Showing posts with label երթուղային տաքսի. Show all posts
Showing posts with label երթուղային տաքսի. Show all posts

Thursday, July 29, 2010

Երթուղային տանջողներն ու տանջվողները


Որ մենք ծով համբերություն ունենք, հարմարվող ենք, շուտ բռնկվող և շուտ մարող, մեծ կարգազանցներ ենք, օրենքը շրջանցող` շատ ավելի ցայտուն երևում է հասարակական տրանսպորտում: Երևանում կարելի է միջազգային սիմպոզիում կազմակերպել « Մարդու հնարավորությունների և համբերության սահմանը» թեմայով` որպես ակնառու օրինակ ունենալով երթուղային տաքսիներով երթևեկողներին: Նրանց կարելի է դասակարգել երկու խմբի` տանջողների և տանջվողների: Գլխավոր տանջողը վարորդն է, որի կարգախոսն է «Ինչքան շատ ուղևոր, այնքան լավ»: Նա ասես մեջքով է զգում, թե մեքենայում չզբաղեցված 1 մմ  տարածք մնացե՞լ է, թե՞ ոչ: Վերջնականապես համոզվելով, որ ուղևորները մեկ ամբողջական մարմին են, նա քշում է մեքենան երևանյան ասֆալտի և երթևեկության թելադրած կանոններին հլու-հնազանդ` դարուփոսերը շրջանցելով կամ դրանց միջով, «ոլոր-մոլոր», պարային հետագծով, կտրուկ կանգառներով և հայհոյանքներով` ուղղված իրեն կիպ կպած տաքսիստ կոլեգային: Այդ ընթացքում նա չլսելու է տալիս ուղևորների տնքոցները, «վայ-վույ»-երն ու ճիչերը, դրանք խլացնելու համար միացնում հատուկ ընտրված, միայն իր տրամադրությունը բարձրացնող երաժշտություն` ցուցաբերելով տանջողին հատուկ կայուն հոգեբանություն :

Տանջող-տանջվողները այն ուղևորներն են, որոնք ինքնակամ բարձրանում են արդեն բոլոր նստելատեղերը զբաղված երթուղային տաքսի, տեղավովում սրա-նրա կողքին, գրկին` հանդիմանելով նվաճած տարածքը զիջել չցանկացողին (ներին): Ոմանք ձեռքի տարբեր շարժումներով թախանձում են կանգնեցնել երթուղայինը նույնիսկ այն դեպքում, երբ այնտեղ անգամ կանգնելու տեղ չկա: «Գթասիրտ» վարորդը ընդառաջում է: Կանգնում է մեքենան, տանջվելու սեր ունեցող քաղաքացին բացում է դուռը և խնդրելով-աղաչելով, հրելով-հրմշտելով ոտնատեղ (հաճախ մեկ ոտքի համար) հայթայթում իր համար, մի կերպ փակում դուռը և 15-20 րոպե տառապում-տառապանք պատճառում: Եվ արդեն կարևոր չէ, որ դու երթուղային ես բարձրացել, երբ այնտեղ դեռ մի քանի ազատ նստելատեղ կար: Դու էլ բոլորի հետ կրում ես նույն տանջանքը:

Հետո երկտակված, կիսապպզած, ինչ որ մեկի քրտնած թևատակից ներողություն խնդրելով, գզգզված և շնչակտուր տեղ ես հասնում, դուրս նետվում, թոքերդ օդ լցնում, քեզ «հավաքում» ու փորձում օրվա փոհուբոհի մեջ ամեն ինչ մոռանալ, բայց ուր էլ գնաս, պետք է վերադառնաս նույն տառապանքով, դեռ մի բան էլ ավելի...

Երբ (Աստված մի արասցե) դժբախտ պատահար է տեղի ունենում, ընդամենը կես օր սթափ ենք դատում, իսկ հետո նորից մեր էշն ենք քշում: Մի բան հաստատ է, եթե ուղևորը ինքն իրեն հարգի և չնստի ուր որ է պայթող տաքսին, ապա վարորդն էլ կսկսի հարգել նրան: Հետաքրքիր է կգա յան օրը, երբ ՀՀ մայրաքաղաքում երթուղային տաքսին կվերցնի (ոչ թե կբարձի) նստելատեղերի քանակով ուղևորներ: Կանգառում մեկը կիջնի, մեկը կբարձրանա, կլսվեն ականջ շոյող”շնորհակալություն”, “խնդրեմ”, “հաջողություն” քաղցր բառերը… Սթափվում եմև հիշում պապիս ասածը.”Մինչև առուն ջուր գա…”

                                                                                                 
Վարդիկ Վարդազարյան

Search This Blog