Տրամվայը բուլգակովյան ինչ-որ բան է, չէ՞ հիշեցնում: Բայց և այնպես, ես սիրում եմ երթևեկել հենց տրամվայով: Ինչ խոսք երթուղային տաքսիները շատ ավելի արագ են տեղ հասցնում և գնի մեջ էլ զգալի տարբերություն չկա` 10 դրամ (50 դրամանոց երթուաղայինների մասին է խոսքը), բայց ու՞ր եմ շտապում: Երթուղային տաքսիների մեջ տխուր է: Մարդիկ լուռ են, մտազբաղ, կիպ իրար կպած-նստած: Նկատե՞լ եք, այնտեղ անգամ սիրահարներն են լռում: Հազվադեպ է լինում, որ հարցասեր երեխաներ են նստում, որոնց անընդհատ հարցերին մայրիկը կամ հայրիկը պատասխանում են. «Սուս կաց, ամոթ է, միայն դու ես խոսում»: Նման դեպքերում հազիվ եմ ինձ զսպում, որ չմիջամտեմ. «Այ սիրելիս, երեխա է, հարց է տալիս , պատասխանիր, ինչո՞ւ է ամոթ»: Չէ, տրամվայում ավելի հետաքրքիր է, աշխույժ: Ամեն մի փոքրիկ զրույցից անգամ կարող է իսկական հարց ու պատասխանի երեկո դառնալ, կամ, ինչպես հիմա է հարգի ասել «ток-шоу»-ի վերածվել: Նրանք ովքեր չեն օգտվում տրանսպորտի այդ տեսակից շատ բան են կորցնում, օրվա изюминка-ն, իմ կարծիքով, հենց տրամվայում է: Տրամվայով են երթևեկում ծերերը, հաշմանդամները, հիվանդները, կիսացնդածները, ցնդածները: Տրամվայում հանդիպում են նաև երթուղային տաքսուն «արժանի» ուղևորներ, որոնք, իմ կարծիքով, նույնպես «ֆոլկլորի» սիրահարներ են կամ էլ պրոբլեմ ունեն շնչառության հետ կապված. Նրանց տարածություն է պետք և օդ` շնչելու համար: Տրամվայը իսկական փրկություն է ճանապարհը կարճացնելու, հետաքրքիր դարձնելու համար և էկոլոգիապես մաքուր տեղ հասնելու համար: Ես համոզված եմ, որ իշխանավորներից շատերը անտեղյակ են տրամվայի այս առավելություներին (նրանք ե՞րբ են վերջին անգամ տրամվայ նստել), դրա համար էլ քանդում են տրամվայի գծերը: Նրանք պետք է հասկանան, որ այս փոխադրամիջոցը մի բազմաքանակ խավի է ծառայում, որի 50 %-ը երթևեկում է անփող, ուր մարդիկ լիցքաթափվում են, շփվում, զրուցում: Մի երկու տարի առաջ այն, ասես, փոքրիկ հրապարակ էր, ուր մարդիկ, հիմնականում` ծերերը, իսկական միտինգներ էին կազմակերպում: Նրանք նորություններ էին փոխանակում, “նախշում” իշխանավորներին, բողոքում, փնովում, հետո հանկարծ մեղմանում, բարիանում, կատակում և միմյանց “պինդ կաց” մաղթելով` իջնում` հաջորդ օրը նորից հանդիպելու ակնկալիքով:
Ցավոք պետք է նշեմ, որ վերջին ժամանակներս տրամվայական այդ պոռթկում- միտինգները անհետացման շեմին են: Ի՞նչ է պատահել: Չեմ կարծում, որ պապիկներն ու տատաիկները այլևս բողոքելու պատճառ չունեն, իսկ գուցե հոգնել են, կամ էլ նրանց շարքերը խիստ նոսրացել են:
Հիշո՞ւմ եք, արաբական հեքիաթներում թագավորները ժողովրդի կարծիքը իրենց մասին իմանալու համար կերպարանափոխվում են և աղքատի տեսքով քայլում փողոցներով, կանգնում, զրուցում, լսում: Մեր ղեկավարներն էլ, եթե մեկ-մեկ կերպարանափոխվեն, տրամվայով մի քանի «կրուգ տան», գուցե թե սկսեն մի փոքր ուրիշ ձևով նայել իրենք իրենց, շրջապատին:
Իմ մտորումները ընդհատվեցին, իմ կանգառն էր, և պետք է իջնեի, իսկ տրամվայը շարունակեց իր ճանապարը:
No comments:
Post a Comment