Tuesday, October 12, 2010

Ինչի՞ց է սկսվում հայրենիքը


20–րդ դարում  մնացին այն ժամանակները, երբ ասում էինք մոնոպոլիստ և պատկերացնում տզրուկների, որոնք ծծում են ժողովրդի արյունը: Այսօր այդ մոնոպոլիստները յոթ սարից, յոթ ծովից այն կողմ չեն. Նրանք մեզ հետ են, մեր մեջ, խոսում են հայերեն և անգամ հայ են, պարզապես մոնոպոլիստը դարձել է մենաշնորհատեր, իսկ մոնոպոլիան` մենաշնորհ: Եվ քանի որ արյան համատեղելիության հարց կա, նրանք գերադասում են ծծել հայի արյունը:
Երբ բարձրանում է որևէ ապրանքի գին (խոսքս շա˜տ սովորական ապրանքների մասին է, ինչպես կասեին նորահայերը` ոչ էլիտար ապրանաքտեսակների, ասենք ձեթ, ալյուր…), ժողովուրդն իր համար պարզում է, որ երկրում այդ ապրանքի մենաշնորհ կա,  այսինքն` դրա վաճառքը կենտրոնացած է մենաշնորհատիրոջ ձեռքում, այսինքն ազատ մրցակցություն, ազատ շուկայական հարաբերություններ ասվածը նախընտրական թոզեր են (գրական հայերենով` աչքակապություն), և վերը նշված անձը կուզենա` կբարձրացնի գինը, կուզենա` կթողնի նույնը (իջեցման մասին խոսք լինել չի կարող):
Հասարակ մահկանացուներս (շա˜տ հասարակ) այդ մասին տեղեկանում ենք հեռուստաեթերից երբեմն-երբեմն հնչող կցկտուր, թռուցիկ ակնարկներից: Լսել ենք, որ գոյություն ունի գնագոյացման ընթացքը վերահսկող տեսչություն (կամ նման մի բան): Այդ կոռույցի առաքելությունն է պարզելու և վերահսկելու` գների բարձրացումը օրինաչա՞փ է, թե՞ կամայական: Վերջին թանկացումների առիթով էլի պետական չինովնիկը, որ թվում էր` պետք է պաշտպանի ժողովրդի շահերը, հեռուստացույցով եռանդագին հավաստիացնում էր  (քիչ էր մնում ասեր «հորս արև»), որ վերջին թանկացումներն օրինաչափ են, բայց որպեսզի մենաշնորհատերը շատ չոգևորվի, իրենք փորձել են կարգի հրավիրել նրան և տուգանել են 100000 կամ 200000 դրամ (21-րդ դարում լսածս ամենազավեշտական զավեշտը): Դատապաշտպանի տեսք ընդունած չինովնիկը շարունակում է թվարկել այն դժվարություններն ու խոչընդոտները, որ “խեղճ” մոնոպոլիստը ստիպված է լինում հաղթահարել ապրանքը տեղ հասցնելու համար: Գիտեք հե՞շտ է, ինչ որ տեղ նավթն է թանկացել, մի ուրիշ տեղ հեղափոխություն է, մի այլ տեղ տեռորիստները ինքնաթիռ են գրավել…Ամերիկայում փոթորիկներ են, Եվրոպայում չնախատեսված ձյուն է տեղացել: Հարգելի ժողովուրդ , դիմացեք, 10, 20, 30,35 դրամը ի՞նչ է, որ շուխուր եք դրել, մի մոռացեք, որ թոշակներն ու նպաստները հազարներով են բարձրացել…
Մեկ-մեկ մտածում եմ, ավելի լավ չէր լինի, եթե մեր երկրում մշտական ընտրություններ լինեին: Ճիշտ է, ուղեղներս կոշտուկները կավելանային, բայց մոնոպոլիստների սանձերը քաշած կպահեին (պարզվում է դա հնարավոր է, բայց միայն ընրություններից առաջ):
Մի երգ կար. «Ինչի՞ց է սկսվում հայրենիքը»: Ռոմանտիկ երգ էր, որտեղ հայրենիքը սկսվում էր ծառից, բակից, մայրիկի ժպիտից: Այսօր կարելի է ասել, որ հայրենիքը սկսվում է գրպանից, աղքատների համար` դատարկ գրպանից, հարուստների համար ` լիքը գրպանից: Իսկ տվյալ դեպքում կարելի է ասել` հայրենիքը սկսվում է մոնոպոլիստի ծակ աչքից և լայն գրպանից, որտեղ նա շատ հանգիստ կարող է տեղավորել այս հայրենիք կոչեցիալը:

                                                                                                   Վարդիկ Վարդազարյան

Wednesday, September 29, 2010

Նախաամանորյա տագնապներ

  Տագնա՞պ...մեղմ է ասված, համարյա խուճապ: Մարդ կա` Ամանորը հիշելիս աչքերից տապականեր, չարազներ, չալաղաջներ, էկզոտիկ աղցաններ ու այլևայլ  կայծեր են թռչում, մարդ էլ կա` Ամանորի մոտենալու հետ խուճապից աչքերի առաջ սևանում է ու ոչինչ չի տեսնում:
Դեռ դեկտեմբերի սկզբից ինձ համակած տագնապներս ուզում եմ կիսել իմ պես տագնապահարների հետ:
Արդեն քանի տարի է, ինչ մոտենում է Ամանորը` նախկինում իմ սիրած տոնը (այդ ե˜րբ էր), ցավով ու դժգոհությամբ հիշում եմ, որ Ամերիկայում, Եվրոպայում կամ գոնե ԱՊՀ երկրներից որևէ մեկում մի ծանոթ, բարեկամ չունեմ, որ մի քանի հարյուր դոլար ներդներ ընտանիքիս ամանորյա խնջույքը կազմակերպելու  համար, ու մենք էլ վերը նշված տապական, էկզոտիկ աղցանները, չարազները վայելած, գոհ ու երջանիկ թևակոխեինք 2008 թվականը, որը, ինչպես ասում են, Մկան կամ Առնետի տարի է: Պատկերացնու՞մ եք ինչքան թակարդ կլարեն…
  Խաչ քաշելով ներդրում կատարող գտնելու մտքի վրա` փորձում եմ իմ խաչը քիչ թե շատ արժանավայել տանել և դուրս գալ իրավիճակից… և սկսում են ծանրութեթև անել նախամանորյա պլյուսներն ու մինուսները:
  Ասում են, չէ՞ մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը: Լավ չէ՞ր 2007 –ը: Խոզի տարի էր, խորհուրդ չէր տրվում սեղանին խոզի բուդ դնել, և ով հնարավորություն չուներ բուդ գնելու, հանգիստ խղճով խնայեց 10-15 հազար դրամ` պատճառաբանելով, թե չի կարելի Խոզուկին նեղացնել: Հիմա խոզի բդին գումարվելու է Առնետին սիրաշահելու նպատակով սեղանին դրվող պանրի ճոխ տեսականին: Բայց ելք միշտ էլ կգտնվի, կարող եք աֆրիկյան ժանտախտը պատճառ բռնել (թեև ասում են վտանգավոր չէ):
   Դառնանք տոնածառին և նրան մոտանենանք այլընտրանքային տարբերակով: Ի՞նչ է բնական ծառը տուն բերելու ու զարդարելու երևույթը. բարբարոսկան վերաբերմունք հայերի բնաշխարհի, էկոլոգիայի և, վերջապես, մեր հանդեպ: Բավական է այսպես մտածենք, և միանգամից լուծում ենք բնական ծառ գնել- չգնելու հարցը` հօգուտ չգնելու: Արհեստական էլ կարող եք չգնել` «բա բնականի տե˜սքը, փշատերևի բո˜ւյրը» միանգամայն հիմնավորված պատճառաբանությամբ (նկատենք, որ այսօր արհեստական շատ տոնածառերի գներ գրեթե չեն զիջում բնական ծառերի գներին): Հարցի այլ լուծում ենք առաջարկում:  Քանի որ մենք ոչ մի բան չթափող ազգ ենք , խորդանոց–«չուլանների» ամենաբարձր դարակները քրքրելուց հետո հաստատ կգտնենք տատիկի տատիկից մնացած մի բարի ու հնաոճ տոնածառ: Ոչինչ որ այն մի փոքր ծռված  կլինի, իսկ խաղալիքները` գունաթափ, հիմա դա իր անունն ունի`«ռետրո»: Իսկ եթե դա էլ չգտնեք, վարագույրին թղթից տոնածառ կպցնելը միշտ կա ու կա (սա էլ քեզ մութ ու ցուրտ տարիներից մնացած «ավանգարդ ոճ»): Ինչպես նկատեցիք, տոնածառից էլ տնտեսեցինք:
  Չմոռանաք, որ նկատելիորեն կտնտեսենք, եթե կտրականապես հրաժարվենք «գեղեցկության սրահ» գնալուց: Ազատ կարող եք պաշտպանվել «քիթ սրբելու ժամանակ չկա» դասական արտահայտությամբ: Եվ անհնազանդ մազերը փաթաթելով մեր թվարկությունից առաջ  արտադրված երկու «բիգուդիով»` վերջին վայրկյանին շրթներկ քսելով կդիմավորենք հերթական ամանորը:
Մինուսներից չեմ ուզում խոսել, որովհետև դրանք չափազանց շատ են: միայն հիշեցման կարգով ասեմ, որ հունվարի 4-ին, շատերի մոտ արդեն 3-ին, չարազի միջի վերջին չամիչի հետ հօդս են ցնդում մեր կեղծ ուրախությունները, մանավանդ երբ նայում ենք հոսանքի, գազի, ջրի, հեռախոսի հաշվիչներին և հաշիվներին:
Դե, լավ, մի տխրեք, այս բոլորն, իհարկե, կատակ էր: Բարին ընդ ձեզ: Կհանդիպենք 2008-ին:
                                                                                                 
  Վարդիկ Վարդազարյան

Thursday, September 2, 2010

Մտորումներ, որ ծագեցին տրամվայում



 Տրամվայը բուլգակովյան ինչ-որ բան է,  չէ՞ հիշեցնում: Բայց և այնպես, ես սիրում եմ երթևեկել հենց տրամվայով: Ինչ խոսք երթուղային տաքսիները շատ ավելի արագ են տեղ հասցնում և գնի մեջ էլ զգալի տարբերություն չկա` 10 դրամ (50 դրամանոց երթուաղայինների մասին է խոսքը), բայց ու՞ր եմ շտապում: Երթուղային տաքսիների մեջ տխուր է: Մարդիկ լուռ են, մտազբաղ, կիպ իրար կպած-նստած: Նկատե՞լ եք, այնտեղ անգամ սիրահարներն են լռում: Հազվադեպ է լինում, որ հարցասեր երեխաներ են նստում, որոնց անընդհատ  հարցերին մայրիկը կամ հայրիկը պատասխանում են. «Սուս կաց, ամոթ է, միայն դու ես խոսում»: Նման  դեպքերում հազիվ եմ ինձ զսպում, որ չմիջամտեմ. «Այ սիրելիս, երեխա է, հարց է տալիս , պատասխանիր, ինչո՞ւ է ամոթ»: Չէ, տրամվայում ավելի հետաքրքիր է, աշխույժ: Ամեն մի փոքրիկ զրույցից անգամ կարող է իսկական հարց ու պատասխանի երեկո դառնալ, կամ, ինչպես հիմա է հարգի ասել «ток-шоу»-ի վերածվել: Նրանք ովքեր չեն օգտվում տրանսպորտի այդ տեսակից շատ բան են կորցնում, օրվա изюминка-ն, իմ կարծիքով, հենց տրամվայում է: Տրամվայով են երթևեկում ծերերը, հաշմանդամները, հիվանդները, կիսացնդածները, ցնդածները: Տրամվայում հանդիպում են նաև երթուղային տաքսուն «արժանի» ուղևորներ, որոնք, իմ կարծիքով, նույնպես  «ֆոլկլորի» սիրահարներ են կամ էլ պրոբլեմ ունեն շնչառության հետ կապված. Նրանց տարածություն է պետք և օդ` շնչելու համար: Տրամվայը իսկական փրկություն է ճանապարհը կարճացնելու, հետաքրքիր դարձնելու համար և էկոլոգիապես մաքուր տեղ հասնելու համար: Ես համոզված եմ, որ իշխանավորներից շատերը անտեղյակ են տրամվայի այս առավելություներին  (նրանք ե՞րբ են վերջին անգամ տրամվայ նստել), դրա համար էլ քանդում են տրամվայի գծերը: Նրանք պետք է հասկանան, որ այս փոխադրամիջոցը մի բազմաքանակ խավի է ծառայում, որի 50 %-ը երթևեկում է անփող, ուր մարդիկ լիցքաթափվում են, շփվում, զրուցում: Մի երկու տարի առաջ  այն, ասես, փոքրիկ հրապարակ էր, ուր մարդիկ, հիմնականում` ծերերը, իսկական միտինգներ էին կազմակերպում: Նրանք նորություններ էին փոխանակում, “նախշում” իշխանավորներին, բողոքում, փնովում, հետո հանկարծ մեղմանում, բարիանում, կատակում և միմյանց “պինդ կաց” մաղթելով` իջնում` հաջորդ օրը նորից հանդիպելու ակնկալիքով:
Ցավոք պետք է նշեմ, որ վերջին ժամանակներս տրամվայական այդ պոռթկում- միտինգները  անհետացման շեմին են: Ի՞նչ է պատահել: Չեմ կարծում, որ պապիկներն ու տատաիկները այլևս բողոքելու պատճառ չունեն, իսկ գուցե հոգնել են, կամ էլ նրանց շարքերը խիստ նոսրացել են:
Հիշո՞ւմ եք, արաբական հեքիաթներում թագավորները ժողովրդի կարծիքը իրենց մասին իմանալու համար կերպարանափոխվում են և աղքատի տեսքով քայլում փողոցներով, կանգնում, զրուցում, լսում: Մեր ղեկավարներն էլ, եթե մեկ-մեկ կերպարանափոխվեն, տրամվայով մի քանի «կրուգ տան», գուցե թե սկսեն մի փոքր ուրիշ ձևով նայել իրենք իրենց, շրջապատին:
 Իմ մտորումները ընդհատվեցին, իմ կանգառն էր, և պետք է իջնեի, իսկ տրամվայը շարունակեց իր ճանապարը:


Վարդիկ Վարդազարյան  (2003, հունվարի 23 “Օրրան”)  

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԵՏՆԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ


Ի՞նչ առաքելություն ունեն գետնանցումները Երեւանում, այսինքն` ի՞նչ նպատակի են ծառայում արդեն իսկ գոյություն ունեցող գետնանցումները: Ավտոմեքենայով տեղաշարժվողները միաձայն, անգամ մի փոքր հիասթափված հարցի պարզունակությունից կպատասխանեն. «հետիոտների հոգսը թեթեւացնելու եւ ավտոմեքենաների հետ նրանց բախվելու հավանականությունը նվազեցնելու համար»: Պատասխանը չափազանց տրամաբանական է եւ համոզիչ, պարզապես, երկրորդ հարցն է ծագում, թե ինչու այդչափ կուռ տրամաբանությամբ բացատրվող երեւույթը ինչպես հարկն է չի ծառայում իր բուն նպատակին: Պատասխան ստանալու համար հիմա էլ դիմենք հենց այդ պահին գետնանցումն անտեսած ( իսկ նա այդ պահին անտեսեց, այսինքն` չօգտվեց կինո «Հայրենիք»-ի գետնանցումից), երթեւեկության կանոնները խախտած, դժվարանցանելի խաչմերուկը մի կերպ հաղթահարած, վախից սփրթնած հետիոտնին` այսինքն` ինձ: Ես էլ, ընձեռնված առիթն օգտագործելով, պատասխանեմ «Համաշխարհային մակարդակով մարդու կյանքին սպառնացող ամենավտանգավոր երեւույթներից մեկը Երեւանի` բազմահազար մեքենաներով ծանրաբեռնված փողոցները հատելն ու մայթից մայթ անցնելն է, անգամ եթե դու հետեւում ես լուսաազդանշանին, քանի որ վարորդներից ոմանք դրա վրա թքած ունեն: Բայց ես գերադասում եմ կյանքս վտանգի ենթարկել երկրի երեսին, քան բարոյահոգեբանական, էլ չեմ ասում առողջական սթրեսի ենթարկվել գետնանցումներում: Եթե դեռ կան տարակուսողներ, ում համար ասելիքս պարզ չէ, թող հոտոտելիքն ուղղեն վերը նշված անցումի ուղղությամբ: Միայն արագ արտաշնչեք, որովհետեւ հաստատ թթվածին չկա ներշնչած օդի մեջ՚:
Եկեք շարունակենք մեր մտորումները Երեւանի գետնանցումների մասին: Եթե դրանք էն գլխից տոնավաճառի չեն վերածվել (ինչպես մետրոյի կանգառների շուրջը), ապա խիստ աղտոտված են, գարշահոտ, բայց ոչ ոք չի կասկածում, որ դրանց մաքրության եւ պահպանության հարցերով զբաղվողներ հաստատ կան (կամ չկան, եւ միայն անուններ են թղթերի վրա):
Ինչեւէ, օրվա պիկ ժամերին, երբ սովորական անցումներով անցնելն ուղղակի ուժերիցս վեր է լինում, ես ստիպված մտնում եմ գետնանցում, որտեղ ամենատխուր մտքերն են ինձ պաշարում: Կարճ ասած, ինձ շատ դժբախտ եւ անապահով եմ զգում, չնայած պետք է որ հակառակը լիներ:
Այսօր նոր գետնանցումներ են կառուցվում, եւ լավ է, որ հիմնականում մեքենաների համար են դրանք, որովհետեւ հետիոտների համար կառուցված գետնանցումների հիգիենիկ վիճակը ցույց է տալիս, որ ոչ քաղաքացիները, ոչ էլ դրանց մաքրությամբ զբաղվողները պատրաստ չեն ճարտարապետական մտքի այդ հղացումից օգտվելու համար: Իսկ երբ ինչպես հարկն է կմաքրվեն ու կլուսավորվեն այդ անցումները, գուցե թե մարդիկ էլ հասկական, թե ինչի համար են դրանք եւ ուրիշ նպատակներով չիջնեն այնտեղ:
Մեկ էլ մտածում եմ, որ եթե որեւէ բարձր պաշտոնյայի (շա¯տ բարձր) խելքին փչի փողոցը հատել գետնանցումով, կարծում եմ, շատ արագ ամեն ինչ իր տեղը կընկնի: Պարզապես նորից հարց է ծագում. նրա մտքով երբեւէ նման բան կանցնի՞:


ՎԱՐԴԻԿ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

Friday, August 13, 2010

Տատիկի խորհուրդներ


       Ողջույն, իմ փոքրիկ բարեկամ: Գիտեմ, հիմա կարդում ես. “Տատիկի խորհուրդներ” և բարձրաձայն, կամ մտքումդ ասում. “Պահո˜, սեփական տատիկի խորհուրդները քիչ էին, հիմա էլ մի օտար տատիկ է ինձ խորհուրդներ տալիս”:
Ես քեզ շատ լավ եմ հասկանում և գիտե՞ս ինչու, որովհետև, երբ փոքր էի, ես էլ չէի սիրում, երբ ինձ ասում էին սա չի կարելի, սա կարելի է, սա լավ է, իսկ սա վատ, և նման բաներ: Շտապում եմ քեզ հանգստացնել, բարեկամս, Ես այնքան էլ տրամադրված չեմ լուրջ-լուրջ խորհուրդներ տալու, պարզապես ուզում եմ զրուցել քեզ հետ: Իսկ եթե դու գտնես, որ խելքին մոտիկ բաներ եմ ասում, ուրեմն, ինչու չէ, կարելի է և որպես խորհուրդներ ընդունել ասածներս:
Անձամբ ինձ համար այս զրույցը անչափ հետաքրքիր է, թեկուզ այն պատճառով, որ ես պատկերացում չունեմ, թե այս պահին դու որտեղ ես, անձամբ ես կարդում այս տողերը, թե մայրիկդ է ընթերցում քեզ համար: Ինչևէ, ամեն դեպքում, սրտանց ուզում եմ, որ մեր զրույցը ստացվի, այնպես ինչպես ես հաճախ զրուցում եմ թոռնիկներիս` Ռուբենի, Սոֆիի, Միքայելի և Մանեի հետ: Ես նրանց համար հեքիաթներ եմ կարդում, հաճախ էլ ինքս եմ հորինում ու պատմում: Նրանք ինձ չեն խնայում և հարցակող են անում, բայց ասեմ, որ դեռևս չի եղել դեպք, որ չկարողանամ պատասխանել նրանց զանազան, զարմանազան ու բազմազան հարցերին: Եվ գիտե՞ք, թե ինչն է օգնում ինձ դուրս գալու հարցերի տեղատարափի տակից, այն. որ ես դպրոցում լավ եմ սովորել և շատ-շատ գրքեր եմ կարդացել:
Ըհը, եկանք հասանք գրքերին: Գիտեմ, շատ երեխաներ ինձ հետ չեն համաձայնի, որ գիրք կարդալը ամենահրաշալի ժամանցներից մեկն է, բայց դու` իմ փոքրիկ բարեկամ, դու հո այդպես չես մտածում: Հապա հիշիր կարդացած գրքերդ և ծալիր մատներդ. մեկ, երկու… Ընդամենը` երկո՞ւ:  Քիչ է, ես կասեի համարյա բան չես կարդացել, ընդամենը երկու կաթիլ մեծ ծովի մեջ: Իսկ այնքան հրաշալի գրքեր կան, որ քո փոքրիկ ձեռքերին են սպասում, որ բացես իրեն, թերթես, վերջում շոյես ու ափսոսանքով մտածես, որ այդքան արագ ընթերցեցիր:
Գիտե՞ս, երբ մտածում էի մեր այս զրույցի մասին, նորից տնտղեցի իմ անձնական գրադարանը, նորից բացեցի ու թերթեցի վաղուց, շատ վաղուց` մանկության ու պատանեկության տարիներին կարդացածս գրքերը և գիտես ինչ զգացի` ափսոսանք: Ափսոսանք, որ դու չես կարդացել այդ գրքերը, որպեսզի մենք  զրուցեինք արդեն մեզ ծանոթ հերոսների ու նրանց արկածներ մասին: Այ, օրինակ, հիմա իմ ձեռքին է Վաղթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» արկածային վեպը… Պատկերացնու՞մ ես, այն լույս է տեսել ճիշտ իմ ծննդյան թվին` 1953-ին, այսինքն 55 տարի առաջ: Ես բացում եմ այդ գիրքը, որ հավանաբար քառասուն տարի առաջ եմ կարդացել, մի մտադրությամբ, հերոսների անունները վերհիշելու համար, և… և նորից մինչև վերջ կարդում իմ  մանկության լավագույն գրքերից մեկը:
Եթե քեզ հաջողվի ձեռք բերել ու կարդալ այդ գիրքը /իսկ դու անպայման փորձիր/, հավանաբար շատ կզարմանաս գրքի հերոսների` Աշոտի,  Շուշիկի, Գագիկի, քուրդ Հասոյի և Սարգիսի զրույցների, մտածելակերպի, հագուկապի վրա: Չէ որ նրանք ուրիշ` սոցիալիստական հասարակարգում են ապրել, նրանք պիոներներ էին, ինչը քեզ համար միանգամայն անծանոթ աշխարհ է, բայց հավատա, այդ միանգամայն անծանոթ աշխարհում նորից ու նորից, առաջին հայացքից այնքան պարզ, բայց և այնքան բարդ ընկերական փոխհարաբերություններն են, որոնք ավելի են սրվում և արտահայտիչ դառնում ծայրահեղ դժվար իրավիճակներում:
Մի տեսակ դասի նման ստացվեց, իսկ հիմա ամառային արձակուրդներ են; Համաձայն եմ:  Ընթերցում էի գիրքը ու մտածում, ափսոս, շատ ափսոս, որ կինոռեժիսյոր չեմ, անպայման կնկարահանեյի այն, չնայած գիտեմ, որ նկարահանած ֆիլմ կա: Իմը ուրիշ կլիներ` ժամանակակից մեթոդներով, տրյուկներով: Հաստատ լավ բան կստացվեր: Երբ կարդաս գիրքը մտածիր այդ մասին: Դե, էլ չեմ ասում, թե ինչքան գաղտնիքներ կբացի քեզ համար Վաղթանգ Անանյանը, որը Հայաստանի բնաշխարհի մեծ գիտակ ու սիրահար էր:
Այ, գրելով զրուցում եմ քեզ հետ և փորձում պատկերացնել քո ռեակցիան: Գիտես, դժվար է զրուցել մի թոռնիկի հետ, որին չես ճանաչում: Քեզ համար էլ է դժվար, որովհետև դու էլ ինձ չես ճանաչում, թեպետ որոշ տվյալներ ինձ մասին ես հաղորդեցի արդեն: Գուցե դու մտածես այսպես. «Էհ, ծեր տատիկ է / չնայած ես ինձ ջահել տատիկ եմ համարում/, ժամանակակից կյանքից բան չի հասկանում, դրա համար էլ գրքից է խոսում: Այ, այստեղ ես քեզ հետ բացարձակապես համաձայն չեմ: Ասեմ ինչու: Նախ, ես կյանքից ետ չեմ մնում, որովհետև շատ հետաքրքրասեր եմ, համակարգչային խաղեր եմ խաղում, «բայեվիկ» և «սարսափ» ֆիլմեր եմ նայում, ֆուտբոլ եմ նայում, բայց… հավատա ինձ, բարեկամս, գիրքն ուրիշ է:
Լավ գիրքը դառնում է քո կյանքի ընկերը: Կան գրքեր, որ տասնյակ անգամներ ես կարդում, և այդպիսի մարդիկ շատ են, որ կարդում ու վերընթերցում են իրենց սիրելի գրքերը: Ասենք այսպես, լինում է չէ՞, որ դու կարոտում ես քո ընկերներին, այդպես էլ կկարոտես այն գրքերը, որ կարդաս ու սիրես դրանք:
Հետո, անպայման ձգտիր ձեռք բերել այն գրքերը, որ քեզ դուր են գալիս: Կամաց-կամաց ստեղծիր քո գրադարանը: Եվ, մի օր էլ, երբ կհասնեն իմ տարիքին, քո ընկեր գրքերը քո կողքին կլինեն: Համոզվեցի՞ր, որ ոչ մի անգամ չասացի քեզ. «Խորհուրդ եմ տալիս»: Ես իմ խոստումի տերը մնացի:
Առաջին հանդիպման համար այսքանը: Ցը:           

                                                                                                                Վարդիկ տատիկ

Search This Blog