Friday, November 26, 2010

Սպառենք, որ չսպառվենք


Նոր բարքեր են. նախ որոշեցին, որ մեր ընտանիքի պլանավորմամբ պետք է զբաղվեն ուրիշները, հիմա էլ նույն այդ ուրիշները /կամ նրանց դրդմամբ` մերոնք /, մեզ են առաջարկում սպառողական զամյուղներ, յուրաքանչյուրիս (ավելի ճիշտ, շա˜տ հասարակ մահկանացուներիս) հատկացված պարենի այն նվազագույն քանակը, որը պետք է սպառենք, որ չսպառվենք: Այդ զամբյուղի հույսին մնացողներին, միանգամայն ազնիվ մղումներով առաջնորդվելով, խորհուրդ եմ տալիս հնարավորինս արագ հրաժարվել այնպիսի «վնասակար» սովորություններից, ինչպիսիք են`

ա) օրը երեք անգամ սնվելը,

բ) համով բաներ ուտելը,

գ) ընտանեկան տոնախմբությունները,

դ) անսպասելի հյուրի համար բաժին պահելը:

    Որոշ բարոյահոգեբանական ցնցումներն անխուսափելի են, բայց դրական հետևանքներ  էլ կարելի է արձանագրել: Նախ, մարդն ազատվում է պարեն ընտրելու հոգսից: Հիմա կարող ես ուտել այն,  ինչ կգտնես քո սպառողական զամբյուղում: Եթե այնտեղ միայն մի բուռ սիսեռ է, ուրեմն կեր սիսեռը հատիկ-հատիկ, ճիշտ հաշվարկով: Հիշիր, ամիս կա 30 օր ունի, ամիս էլ կա, ցավոք սրտի, 31 օր ունի, բայց դրա կողքին էլ փետրվար ամիսը կա, որն, ինչպես հիշում եք, հիմնականում 28 օր ունի:

Երկրորդ, մարդուն տրվում է երազելու անսպառ հնարավորություն: Փակում ես աչքերդ ու երազում, թե իբր քո սպառողական զամբյուղը շփոթել են պատգամավորի կամ նախարարի սպառողական զամբյուղի հետ: Հիշո՞ւմ ես, թե այն նեղ ծակով Պույ-պույը ոնց ընկավ կոկոսի մեջ և ինչ հրաշալի պահեր ապրեց: Դասական տարբերակը թող քեզ օրինակ ծառայի:

Երազենք, երազենք նաև, որ հանկարծ չգա այն օրը, երբ դոլլար-դրամ վայրիվերումների հետևանքով կամ նոր հաշվարկների արդյունքում մեր սպառողական զամբյուղի անկյունում ընդամենը մի կապ խառը կանաչի չգտնենք ու ստիպված լինենք` երանությամբ ու ափսոսանքով հիշել այն օրերը, երբ հատիկ-հատիկ ուտում էինք մեզ բաժին հասած մի բուռ սիսեռը:



Վարդիկ Վարդազարյան

No comments:

Post a Comment

Search This Blog