Thursday, July 29, 2010

ՄԵԿ ԷԼ ՏԵՍԱՐ ԱՅԴ ՕՐԸ ԵԿԱՎ


Ցանկացած անծանոթ տիրույթ մտնելուց առաջ հարկավոր է մի լավ ուսումնասիրել դաշտը: Սա այն սոցիալ-կենցաղա-բիզնեսային նախավերջին միտքն էր /ոչ վերջինը/, որ ծագեց,երբ որոշեցի բախտս փորձել սերիալի համար սցենար գրելու մեջ. դաշտը համեմատաբար նոր է բացահայտված, և կարելի է ասել կիսախոպան վիճակում է գտնվում: Ուզում եմ ասել, քանի դեռ տարածքը  ամբողջովին սեփականաշնորհված չէ, ուսումնասիրությունների և եզրահանգումների լայն հնարավորություններ է ընձեռնում: Ինչի՞ց սկսեցի և ու՞ր հասա:
Նախ  ուշադրությունս սևեռեցի այսօրվա հայկական սերիալների սյուժեների, այսինքն    բովանդակության վրա, բայց այդ խառնախճողակի մեջ ձախողման ենթարկվեցի, որովհետև ոչ մի տրամաբանական հետևության այդպես էլ  ինձ չհաջողվեց հանգել: Պարզապես,մի քանի արդեն վաղուց ձգձգվող, վերջը չերևացող սերյալից հետո, նորից ինքս ինձ համար վերահաստատեցի  այն հանճարեղ միտքը, որ հիմարությունը սահման չունի: Ձեռք քաշելով սերիալների բովանդակության քննազննողական մտադրություններիցս, ուշադրությունս սևեռեցի դերասանական խաղի վրա, և գիտե՞քամենածիծաղելին այն էր, որ ես պարզապես սկսեցի հետևել, թե այդ օրը ով էր իր խոսքերը լավ սովորել /դերակատարման մասին եկեք ընդհանրապես չխոսենք/, իսկ ով էր ուզում սերիալասերի աչքին թոզ փչել: Իսկ գոռգոռոցներն ու հիստերիաները պարզապես բառերը մոռանալու մասին են վկայում:
            Ուսումնասիրեցի նաև այն տարածքները և բնակարանները որտեղ կատարվում են նկարահանումները: Էլիտար բնակարաններում և թաղամասերում կատարված նկարահանումների մասին չեմ գրի, դե բան էլ չկա գրելու. թանկարժեք կահույք, եվրոնորոգած բնակարան, թանկարժեք ավտոմեքենաներՊատկերը լրիվ ուրիշ է, երբ փոքր լիմիտով սերիալներում հաճախակի ցուցադրվում են բազմահարկ շենքերի «պադեզդ»-ները: Շատերիս համար «հարազատ» միջավայրում ենք անմիջապես հայտնվում. ծեփը թափած, կիսով չափ մուգ կանաչ ներկված պատեր, «պադեզդ»-ի ամենագեղեցիկ աղջկա անունը վրեն քաշած, ինչը ապացուցում է, որ մեր սոց անցիալը դեռ մեզ հետ է: Իսկ եթե դեպքերը կատարվում են փողոցում, աղբամաններով, տոպրակներով ու շշերով պեյզաժները անխուսափելի են: Բան չունեմ ասելու, գուցե մարդիկ ուզում են բնական ու անմիջական երևալ, իսկ, այ, չուզողների մոտ այն պրիմիտիվիզմի և նատուրալիզմի սաղմաբջիջ են հիշեցնում:
            Ի՞նչ եզրահանգումներ արեցի, մոտովորապես, իհարկե, Իմ սերիալում սաունայի, լողափի և նամանավանդ էրոտիկ տեսարաններ չեն լինելու, քանի որ նպատակս ցմփոր ու մազմզոտ ֆիզանոմիաներ ցուցադրելով մարդկանց կոշմարների մեջ գցելը չէ, չեն լինելու հարբած մարդիկ` իրենց հետևանքներով, մարդագողություն և կրիմինալ: Իսկ գուցե, ի սկզբանե, սերիալների նպատակը  մեզ շրջապատող կյանքը բառացիորեն վերարտադրելն է: Այդ դեպքում մենք հաստատ կհայտնվենք սերիալային մազոխիզմի ամենավերի սանդղակում: Դա էլ ձեռք բերում է, բայց եթե այդպես է` ես հրաժարվում եմ իմ ստեղծագործական նկրտումներից: Իսկ եթե այդպես չէ՞, և ուղղակի առողջ մրցակցության պակաս կա՞: Ինչպես ասում են յոլա են գնում ձեռքի տակ եղած «մատերիալով», առանց ընտրության, մի քանիսի կասկածելի ճաշակով ու մտահղացմամբ:
            Ինչ իմանաս, գուցե մի ինչ որ հեռուստաալիքի խելքին փչի սերիալների սցենարների մրցույթ հայտարարել: Այ, այն ժամանակ ես էլ, դուք էլ կփորձենք մեր ուժերը, թե չէ կողքից քննադատելը հեշտ է:
            Մեծ աշխարհ է և ամեն ինչ հնարավոր է այս մեծ աշխարհում:

                                                                       Վարդիկ Վարդազարյան

No comments:

Post a Comment

Search This Blog