Thursday, September 2, 2010

ԵՐԵՎԱՆՅԱՆ ԳԵՏՆԱՆՑՈՒՄՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ


Ի՞նչ առաքելություն ունեն գետնանցումները Երեւանում, այսինքն` ի՞նչ նպատակի են ծառայում արդեն իսկ գոյություն ունեցող գետնանցումները: Ավտոմեքենայով տեղաշարժվողները միաձայն, անգամ մի փոքր հիասթափված հարցի պարզունակությունից կպատասխանեն. «հետիոտների հոգսը թեթեւացնելու եւ ավտոմեքենաների հետ նրանց բախվելու հավանականությունը նվազեցնելու համար»: Պատասխանը չափազանց տրամաբանական է եւ համոզիչ, պարզապես, երկրորդ հարցն է ծագում, թե ինչու այդչափ կուռ տրամաբանությամբ բացատրվող երեւույթը ինչպես հարկն է չի ծառայում իր բուն նպատակին: Պատասխան ստանալու համար հիմա էլ դիմենք հենց այդ պահին գետնանցումն անտեսած ( իսկ նա այդ պահին անտեսեց, այսինքն` չօգտվեց կինո «Հայրենիք»-ի գետնանցումից), երթեւեկության կանոնները խախտած, դժվարանցանելի խաչմերուկը մի կերպ հաղթահարած, վախից սփրթնած հետիոտնին` այսինքն` ինձ: Ես էլ, ընձեռնված առիթն օգտագործելով, պատասխանեմ «Համաշխարհային մակարդակով մարդու կյանքին սպառնացող ամենավտանգավոր երեւույթներից մեկը Երեւանի` բազմահազար մեքենաներով ծանրաբեռնված փողոցները հատելն ու մայթից մայթ անցնելն է, անգամ եթե դու հետեւում ես լուսաազդանշանին, քանի որ վարորդներից ոմանք դրա վրա թքած ունեն: Բայց ես գերադասում եմ կյանքս վտանգի ենթարկել երկրի երեսին, քան բարոյահոգեբանական, էլ չեմ ասում առողջական սթրեսի ենթարկվել գետնանցումներում: Եթե դեռ կան տարակուսողներ, ում համար ասելիքս պարզ չէ, թող հոտոտելիքն ուղղեն վերը նշված անցումի ուղղությամբ: Միայն արագ արտաշնչեք, որովհետեւ հաստատ թթվածին չկա ներշնչած օդի մեջ՚:
Եկեք շարունակենք մեր մտորումները Երեւանի գետնանցումների մասին: Եթե դրանք էն գլխից տոնավաճառի չեն վերածվել (ինչպես մետրոյի կանգառների շուրջը), ապա խիստ աղտոտված են, գարշահոտ, բայց ոչ ոք չի կասկածում, որ դրանց մաքրության եւ պահպանության հարցերով զբաղվողներ հաստատ կան (կամ չկան, եւ միայն անուններ են թղթերի վրա):
Ինչեւէ, օրվա պիկ ժամերին, երբ սովորական անցումներով անցնելն ուղղակի ուժերիցս վեր է լինում, ես ստիպված մտնում եմ գետնանցում, որտեղ ամենատխուր մտքերն են ինձ պաշարում: Կարճ ասած, ինձ շատ դժբախտ եւ անապահով եմ զգում, չնայած պետք է որ հակառակը լիներ:
Այսօր նոր գետնանցումներ են կառուցվում, եւ լավ է, որ հիմնականում մեքենաների համար են դրանք, որովհետեւ հետիոտների համար կառուցված գետնանցումների հիգիենիկ վիճակը ցույց է տալիս, որ ոչ քաղաքացիները, ոչ էլ դրանց մաքրությամբ զբաղվողները պատրաստ չեն ճարտարապետական մտքի այդ հղացումից օգտվելու համար: Իսկ երբ ինչպես հարկն է կմաքրվեն ու կլուսավորվեն այդ անցումները, գուցե թե մարդիկ էլ հասկական, թե ինչի համար են դրանք եւ ուրիշ նպատակներով չիջնեն այնտեղ:
Մեկ էլ մտածում եմ, որ եթե որեւէ բարձր պաշտոնյայի (շա¯տ բարձր) խելքին փչի փողոցը հատել գետնանցումով, կարծում եմ, շատ արագ ամեն ինչ իր տեղը կընկնի: Պարզապես նորից հարց է ծագում. նրա մտքով երբեւէ նման բան կանցնի՞:


ՎԱՐԴԻԿ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ

1 comment:

  1. շաաաատ լավն էր, դուրս էկան բոլոր մտքերը :))

    ReplyDelete

Search This Blog