Հանրապետությունում աղանդների պակասություն չի զգացվում: Տարբեր օրերի հրաշագործությունների ու այլ իրադարձությունների ականատեսներն ու վկաները իրենց շարքերը համալրելու համար ջանք ու եռանդ չեն խնայում, էլ չեմ ասում գործելաոճի բազմազանության մասին: Կարծում եմ` ժամանակն է ստեղծել «Իսկ դու պատրա՞ստ ես դիմակայել վկաներին» մի կարգախոս եւ կախել ՁԻԱՀ-ից զգուշանալու կամ նիկոտինի վնասակար ազդեցությունների մասին իրազեկող կարգախոսների կողքին:
Եթե դուք ձեր հոգու խորխորատներում հաստատ որոշել եք «վկա» չդառնալ «չվկայել», ապա պետք է զինված լինեք դրանից խուսափելու գեթ ամենատարրական իմացություններով: Միայն օգտակար լինելու ազնիվ մղումով եւ սեփական փորձից ելնելով` կփորձեմ «վկաներին» դիմակայելու մոտավոր սխեմա ներկայացնել ձեզ:
1 Եթե փողոցում նկատում եք ժպտադեմ ձեզ մոտեցող երկու կամ երեք (հիմնականում երկու) թեւանցուկ կանանց, ապա արագ կողմնորոշվեք «Նրանք անծանոթ են, ուրեմն ինչո±ւ են ժպտում” հարցադրումով եւ փոխեք ճանապարհը կամ մտեք մոտակա խանութը: Եթե, այնուամենայնիվ, չհաջողվի արագ կողմնորոշվել, եւ նրանք ձեզ բռնացնեն, պատրաստ եղեք կարճ ու կտրուկ պատասխանել նրանց խաչաձեւ հարցերին, այլապես, եթե ոտներդ կախ գցեք, երկու-երեք րոպե անց նրանց հետ թեւանցուկ դուք էլ կգնաք ձեզ համար անհայտ ուղղությամբ եւ, սեփական կամքից անկախ, կսկսեք «վկայել»:
2 Եթե փողոցում դարձյալ հանդիպեք կանանց` ձեզ արդեն ծանոթ երանելի ժպիտը դեմքներին, ովքեր մոտենալով հարցնում են, թե ուզո՞ւմ եք, արդյոք, լսել Աստծու խոսքը, եւ ձեզ են մեկնում գունավոր գրքույկները, վերցրեք ու արագ հեռացեք: Եթե հապաղեք, 1-ին կետի վերջում նկարագրված օյինը կգա ձեր գլխին:
3 Եթե օրը ցերեկով ծեծում են ձեր բնակարանի դուռը կամ զանգը տալիս, մի° վազեք դուռը բացելու: Կամաց մոտեցեք, նայեք դիտանցքով: Եթե անծանոթ կանայք են, մանկական ձայնով ասեք, թե տանը մենակ եք եւ դուռը բացել չեք կարող: Իսկ եթե, այնուամենայնիվ, դուռը ափալ-թափալ բացել եք, եւ այդ կանայք «սահուն ու աննկատ» հայտնվել են ձեր ճաշասենյակում, խաչաձեւ հարցեր ու Աստծու հետ շփման եզրեր գտնելու խորհուրդներ են տալիս ձեզ, մի° շտապեք սուրճ կամ թեյ առաջարկել նրանց: Աշխատեք արագ ճանապարհել նրանց, թե չէ այցելությունները կդառնան պարբերական, եւ մի գեղեցիկ օր նույն նկատառումներով արդեն ինքներդ կծեծեք ուրիշների դռները:
4 Եթե անծանոթ մեկը զանգահարել, քաղցր ձայնով հարցնում է, թե կարդացե՞լ եք, արդյոք, Աստվածաշունչը, ուրեմն պատրաստ եղեք դիմակայել նաեւ այս դեպքում: Եթե դիմակայելու փորձ չունեք, ապա հեռախոսափողը տվեք ընտանիքի առավել փորձառու անդամին կամ էլ անմիջապես կախեք լսափողը:
5 Եթե վերը նշված արտաքինով կանանց հետ հանդիպումը կայանում է երթուղային տաքսում կամ ավտոբուսում, ապա խուսանավելու ամենահարմար տարբերակը քնած ձեւանալն է: Փակում ես աչքերդ, եւ զրուցակիցդ ճարահատյալ ձեռք է քաշում, իհարկե, արթնացնելու համառ փորձերից հետո:
Իսկ եթե օրեր շարունակ քայլում եք Երեւանի փողոցներում ու ձեզ ոչ ոք չի մոտենում կամ ամենաանպատեհ ժամին չեն թակում ձեր դուռն ու հարցուփորձ անում աշխարհի վախճանի մասին, այնուամենայնիվ, մի շտապեք վկայել, թե Երեւանում վկաներն անհետացել են: Գուցե պարզապես փոխել են մարտավարությո՞ւնը:
Վարդիկ Վարդազարյան
No comments:
Post a Comment