20–րդ դարում մնացին այն ժամանակները, երբ ասում էինք մոնոպոլիստ և պատկերացնում տզրուկների, որոնք ծծում են ժողովրդի արյունը: Այսօր այդ մոնոպոլիստները յոթ սարից, յոթ ծովից այն կողմ չեն. Նրանք մեզ հետ են, մեր մեջ, խոսում են հայերեն և անգամ հայ են, պարզապես մոնոպոլիստը դարձել է մենաշնորհատեր, իսկ մոնոպոլիան` մենաշնորհ: Եվ քանի որ արյան համատեղելիության հարց կա, նրանք գերադասում են ծծել հայի արյունը:
Երբ բարձրանում է որևէ ապրանքի գին (խոսքս շա˜տ սովորական ապրանքների մասին է, ինչպես կասեին նորահայերը` ոչ էլիտար ապրանաքտեսակների, ասենք ձեթ, ալյուր…), ժողովուրդն իր համար պարզում է, որ երկրում այդ ապրանքի մենաշնորհ կա, այսինքն` դրա վաճառքը կենտրոնացած է մենաշնորհատիրոջ ձեռքում, այսինքն ազատ մրցակցություն, ազատ շուկայական հարաբերություններ ասվածը նախընտրական թոզեր են (գրական հայերենով` աչքակապություն), և վերը նշված անձը կուզենա` կբարձրացնի գինը, կուզենա` կթողնի նույնը (իջեցման մասին խոսք լինել չի կարող):
Հասարակ մահկանացուներս (շա˜տ հասարակ) այդ մասին տեղեկանում ենք հեռուստաեթերից երբեմն-երբեմն հնչող կցկտուր, թռուցիկ ակնարկներից: Լսել ենք, որ գոյություն ունի գնագոյացման ընթացքը վերահսկող տեսչություն (կամ նման մի բան): Այդ կոռույցի առաքելությունն է պարզելու և վերահսկելու` գների բարձրացումը օրինաչա՞փ է, թե՞ կամայական: Վերջին թանկացումների առիթով էլի պետական չինովնիկը, որ թվում էր` պետք է պաշտպանի ժողովրդի շահերը, հեռուստացույցով եռանդագին հավաստիացնում էր (քիչ էր մնում ասեր «հորս արև»), որ վերջին թանկացումներն օրինաչափ են, բայց որպեսզի մենաշնորհատերը շատ չոգևորվի, իրենք փորձել են կարգի հրավիրել նրան և տուգանել են 100000 կամ 200000 դրամ (21-րդ դարում լսածս ամենազավեշտական զավեշտը): Դատապաշտպանի տեսք ընդունած չինովնիկը շարունակում է թվարկել այն դժվարություններն ու խոչընդոտները, որ “խեղճ” մոնոպոլիստը ստիպված է լինում հաղթահարել ապրանքը տեղ հասցնելու համար: Գիտեք հե՞շտ է, ինչ որ տեղ նավթն է թանկացել, մի ուրիշ տեղ հեղափոխություն է, մի այլ տեղ տեռորիստները ինքնաթիռ են գրավել…Ամերիկայում փոթորիկներ են, Եվրոպայում չնախատեսված ձյուն է տեղացել: Հարգելի ժողովուրդ , դիմացեք, 10, 20, 30,35 դրամը ի՞նչ է, որ շուխուր եք դրել, մի մոռացեք, որ թոշակներն ու նպաստները հազարներով են բարձրացել…
Մեկ-մեկ մտածում եմ, ավելի լավ չէր լինի, եթե մեր երկրում մշտական ընտրություններ լինեին: Ճիշտ է, ուղեղներս կոշտուկները կավելանային, բայց մոնոպոլիստների սանձերը քաշած կպահեին (պարզվում է դա հնարավոր է, բայց միայն ընրություններից առաջ):
Մի երգ կար. «Ինչի՞ց է սկսվում հայրենիքը»: Ռոմանտիկ երգ էր, որտեղ հայրենիքը սկսվում էր ծառից, բակից, մայրիկի ժպիտից: Այսօր կարելի է ասել, որ հայրենիքը սկսվում է գրպանից, աղքատների համար` դատարկ գրպանից, հարուստների համար ` լիքը գրպանից: Իսկ տվյալ դեպքում կարելի է ասել` հայրենիքը սկսվում է մոնոպոլիստի ծակ աչքից և լայն գրպանից, որտեղ նա շատ հանգիստ կարող է տեղավորել այս հայրենիք կոչեցիալը:
Վարդիկ Վարդազարյան
No comments:
Post a Comment