Showing posts with label շներ. Show all posts
Showing posts with label շներ. Show all posts

Thursday, July 29, 2010

Ի՞ՆՉ ԱՆԵԼ, ԵԹե ԹԱՓԱՌՈՂ ՇՆԵՐԸ…


Թող այնպիսի տպավորություն չստեղծվի, որ շների դեմ ինչ որ անառողջ ատելություն,  չարություն կամ նույնիսկ տհաճություն ունեմ: Քավ լիցե: Նման բան չկա: Ընդհակառակը. տխուր շունն ինձ տխրեցնում է, ակտիվ, թռվռան շունն` ուրախացնում, հավատարիմ շունը` զարմացնում,  մեքենայի տակ ընկած շունը` լացացնում: Խոսքս այն թափառող շների մասին է, որ հանկարծակի դուրս են գալիս դիմացից, կամ մի երկու մետր հեռվից կանգնում ու աչքերը չռում են վրադ, կամ հետևում կասկածելի հեռավորությունից, և դու չգիտես, թե նրա մտքինն ինչ է այդ պահին: Միշտ պետք է հիշել, որ շունը մնում է շուն և չպետք է շատ վստահել նրան:

Գիտեմ, որ կան թափառող շների «շահերը» պաշտպանող մարդիկ, գրասենյակներ, ՀԿ-ներ, բայց այ, չգիտեմ, կան արդյոք շների բերանն ընկած մարդկանց շահեր պաշտշանողներ, թե ոչ: Քանի դեռ իրավիճակն այսպիսինն է, ինչպես ասում են ինքներս պետք է պաշտպանենք մեզ: Ուղղակի մի քանի խորհուրդ  նրանց, ովքեր անփորձ են այս բնագավառում:

1.Ի՞նչ անել, եթե փողոցում հանդիպել ես ակտիվ քայլվածքով ու հայացքով շան:

Խորհուդս. նրան շան տեղ մի դիր և ավելի ակտիվ քայլվածքով ու չտեսնող հայացքով անցիր կողքովն  այնպես, որ  շունը չլսի սրտիդ դըմդըմբոցը:

2. Ի՞նչ անել, եթե դեմ դիմաց դուրս եկած շունը կտրուկ կանգ է առնում, աչքերը չռում վրադ և տեղից շարժվելու միտք չունի:

Խորհուրդս. դու էլ կտրուկ կանգ առ, նայիր ուղիղ աչքերին և եթե հայացքիդ մոգությունը չի ազդում, դիմիր շատ տարածված մի ձևի, կռացիր, իբր քար կամ փայտ ես վերցնում խփելու համար: Այս ձևի հաջողությունը լրիվ ապահվված է: Շունն անմիջապես պոչը քաշում է ու հեռանում:

3. Ի՞նչ անել, եթե արդեն 15-20 մետր քեզ հետևում է շունը, իսկ դու միանգամայն անտեղյակ ես նրա մտադրություններին, իսկ հևոցները դառնում են չարագուշակ:

Խորհուրդս. ոչ մի դեպքում ցույց չտաս, որ վախեցած ես, կամ հանկարծ սկսես վազել, որը  համարյա կործանում է: Քեզ հավաքիր, կանգ առ և արդեն հաջողված փորձը կիրառիր /Խոսքը քարի ու փայտի մասին է/: Շունը մեծ շառավղով կշրջանցի քեզ ու կհեռանա:

4.Ի՞նչ անել, եթե շունը զայրացած հաչում է վրադ:

Խորհուրդս. դա թերևս ամենաանվտանգ շունն է: Հիշիր. «Հաչան շունը կծան չի լինում» ասածվացքը, թերևս դու էլ կարող ես նրա վրա հաչալ ու անցնել: Դրությունը փոխվում է, եթե տան պահապան շունն է գազազած հաչում` ցանկապատի մյուս կողմից: Անգամ ձեզ բաժանող ցանկապատը քեզ չի փրկի սթրեսից շան բացած երախը և սուր ատամները տեսնելու տհաճ պատկերից:

Խորհուրդս. խուսափիր այլևս այդ տան մոտով անցնել, թեկուզ ստիպված լինես մեծ պտույտ կատարել: Ինչեր չես անի առողջությունդ պահպանելու համար:

5.Ի՞նչ անել, եթե գիշերը շների մի մեծ խումբ կտրում են ճանապարհդ և մութ գիշերը ավելի է մթնում աչքերիդ դիմաց:

Դրա դեմն առնելու մի ձև կա: Հանում ես ատրճանակդ ու կրակում: Իսկ եթե ատրճանակ չունես բարձրաձայն հայհոյում ես շների շահերը պաշտպանողներին, մտքումդ արագ հաշվարկում, թե մարմնիդ որ հատվածն է ավելի համեղ և համեմատաբար արագ լավացող և քեզ հանձնում ճակատագրի ձեռքը:


Հ. Գ. Այս մտքերը ծագեցին կեսգիշերին, երբ տարբեր անկյուններից հաչելուց հետո, մեծ արագությամբ հավաքված շների մի մեծ խումբ սլացավ պատուհանիս տակով: Մի քանի րոպե անց լսվեց հալածվող կատվի սրտաճմլիկ կաղկանձը:

Երանի սրանով ամեն ինչ վերջանա, թեկուզ ես ոչինչ չունեմ թափառող կատուների դեմ:

         
   Վարդիկ Վարդազարյան

Search This Blog