Ցանկացած անծանոթ տիրույթ մտնելուց առաջ հարկավոր է մի լավ ուսումնասիրել դաշտը: Սա այն սոցիալ-կենցաղա-բիզնեսային նախավերջին միտքն էր /ոչ վերջինը/, որ ծագեց,երբ որոշեցի բախտս փորձել սերիալի համար սցենար գրելու մեջ. դաշտը համեմատաբար նոր է բացահայտված, և կարելի է ասել կիսախոպան վիճակում է գտնվում: Ուզում եմ ասել, քանի դեռ տարածքը ամբողջովին սեփականաշնորհված չէ, ուսումնասիրությունների և եզրահանգումների լայն հնարավորություններ է ընձեռնում: Ինչի՞ց սկսեցի և ու՞ր հասա:
Նախ ուշադրությունս սևեռեցի այսօրվա հայկական սերիալների սյուժեների, այսինքն բովանդակության վրա, բայց այդ խառնախճողակի մեջ ձախողման ենթարկվեցի, որովհետև ոչ մի տրամաբանական հետևության այդպես էլ ինձ չհաջողվեց հանգել: Պարզապես,մի քանի արդեն վաղուց ձգձգվող, վերջը չերևացող սերյալից հետո, նորից ինքս ինձ համար վերահաստատեցի այն հանճարեղ միտքը, որ հիմարությունը սահման չունի: Ձեռք քաշելով սերիալների բովանդակության քննազննողական մտադրություններիցս, ուշադրությունս սևեռեցի դերասանական խաղի վրա, և գիտե՞ք, ամենածիծաղելին այն էր, որ ես պարզապես սկսեցի հետևել, թե այդ օրը ով էր իր խոսքերը լավ սովորել /դերակատարման մասին եկեք ընդհանրապես չխոսենք/, իսկ ով էր ուզում սերիալասերի աչքին թոզ փչել: Իսկ գոռգոռոցներն ու հիստերիաները պարզապես բառերը մոռանալու մասին են վկայում:
Ուսումնասիրեցի նաև այն տարածքները և բնակարանները որտեղ կատարվում են նկարահանումները: Էլիտար բնակարաններում և թաղամասերում կատարված նկարահանումների մասին չեմ գրի, դե բան էլ չկա գրելու. թանկարժեք կահույք, եվրոնորոգած բնակարան, թանկարժեք ավտոմեքենաներ… Պատկերը լրիվ ուրիշ է, երբ փոքր լիմիտով սերիալներում հաճախակի ցուցադրվում են բազմահարկ շենքերի «պադեզդ»-ները: Շատերիս համար «հարազատ» միջավայրում ենք անմիջապես հայտնվում. ծեփը թափած, կիսով չափ մուգ կանաչ ներկված պատեր, «պադեզդ»-ի ամենագեղեցիկ աղջկա անունը վրեն քաշած, ինչը ապացուցում է, որ մեր սոց անցիալը դեռ մեզ հետ է: Իսկ եթե դեպքերը կատարվում են փողոցում, աղբամաններով, տոպրակներով ու շշերով պեյզաժները անխուսափելի են: Բան չունեմ ասելու, գուցե մարդիկ ուզում են բնական ու անմիջական երևալ, իսկ, այ, չուզողների մոտ այն պրիմիտիվիզմի և նատուրալիզմի սաղմաբջիջ են հիշեցնում:
Ի՞նչ եզրահանգումներ արեցի, մոտովորապես, իհարկե, Իմ սերիալում սաունայի, լողափի և նամանավանդ էրոտիկ տեսարաններ չեն լինելու, քանի որ նպատակս ցմփոր ու մազմզոտ ֆիզանոմիաներ ցուցադրելով մարդկանց կոշմարների մեջ գցելը չէ, չեն լինելու հարբած մարդիկ` իրենց հետևանքներով, մարդագողություն և կրիմինալ: Իսկ գուցե, ի սկզբանե, սերիալների նպատակը մեզ շրջապատող կյանքը բառացիորեն վերարտադրելն է: Այդ դեպքում մենք հաստատ կհայտնվենք սերիալային մազոխիզմի ամենավերի սանդղակում: Դա էլ ձեռք բերում է, բայց եթե այդպես է` ես հրաժարվում եմ իմ ստեղծագործական նկրտումներից: Իսկ եթե այդպես չէ՞, և ուղղակի առողջ մրցակցության պակաս կա՞: Ինչպես ասում են յոլա են գնում ձեռքի տակ եղած «մատերիալով», առանց ընտրության, մի քանիսի կասկածելի ճաշակով ու մտահղացմամբ:
Ինչ իմանաս, գուցե մի ինչ որ հեռուստաալիքի խելքին փչի սերիալների սցենարների մրցույթ հայտարարել: Այ, այն ժամանակ ես էլ, դուք էլ կփորձենք մեր ուժերը, թե չէ կողքից քննադատելը հեշտ է:
Մեծ աշխարհ է և ամեն ինչ հնարավոր է այս մեծ աշխարհում:
Վարդիկ Վարդազարյան