Showing posts with label զրույց. Show all posts
Showing posts with label զրույց. Show all posts

Wednesday, May 9, 2012

Շնորհավոր տոնդ


Սուլթան պապ 
Կիսաշրջան պտույտ կատարելով մեքենան մտնում է Հարթաշենի տարածքը: Սիրտս ծառս է լինում իմ դեմ բացված պատկերից: Գարնան վերջն է: Կապույտ պուտ-պուտ նախշերով, կարմիր խալերով կանաչ արտեր, Կողք-կողքի, մեջք-մեջքի, ուս-ուսի հենված սարեր: Մի քանի սար այս կողմ հորիզոնի սարաձև գիծը, շատ որոշակի իրարից անջատում է կապույտ երկինքը կապույտ լեռներից: Խենթանալու բան է, բայց ես չեմ խենթանում, քանի որ այդ պատկերը ինձ ուղեկցում է դեռ մանկությունից, ալ կակաչներով, կապույտ զանգակածաղիկներով կանաչ արտեր: Հիսուն-վաթսունամյա ծառուղին ինձ շատ հարազատ է, որովհետև ճամփեզրի ծառերը իմ ծնողները ու նրա հասակակիցներն են տնկել (մայրս է պատմել): Վարորդին խնդրում եմ դանդաղ վարել մեքենան և  հայացքով շոյում եմ յուրաքանչյուր ծառ: Ծերացել են ծառերը, բայց հզոր են, դեռ երկար կապրեն:
Մեքենան հաղթահարում է քիչ թեք վերելքը և  մինչև գյուղ հասնելը մեզ դիմավորում Է (արդեն որերորդ անգամ) երկրորդ աշխարհամարտում զոհված համագյուղացիների հիշատակին կառուցված հուշարձանը: Քանի հուշարձաններ, հուշաղբյուրներ են կառուցվել անհիշատակ, անգերեզման ընկած զինվորների համար, շքեղ ու համեստ, մեծ ու փոքր, դա կարևոր չէ: Այդ հարյուրավոր կամ հազարավոր հուշարձանների մեջ ինձ համար հարազատ է հենց այս մեկը, որն ամեն անգամ առաջինն է ինձ դիմավորում գյուղ տանող ճանապարհի ձախ կողմում` բլրակին կւսնգնած: Հայրենի ընդերքից հանված, հուշարձան դարձած քարին, փորագրված են հեռու, անծայրածիր երկրի ինչ որ անհայտ ու անծանոթ վայրերում զոհված հայ երիտասարդների անուններ: Քարերի երկիր Հայաստանի զավակները ինչ որ տեղ առանց տապանաքարի... Քանի-քանի անգամ եմ փորձել պատկերացնել, թե որտեղ է թաղված իմ պապը, ինչ ծաղիկներ են աճում նրա գերեզմանին: Փորագրված անունների շարքերում արագ գտնում եմ պապիս անուն ազգանունը. Հայրապետյան Սուլթան Վարազդատի, ծնված 1902 թվին, մահացած 1943թ.: Թող ներեն ինձ բոլոր նրանք, ում հարազատների անունները գրված են հուշաքարի վրա, որ ես այսօր ուզում եմ իմ Սուլթան պապի մասին գրել: Գիտեմ, հուշարձանը հավաքական կերպար է ստեղծում: Դրանք քարացած զինվորներ են` նույն դեմքով, նույն կերպ... բայց այսօր առանձնացնում եմ պապիս անունը, որովհետև բացի զինվոր լինելուց, նա նաև  պապս է եղել:
Ընդամենը 41 տարեկան էր Սուլթանը, երբ մահվան թուղթ եկավ: Ես վաղուց տարիքով անցել եմ նրանից: Մինչև  40-ամյակս նրան Սուլթան պապ էի ասում, երբ հավասարվեցի նրան, Սուլթան տղա եմ ասում:
Սուլթան տղա, դարասկզբին`2002 թվին, տոնեցինք 100 ամյակդ:
Շատվոր էինք` զավակներդ, թոռներդ, ծոռներդ, համագյուղացիներդ: Վաթսուն տարի է դու չկաս, բայց քո մասին պատմում են, հիշում: Արխիվներում դեռ պահպւսնվում են քո ձեռագրով գրված փաստաթղթերը: Թոռներիդ ու ծոռներիդ մեջ քո նմանությունն են գտնում, ընդ որում միայն լավագույն հատկանիշներով: Ոսկի տատը ընդամենը երկու տարի չապրեց, որ 100-ամյակիդ նվիրված խնջույքին մասնակցի: Պատմում էին, որ շատ ուժեղ ես եղել, որ ուժով գյուղում ոչ ոք չի գերազանցել քեզ և երեխա ժամանակ ես չէի հավատում, որ ինչ որ մի ֆրից հաղթել է քեզ, միամիտ, մանկան երևակայություն... Հավանաբար քո հզոր բազուկը խաղաղ աշխատանքի համար էր կամ մի պահ կտրվել ես իրականությունից, երկնագույն աչքերդ փակել և  մտքով տուն հասել, վտանգը մոռացած: «Տեսնես ի՜նչ անտեր գյուլա կպավ քեզ»: Այս հարցը  տարիներ  շարունակ  տանջել է  տատիս, որը երկար տարներ  հույսը չի կորցրել,  որ մի օր կհայտնվես, բայց հեքիաթի  հրաշքը տեղի չի ունեցել և  դու չես  վերադարձել:  Ոսկի տատը, որ մի քանի տարի հետո իր 100-ամյակը աիտի բոլորեր, քեզ միշտ երիտասարդ էր հիշում և երիտասարդ սպասում:
Այս տարի աշխարհը տոնում է երկրորդ համաշխարհայինի ավարտի 60-ամյակը: Դա քո տոնն է:  Երբ դպրոցական էի,  ինչ որ տեղ թաքուն հպարտությամբ  ես էլ էի ասում, որ պապս զոհվել է պատերազմում, որ կյանքը տվել է հայրենիքի փրկության համար: Երիտասարդ ւոարիներին նախանձով էի նայում նրանց ում պապերն ու հայրերը վերադարձել են շքանշաններով և մեդալներով, իսկ հասուն տարիքում, ես պարզապես դառն ափսոսանք էի զգում և նզովում, որ պատերազմ է եղել, որին մասնակցել է իմ պապը և զոհվել, իր հինգ զավակներին թողել անհայր, իսկ մեզ` անպապ: Ահա այսպես:
Սուլթան պապ, վաղուց տարիքով քեզնից անցել եմ, բայց հոգուս ու սրտիս խորքում միշտ փայփայել եմ ու պիտի փայփայեմ քո կերպարը, որ ստեղծել եմ նայելով նկարներիդ, զրույցներից և Ոսկի տատիս առ քեզ տածած անսահման սիրուց:
Քո բոլոր զավակների անունից տոնդ շնորհավոր, զինվոր Սուլթան:
Քո թոռ` Կոլյայի աղջիկ Վարդիկ Վարդազարյան

                                                                                   2005թ. մայիսի 9,   "Զանգեզուր" թերթ                        

Friday, August 13, 2010

Տատիկի խորհուրդներ


       Ողջույն, իմ փոքրիկ բարեկամ: Գիտեմ, հիմա կարդում ես. “Տատիկի խորհուրդներ” և բարձրաձայն, կամ մտքումդ ասում. “Պահո˜, սեփական տատիկի խորհուրդները քիչ էին, հիմա էլ մի օտար տատիկ է ինձ խորհուրդներ տալիս”:
Ես քեզ շատ լավ եմ հասկանում և գիտե՞ս ինչու, որովհետև, երբ փոքր էի, ես էլ չէի սիրում, երբ ինձ ասում էին սա չի կարելի, սա կարելի է, սա լավ է, իսկ սա վատ, և նման բաներ: Շտապում եմ քեզ հանգստացնել, բարեկամս, Ես այնքան էլ տրամադրված չեմ լուրջ-լուրջ խորհուրդներ տալու, պարզապես ուզում եմ զրուցել քեզ հետ: Իսկ եթե դու գտնես, որ խելքին մոտիկ բաներ եմ ասում, ուրեմն, ինչու չէ, կարելի է և որպես խորհուրդներ ընդունել ասածներս:
Անձամբ ինձ համար այս զրույցը անչափ հետաքրքիր է, թեկուզ այն պատճառով, որ ես պատկերացում չունեմ, թե այս պահին դու որտեղ ես, անձամբ ես կարդում այս տողերը, թե մայրիկդ է ընթերցում քեզ համար: Ինչևէ, ամեն դեպքում, սրտանց ուզում եմ, որ մեր զրույցը ստացվի, այնպես ինչպես ես հաճախ զրուցում եմ թոռնիկներիս` Ռուբենի, Սոֆիի, Միքայելի և Մանեի հետ: Ես նրանց համար հեքիաթներ եմ կարդում, հաճախ էլ ինքս եմ հորինում ու պատմում: Նրանք ինձ չեն խնայում և հարցակող են անում, բայց ասեմ, որ դեռևս չի եղել դեպք, որ չկարողանամ պատասխանել նրանց զանազան, զարմանազան ու բազմազան հարցերին: Եվ գիտե՞ք, թե ինչն է օգնում ինձ դուրս գալու հարցերի տեղատարափի տակից, այն. որ ես դպրոցում լավ եմ սովորել և շատ-շատ գրքեր եմ կարդացել:
Ըհը, եկանք հասանք գրքերին: Գիտեմ, շատ երեխաներ ինձ հետ չեն համաձայնի, որ գիրք կարդալը ամենահրաշալի ժամանցներից մեկն է, բայց դու` իմ փոքրիկ բարեկամ, դու հո այդպես չես մտածում: Հապա հիշիր կարդացած գրքերդ և ծալիր մատներդ. մեկ, երկու… Ընդամենը` երկո՞ւ:  Քիչ է, ես կասեի համարյա բան չես կարդացել, ընդամենը երկու կաթիլ մեծ ծովի մեջ: Իսկ այնքան հրաշալի գրքեր կան, որ քո փոքրիկ ձեռքերին են սպասում, որ բացես իրեն, թերթես, վերջում շոյես ու ափսոսանքով մտածես, որ այդքան արագ ընթերցեցիր:
Գիտե՞ս, երբ մտածում էի մեր այս զրույցի մասին, նորից տնտղեցի իմ անձնական գրադարանը, նորից բացեցի ու թերթեցի վաղուց, շատ վաղուց` մանկության ու պատանեկության տարիներին կարդացածս գրքերը և գիտես ինչ զգացի` ափսոսանք: Ափսոսանք, որ դու չես կարդացել այդ գրքերը, որպեսզի մենք  զրուցեինք արդեն մեզ ծանոթ հերոսների ու նրանց արկածներ մասին: Այ, օրինակ, հիմա իմ ձեռքին է Վաղթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» արկածային վեպը… Պատկերացնու՞մ ես, այն լույս է տեսել ճիշտ իմ ծննդյան թվին` 1953-ին, այսինքն 55 տարի առաջ: Ես բացում եմ այդ գիրքը, որ հավանաբար քառասուն տարի առաջ եմ կարդացել, մի մտադրությամբ, հերոսների անունները վերհիշելու համար, և… և նորից մինչև վերջ կարդում իմ  մանկության լավագույն գրքերից մեկը:
Եթե քեզ հաջողվի ձեռք բերել ու կարդալ այդ գիրքը /իսկ դու անպայման փորձիր/, հավանաբար շատ կզարմանաս գրքի հերոսների` Աշոտի,  Շուշիկի, Գագիկի, քուրդ Հասոյի և Սարգիսի զրույցների, մտածելակերպի, հագուկապի վրա: Չէ որ նրանք ուրիշ` սոցիալիստական հասարակարգում են ապրել, նրանք պիոներներ էին, ինչը քեզ համար միանգամայն անծանոթ աշխարհ է, բայց հավատա, այդ միանգամայն անծանոթ աշխարհում նորից ու նորից, առաջին հայացքից այնքան պարզ, բայց և այնքան բարդ ընկերական փոխհարաբերություններն են, որոնք ավելի են սրվում և արտահայտիչ դառնում ծայրահեղ դժվար իրավիճակներում:
Մի տեսակ դասի նման ստացվեց, իսկ հիմա ամառային արձակուրդներ են; Համաձայն եմ:  Ընթերցում էի գիրքը ու մտածում, ափսոս, շատ ափսոս, որ կինոռեժիսյոր չեմ, անպայման կնկարահանեյի այն, չնայած գիտեմ, որ նկարահանած ֆիլմ կա: Իմը ուրիշ կլիներ` ժամանակակից մեթոդներով, տրյուկներով: Հաստատ լավ բան կստացվեր: Երբ կարդաս գիրքը մտածիր այդ մասին: Դե, էլ չեմ ասում, թե ինչքան գաղտնիքներ կբացի քեզ համար Վաղթանգ Անանյանը, որը Հայաստանի բնաշխարհի մեծ գիտակ ու սիրահար էր:
Այ, գրելով զրուցում եմ քեզ հետ և փորձում պատկերացնել քո ռեակցիան: Գիտես, դժվար է զրուցել մի թոռնիկի հետ, որին չես ճանաչում: Քեզ համար էլ է դժվար, որովհետև դու էլ ինձ չես ճանաչում, թեպետ որոշ տվյալներ ինձ մասին ես հաղորդեցի արդեն: Գուցե դու մտածես այսպես. «Էհ, ծեր տատիկ է / չնայած ես ինձ ջահել տատիկ եմ համարում/, ժամանակակից կյանքից բան չի հասկանում, դրա համար էլ գրքից է խոսում: Այ, այստեղ ես քեզ հետ բացարձակապես համաձայն չեմ: Ասեմ ինչու: Նախ, ես կյանքից ետ չեմ մնում, որովհետև շատ հետաքրքրասեր եմ, համակարգչային խաղեր եմ խաղում, «բայեվիկ» և «սարսափ» ֆիլմեր եմ նայում, ֆուտբոլ եմ նայում, բայց… հավատա ինձ, բարեկամս, գիրքն ուրիշ է:
Լավ գիրքը դառնում է քո կյանքի ընկերը: Կան գրքեր, որ տասնյակ անգամներ ես կարդում, և այդպիսի մարդիկ շատ են, որ կարդում ու վերընթերցում են իրենց սիրելի գրքերը: Ասենք այսպես, լինում է չէ՞, որ դու կարոտում ես քո ընկերներին, այդպես էլ կկարոտես այն գրքերը, որ կարդաս ու սիրես դրանք:
Հետո, անպայման ձգտիր ձեռք բերել այն գրքերը, որ քեզ դուր են գալիս: Կամաց-կամաց ստեղծիր քո գրադարանը: Եվ, մի օր էլ, երբ կհասնեն իմ տարիքին, քո ընկեր գրքերը քո կողքին կլինեն: Համոզվեցի՞ր, որ ոչ մի անգամ չասացի քեզ. «Խորհուրդ եմ տալիս»: Ես իմ խոստումի տերը մնացի:
Առաջին հանդիպման համար այսքանը: Ցը:           

                                                                                                                Վարդիկ տատիկ

Search This Blog