճառքը կենտրոնացած է մենաշնորհատիրոջ ձեռքում, այսինքն ազատ մրցակցություն, ազատ շուկայական հարաբերություններ ասվածը նախընտրական թոզեր են (գրական հայերենով` աչքակապություն), և վերը նշված անձը կուզենա` կբարձրացնի գինը, կուզենա` կթողնի նույնը (իջեցման մասին խոսք լինել չի կարող):
Հասարակ մահկանացուներս (շա˜տ հասարակ) այդ մասին տեղեկանում ենք հեռուստաեթերից երբեմն-երբեմն հնչող կցկտուր, թռուցիկ ակնարկներից: Լսել ենք, որ գոյություն ունի գնագոյացման ընթացքը վերահսկող տեսչություն (կամ նման մի բան): Այդ կոռույցի առաքելությունն է պարզելու և վերահսկելու` գների բարձրացումը օրինաչա՞փ է, թե՞ կամայական: Վերջին թանկացումների առիթով էլի պետական չինովնիկը, որ թվում էր` պետք է պաշտպանի ժողովրդի շահերը, հեռուստացույցով եռանդագին հավաստիացնում էր  (քիչ էր մնում ասեր «հորս արև»), որ վերջին թանկացումներն օրինաչափ են, բայց որպեսզի մենաշնորհատերը շատ չոգևորվի, իրենք փորձել են կարգի հրավիրել նրան և տուգանել են 100000 կամ 200000 դրամ (21-րդ դարում լսածս ամենազավեշտական զավեշտը): Դատապաշտպանի տեսք ընդունած չինովնիկը շարունակում է թվարկել այն դժվարություններն ու խոչընդոտները, որ “խեղճ” մոնոպոլիստը ստիպված է լինում հաղթահարել ապրանքը տեղ հասցնելու համար: Գիտեք հե՞շտ է, ինչ որ տեղ նավթն է թանկացել, մի ուրիշ տեղ հեղափոխություն է, մի այլ տեղ տեռորիստները ինքնաթիռ են գրավել…Ամերիկայում փոթորիկներ են, Եվրոպայում չնախատեսված ձյուն է տեղացել: Հարգելի ժողովուրդ , դիմացեք, 10, 20, 30,35 դրամը ի՞նչ է, որ շուխուր եք դրել, մի մոռացեք, որ թոշակներն ու նպաստները հազարներով են բարձրացել…
Մեկ-մեկ մտածում եմ, ավելի լավ չէր լինի, եթե մեր երկրում մշտական ընտրություններ լինեին: Ճիշտ է, ուղեղներս կոշտուկները կավելանային, բայց մոնոպոլիստների սանձերը քաշած կպահեին (պարզվում է դա հնարավոր է, բայց միայն ընրություններից առաջ):
Մի երգ կար. «Ինչի՞ց է սկսվում հայրենիքը»: Ռոմանտիկ երգ էր, որտեղ հայրենիքը սկսվում էր ծառից, բակից, մայրիկի ժպիտից: Այսօր կարելի է ասել, որ հայրենիքը սկսվում է գրպանից, աղքատների համար` դատարկ գրպանից, հարուստների համար ` լիքը գրպանից: Իսկ տվյալ դեպքում կարելի է ասել` հայրենիքը սկսվում է մոնոպոլիստի ծակ աչքից և լայն գրպանից, որտեղ նա շատ հանգիստ կարող է տեղավորել այս հայրենիք կոչեցիալը:

                                                                                                   Վարդիկ Վարդազարյան

Thursday, July 29, 2010

Պե՞տք են հայերին ընտրությունները


Այո, և հազար անգամ` այո: Ով կփորձի ինձ հակաճառել, թող լայն բացի աչքերն ու շուրջը նայի:

Եթե թաղապետների ընտրություններին այս կամ այն փողոցն էին կարկատում /թեպետ դա էլ բան է/ և մանր մունր հարցեր լուծվում, այսօր, երբ մոտենում է քաղաքապետի ընտրությունները այնպիսի արտասովոր գործեր են կատարվել ու կատարվում,  օրինակ տասնամյակների ստաժ ունեցող փոսեր են փակվել, այնպիսիք, որ առանց դրանց ուղղակի հնարավոր չէր պատկերացնել ու հիշել այդ փողոցը կամ նրբանցքը, այդ փոսերը ասես ընդհանուր ձևավորման մի մասն էին կազմում: Հիմա անցնում ես քո հարազատ փողոցով և այն պահին, երբ պետք է ողջ մարմնով` մեքենայի հետ միասին թըլմփ ընկնես փոսը, մի լավ ցնցվես, դա չի կատարվում: Ամեն վատ բան արագ մոռացվում է, հիմա չեմ ել հիշում, որ կար այդ հռչակավոր փոսը:

Կամ թեկուզ բակերը: Ով էր տեսել, որ երևացող, ցուցադրական գործը փողոցներից  տեղափոխվեր բակեր: Բակերից այնպիսի աղբեր են դուրս եկել, այնպիսի կրիսային դինաստիաներ են ոչնչացել, որ հավատդ չի գալիս, ոչ թե որ աղբը անհետացել է, այլ որ հնարավոր է ապրել առանց կրծողների հարևանության:

Թե ինչ քաղաքական խաղեր են թաքնված այս գործի ետևում, թե ում մտքին ինչ կա, դա անձամբ ինձ չի հետաքրքրում: Թող դրանով զբաղվեն աջերն ու ձախերը, դեմերն ու անդեմները: Թե մինչև հիմա որտեղ էին այդ հավաքարարներն ու աղբահանները, որտեղից են հայթայթվում այդ գումարները, որտեղից է գալիս այդ էնտուզիազմը, իմ պետքն էլ չէ:

Ինձ  հետաքրքրում է այն, որ երեխաները կարող են խաղալ բակում, մեքենան առանց աջ ու ձախ լխկալու կարող է մտնել ավտոտնակ: Պարզ, ամենօրյա , բայց շատ կարևոր հարցեր, որոնց այնպես էինք սովորել, որ մտածում էինք, որ այդպես էլ պետք է լինի: Հանգիստ դիմանում էինք, երբ վերևի հարկից աղբի տոպրակը ուղիղ նետվում էր բակի մեջտեղում հավաքված աղբակույտի վրա, երբ աշակերտը դպրոց էր մտնում աղբակույտը շրջանցելով:

Այնքան շատ է գրվել աղբի մասին, որ թվում է այլևս ոչինչ չկա ավելացնելու, բայց հենց գրիչը վերցնում ես ձեռքդ, ասես մուսադ բացվում է, որովհետև աղբը դարձել է մեր կենցաղի մի մասը, այն, ինչ ամեն օր տեսնում է մեր աչքը, իսկ աղբահանությունը մի պրոբլեմ է, որին կարող է հպարտությամբ անդրադառնալ  ընտրություններից առաջ ընտրաթեկնածուն: Թող ուրիշ պետություններում  մարդու իրավունքներից խոսեն, ազատությունից, անկախությունից, մենք հանգիստ յոլա կգնանք մեր աղբով ու փոսերով:

Հաստատ ինձ կմեղադրեն քաղաքական պասսիվության մեջ, մի երկուսը կասեն ինչքան հեշտ է մարդու աչքին թոզ փչելը, դա էլ գիտեմ, բայց մի մոռացեք, որ այս դեպքում սովորական թոզի մասին չէ խոսքը, այլ մորուքավոր աղբակույտերի, աղբաբլրակների, փոսերի, ճահիճների, կրծողների, վարակիչ հիվանդությունների մասին:

Իմ խորին համոզմամբ մեզ ընտրությունները շատ են պետք, իսկ եթե վերընտրություններ լինեն,մի քանի փուլեր. ավելի լավ: Դրանից միայն հասարակ քաղաքացին կշահի, առանց խորանալու տեքստերի և ենթատեքստերի մեջ:

Իսկ նրանք ում այս անգամ չհասավ ընտրությունների երկար ձեռքը, թող հույսով ու հավատով սպասեն մյուս ընտրություններին:

                                        

Վարդիկ Վարդազարյան


Search This Blog