Զբոսաշրջությունը հատկապես ամռան ամիսներին հարգված թեմա է։ Բնության գողտրիկ անկյուններ ունենք, այդ անկյուններում ծվարած պատմական հուշարձաններ, որոնք կարող են բավարարել ու հիացնել նույնիսկ ամենախստապահանջ զբոսաշրջիկին։ Բայց դե ճանաչողական ու գեղագիտական պահանջմունքներից բացի զբոսաշրջիկը, որ սովորական մարդ է, ֆիզիոլոգիական էակ, նաեւ բնական պահանջներ ունի։ Եվ եթե մենք՝ տեղացի զբոսաշրջիկներս, որ հիմնականում սովետական դպրոց ենք անցել եւ լավ ենք հիշում այն տարիներին ռուսերեն «Մե ու «Ժե տառերով հատուկ շինությունները իրենց բնորոշ գարշահոտով եւ տիրապետում ենք դրանց բացակայության դեպքում բնական պահանջները այս կամ այն ծառի տակ հոգալու արվեստին, ապա օտարերկրացի զբոսաշրջիկը չունի իր բնական պահանջը բնության գրկում, առանց ավելորդ գլխացավանքի, իրականացնելու հնարամտությունն ու փորձը։ Ուստի, պատմական հուշարձանի տարածքում սկսում է զուգարան փնտրել՝ ոչ մի կերպ չհասկանալով, որ կարելի է բնության գրկում այդ հարցը լուծել առանց զուգարանի կամ (չարյաց փոքրագույնը) օգտվել հակասանիտարական վիճակում գտնվող պետքարանից։ Ու քանի դեռ հարցը քաղաքակիրթ եղանակով չի լուծվել, եկեք ազնիվ լինենք օտարերկրացի զբոսաշրջիկների հանդեպ եւ մեր երկիրը գովերգելուց, գեղատեսիլ բնությունն ու դիտարժան վայրերը ներկայացնելուց բացի պարզ ասենք, թե վերը նշված կարգի ինչ դժվարությունների կարող է հանդիպել։ Մարդուն նախապատրաստենք, թե ինչ փաստի հետ կարող է բախվել։ Մարդասիրական մեր այդ մոտեցումը նրանց կողմից, թերեւս, ավելի լավ գնահատվի, քան արհավիրքին դեմ առ դեմ, անպատրաստ հանդիպելը։ Ամեն մարդ չէ, որ անակնկալ սիրում է, այն էլ՝ տհաճ։ Հնարավոր է՝ ծանր ու անդառնալի հետեւանքներով սթրես ապրի, ուստի առաջարկում ենք զբոսաշրջիկին ներկայացվող տուրիստական գովազդային փաթեթին կցել պարտադիր ծանուցում։ Ասենք այս բովանդակությամբ.
1. Հարգելի եւ շատ սպասված զբոսաշրջիկ, եթե արդեն հաստատ որոշել եք եւ պատրաստվում եք այցելել Հայաստան, չմոռանաք ձեզ հետ բերել ձեր սիրելի գիշերանոթը։ Հայաստան հասնելուն պես կհասկանաք, թե որքան անհրաժեշտ ու անփոխարինելի իր է այն եւ թե ինչ ճիշտ եք վարվել՝ հետեւելով մեր ցուցումներին։ Մեր երկրում զբոսաշրջիկից մինչեւ զուգարան փնտրող մոլորված թափառաշրջիկը մեկ քայլ է։
2. Եթե դուք էքստրիմի սիրահար եք եւ հոգեպես պատրաստ արտակարգ իրավիճակներում հայտնվելուն, այնուամենայնիվ, հանկարծակիի չգալու համար ձեր մարմնի համապատասխան հատվածը ընտելացրեք եղինջի այրոցներին, մոծակի խայթոցներին ու փշերի ծակոցներին։
3. Հարգելի եւ շատ սպասված զբոսաշրջիկ, հանկարծ խելքներիդ չփչի առանց մի լավ ստուգելու պառկել կանաչի վրա (սրանք ձեր մաքրամաքուր սիզամարգերը չեն), հնարավոր է՝ վայրէջք կատարեք թարմ թրիքի կամ, կարծում ենք, գլխի ընկաք՝ ինչի վրա։ Իսկ եթե, այնուամենայնիվ, մաքուր կանաչ տարածք եք գտել եւ պառկած զմայլվում եք ծառերի (չի բացառվում՝ “Կարմիր գրքում” գրանցված) ճյուղերի արանքից երեւացող կապույտ երկնքի ծվեններով, դարձյալ հանկարծակիի չգաք, եթե ձեր դեմքը լիզի Ծաղիկ տատի Նարգիզ կովը։ Զգուշացնում ենք, որ Հայաստանում ընտանի կենդանիները ոչ միայն կարող են անարգել արածել մարգագետիններում եւ այլեւ հայտնվել պատմական հուշարձանների տարածքումե։
Գուցե մեր ծանուցումը փոքր-ինչ չափազանցված ստացվեց, բայց, կարծում ենք, այսպես ավելի ազնիվ է, քան ընդհանրապես ոչինչ չասելը։ Եվ ո՞վ գիտե, գուցե ինչ-որ մեկին Հայաստանը հենց սրանո՞վ գրավի։
ՎԱՐԴԻԿ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Հ. Գ.- Ճշմարտության դեմ չմեղանչելու համար ասենք, որ մի քանի տարի առաջվա համեմատությամբ թե Երեւանում, թե մարզերում հանրային զուգարանների թիվն ավելացել է։ Այդուհանդերձ, հարցը դեռ հրատապ է եւ շտապ լուծում է պահանջում։
No comments:
Post a Comment