Tuesday, August 10, 2010

Կեցցես, Կլարա

Կեցցես, Կլարա

                                                              Մարտիության տեստ



Երբ Կլարա Ցետկինի հեղափոխական գլխում ծագեց կանանց միջազգային օր ստեղծելու գաղափարը և որպես այդպիսին ճանաչվեց մարտի 8-ը (ինչու հենց մարտի 8-ը, միայն Կլարան կարող է բացատրել), հավանաբար նրա մտքով չէր էլ անցնում, որ այն կտոնվի երկար ու ձիգ 98 տարի, կդառնա հաստատուն ու կայուն տոներից մեկը, համենայն դեպս, Խորհրդային Միությունում (իսկ նրա փլուզումից հետո հետխորհրդային տարածքում): Եթե վերհիշենք, թե քանի˜-քանի հզոր ու անսասան թվացող տոներ անհետացան մեր օրացույցից, ապա միանգամայն անկեղծորեն ուզում ես ասել. “ Կեցցես, Կլարա”:

Հայաստանում իր գոյության ընթացքում Մարտի 8-ը որոշ փորձառությունների է ենթարկվել. վերջին տարիներին փորձ արվեց այն փոխարինել ավելի ազգային, խորը արմատներ ունեցող տոնով` Ապրիլի 7-ով, որպես մայրության ու գեղեցկության տոն: Բայց արդյունքում  “մարտի 8-ապրիլի 7” միամսյակը ստացվեց:

Կոմունիստական հասարակարգի առանձնահատկություններից մեկն այն էր, որ հասարակարգը մտածում էր հասրակության փոխարեն: Հիշում ե ՞ք, մարտի 7-ի երեկոյան Կրեմլի համագումարների պալատում հավաքված հասարակության “ծաղիկիհամար տեղի էր ունենում հանդիսավոր նիստ, հանձնվում էին մեդալներ, պատվոգրերհետո տոնական համերգ , ծաղիկներ, իսկ հաջորդ օրը տոնը շարունակվում էր կոլեկտիվներում, հիմնարկ-ձեռնարկություններումՍովետական կանայք գոհ ու երջանիկ էին, միանգամայն բավարարված ու գնահատված: Այսօր, երբ կանանց 60-70 %-ի համար վերացել է կոլեկտիվ հասկացությունը (նրանք հիմնականում գործազուրկ են), նրանք, մեծ կամ փոքր ակնկալիքներով, վերաբերմունքի են սպասում իրենց իսկ ամուսիններից: Նշենք,  որ կանանց մի խումբ իսկապես օգտվում է «Մարտի 8-ապրիլի 7» կրկնակի տոնից կրկնակի նվեր ստանալով (էրնե˜կ նրանց): Կանանց մի խումբ մի այնպիսի մուննաթով է ամուսնու կողմից նվեր ստանում Մարտի 8-ի առթիվ, որ վախենում է Ապրիլի 7-ի մասին անգամ ակնկալել: Մի խումբ կանայք էլ առաջին նվերը չստանալով` անհամբեր սպասում են երկրորդին, բայց դա էլ հաճախ տակով է արվում:

Կարելի է շատ հանգիստ ասել. “Ասա, թե ինչ նվեր ես ստացել մարտի 8-ին, կասեմ, թե որ սոցիալական խավին ես պատկանում”: Եթե քեզ նվիրել են մեքենա, ադամանդե քարերով շքեղ մատանի, թանկարժեք մուշտակ և այլն, շնորհավորում եմ, դու շատ հարուստ ես: եթե նվեր ես ստացել լվացքի մեքենա,  սառնարան կամ մի ուրիշ կենցաղային իր, ուրեմն չափավոր ունևոր ես, եթե վերը նշված կենցաղային իրերը ձևակերպվել են ապառիկով, ուրեմն ամուսինդ կայուն աշխատանք ունի, ինչը նույնպես արժանի է շնորհավորանքի: Եթե նվեր ես ստացել զուգագուլպա կամ շրթներկ, շնորհավորում եմ, դու հաղթահարել ես աղքատության շեմը, իսկ եթե ամուսինդ իներցիայով (արդեն ո˜րերորդ տարին) երեկոյան ծոցագրպանից հանում է առավոտյան գնված ձնծաղիկի փունջը, ապա դու տեղում կայուն դոփողներից ես: Կան կանայք , որ այդ օրն արժանանում են խորհրդանշական մի պաչիկի: Կներեք, երկար փնտրեցի, բայց այդպես էլ այս խմբին ոչ մի բնորոշում չկարողացա տալ:

Ես չգիտեմ, թե Կլարա Ցետկինն ինչ սպասելիքներ ուներ այն տոնից ու ինչ նվերներ է ստացել այդ առթիվ, բայց մի բան հաստատ է. շատ ու շատ տղամարդիկ մտքում հայհոյում են այդ տոնը ստեղծողին և իրենց սև բախտը, ավանդական պաչիկի արժանացած կանայք էլ առանձնակի ձերմությամբ չեն հիշում նրան: Իսկ նրանք, ում համար Մարտի 8-ն իսկապես տոն է, ընդհանրապես հարկ չեն համարում իմանալ, թե ում շնորհիվ  է այդ օրն օրացույցում ներկվել կարմիր գույնով:

                                                                                                    

Վարդիկ Վարդազարյան

No comments:

Post a Comment

Search This Blog