Thursday, July 29, 2010

Պե՞տք են հայերին ընտրությունները


Այո, և հազար անգամ` այո: Ով կփորձի ինձ հակաճառել, թող լայն բացի աչքերն ու շուրջը նայի:

Եթե թաղապետների ընտրություններին այս կամ այն փողոցն էին կարկատում /թեպետ դա էլ բան է/ և մանր մունր հարցեր լուծվում, այսօր, երբ մոտենում է քաղաքապետի ընտրությունները այնպիսի արտասովոր գործեր են կատարվել ու կատարվումօրինակ տասնամյակների ստաժ ունեցող փոսեր են փակվել, այնպիսիք, որ առանց դրանց ուղղակի հնարավոր չէր պատկերացնել ու հիշել այդ փողոցը կամ նրբանցքը, այդ փոսերը ասես ընդհանուր ձևավորման մի մասն էին կազմում: Հիմա անցնում ես քո հարազատ փողոցով և այն պահին, երբ պետք է ողջ մարմնով` մեքենայի հետ միասին թըլմփ ընկնես փոսը, մի լավ ցնցվես, դա չի կատարվում: Ամեն վատ բան արագ մոռացվում է, հիմա չեմ ել հիշում, որ կար այդ հռչակավոր փոսը:

Կամ թեկուզ բակերը: Ով էր տեսել, որ երևացող, ցուցադրական գործը փողոցներից  տեղափոխվեր բակեր: Բակերից այնպիսի աղբեր են դուրս եկել, այնպիսի կրիսային դինաստիաներ են ոչնչացել, որ հավատդ չի գալիս, ոչ թե որ աղբը անհետացել է, այլ որ հնարավոր է ապրել առանց կրծողների հարևանության:

Թե ինչ քաղաքական խաղեր են թաքնված այս գործի ետևում, թե ում մտքին ինչ կա, դա անձամբ ինձ չի հետաքրքրում: Թող դրանով զբաղվեն աջերն ու ձախերը, դեմերն ու անդեմները: Թե մինչև հիմա որտեղ էին այդ հավաքարարներն ու աղբահանները, որտեղից են հայթայթվում այդ գումարները, որտեղից է գալիս այդ էնտուզիազմը, իմ պետքն էլ չէ:

Ինձ  հետաքրքրում է այն, որ երեխաները կարող են խաղալ բակում, մեքենան առանց աջ ու ձախ լխկալու կարող է մտնել ավտոտնակ: Պարզ, ամենօրյա , բայց շատ կարևոր հարցեր, որոնց այնպես էինք սովորել, որ մտածում էինք, որ այդպես էլ պետք է լինի: Հանգիստ դիմանում էինք, երբ վերևի հարկից աղբի տոպրակը ուղիղ նետվում էր բակի մեջտեղում հավաքված աղբակույտի վրա, երբ աշակերտը դպրոց էր մտնում աղբակույտը շրջանցելով:

Այնքան շատ է գրվել աղբի մասին, որ թվում է այլևս ոչինչ չկա ավելացնելու, բայց հենց գրիչը վերցնում ես ձեռքդ, ասես մուսադ բացվում է, որովհետև աղբը դարձել է մեր կենցաղի մի մասը, այն, ինչ ամեն օր տեսնում է մեր աչքը, իսկ աղբահանությունը մի պրոբլեմ է, որին կարող է հպարտությամբ անդրադառնալ  ընտրություններից առաջ ընտրաթեկնածուն: Թող ուրիշ պետություններում  մարդու իրավունքներից խոսեն, ազատությունից, անկախությունից, մենք հանգիստ յոլա կգնանք մեր աղբով ու փոսերով:

Հաստատ ինձ կմեղադրեն քաղաքական պասսիվության մեջ, մի երկուսը կասեն ինչքան հեշտ է մարդու աչքին թոզ փչելը, դա էլ գիտեմ, բայց մի մոռացեք, որ այս դեպքում սովորական թոզի մասին չէ խոսքը, այլ մորուքավոր աղբակույտերի, աղբաբլրակների, փոսերի, ճահիճների, կրծողների, վարակիչ հիվանդությունների մասին:

Իմ խորին համոզմամբ մեզ ընտրությունները շատ են պետք, իսկ եթե վերընտրություններ լինեն,մի քանի փուլեր. ավելի լավ: Դրանից միայն հասարակ քաղաքացին կշահի, առանց խորանալու տեքստերի և ենթատեքստերի մեջ:

Իսկ նրանք ում այս անգամ չհասավ ընտրությունների երկար ձեռքը, թող հույսով ու հավատով սպասեն մյուս ընտրություններին:

                                        

Վարդիկ Վարդազարյան


No comments:

Post a Comment

Search This Blog