Tuesday, December 21, 2010

Չուզողություն, թե անհանդուրժողականություն

Հոգեվերլուծաբանի կարիք ունեմ: Գուցե թե նա ինձ բացատրի, թե այս ինչ դժգոհության, հակառակվելու մարմաջ Է ինձ կպել: «Չուզող» բառը նոր ծագում ունի: Այսինքն` ուզողը մի բան ուզողն Է, պահանջողը, իսկ չուզողը` այդ մի բանի չուզողն Է, բողոքողը, ընդվզողը: Կգտնվեն, իհարկե, այս բառի ուրիշ մեկնաբանություններ, բայց այն հարցի մասին, որ ուզում եմ խոսել, այսքանն Էլ բավական Է: Ստացվում Է` եթե բողոքող եմ, ուրեմն չուզող եմ: Համաձայն եմ կիսով չափ` բողոքող եմ, բայց` ոչ նախանձ: Ո՞ւմ Է պետք այսքան նրբանկատությունը, ինձ համար հանգիստ ապրում Էի, այժմ ամեն ինչ ազդում Է ինձ վրա: Կարդում եմ հեռուստւսալիքներից մեկով ազդարարվող աշխատանքի հրավերը եւ չուզողությունս բռնում Է: Ով չի կարդացել, ուզում եմ բառացի ներկայացնել տեքստը, իսկ հետո պարզաբանել դժգոհությունս. «Ուշադրություն, «Զվարթնոց» օդանավակայանում մատուցողուհիներ աշխատելու համար հրավիրվում են 18-23 տարեկան, գերազանց անգլերեն եւ ռուսերեն իմացող, 170 սմ հասակ ունեցող գեղեցիկ աղջիկներ»:

Այս հայտարարությունը դեռ անցյալ տարվանից պտտվում Է աչքերիս դեմ: Եթե այդ տվյալներով աղջիկները հրավիրվեին աշխատանքի այդ նույն օդանավակայանում որպես ուղեկցորդուհիներ, ինձ համար թերևս հասկանալի լիներ պահանջատիրոջ «բարձրաճաշակությունը», բայց մատուցողուհի աշխատելու համար այդպիսի~ պահանջներ... , այն Էլ երբ մեր` 145-160սմ հասակ ունեցող աղջիկները մատուցողուհիներ աշխատելու համար կտրում-անցնում են օվկիանոսը: Հիմա կասեք` Ամերիկայում նրանք համարվում են Էժան աշխատուժ: Եվ այդ «ցածր վարձատրվող» Ամերիկայում, աղջիկը կարող Է մի քանի ամսում այնքան աշխատել, որ փակի ճանապարհածախսի համար տոկոսով վերցրած պարտքը եւ դեռ մի քիչ Էլ դոլար բորի (եթե վերադառնա) ուսման վարձը փակելու համար: Հիմա դառնանք այդ աղջկա հայրենիքին` մեր Հայաստանին, որտեղ 165 սմ հասակն անգամ չի օգնի, որպեսզի այդ աղջիկը մատուցողուհի աշխատի (պահանջվում Է 170 սմ հասակ), եթե նույնիսկ տիրապետում Է անգլերենին եւ ռուսերենին (հայերենի մասին խոսք չկա): Իսկ եթե աղջիկը ի վերջո գտնում Է աշխատանք, նա իր գեղեցիկ դեմքով և երկար ոտքերով այնքան պիտի օրորվի-շորորվի, որ օտարազգիները եւ հայրենական օտարամոլները թեյավճար տան նրան 12-ից 14 ժամ աշխատանքի դիմաց: Եվ հետո զարմացած իրար ենք նայում եւ բացականչում. «Հայ աղջիկները ոնց փոխվեցին, հիմա նրանք բոլորին տվել-անցել են»: Հիմա կասեք, գործատերը իրավունք ունի իր պահանջները առաջ քաշելու, բոյ չունես` տեղդ սուսիկ-փուսիկ նստիր: Բոյ չունեմ, բայց աղջիկներ ունեմ, բարեկամներս աղջիկներ ունեն: Բա մեկը չկա՞ ասի դրանց`թոփ մոդե՞լ ես ընտրում, պոդիո՞ւմ ես հանելու այդ աղջիկներին, պիտի աշխարհին հիացնես հայ աղջիկների գեղեցկությամբ, խելք ու շնորհքով: Կան չգրված օրենքներ, որոնք Էլ հենց ձևավորում են ազգային արժանապատվությունը, հոգեբանությունը:

Եթե 18-23 տարեկան աղջիկը տիրապետում Է երկու լեզուների, ուրեմն`նա արդեն կիրթ եւ զարգացած աղջիկ Է եւ ցանկացած նորմալ երկրում կգտնի իր գիտելիքներին համապատասխան աշխատանք` համապատասխան աշխատավարձով: Մեզ մոտ աշխատանք առաջարկողները, օգտվելով երկրի խղճուկ եւ ողբալի վիճակից, այնպես են անում, որ մատուցողուհու աշխատանքը դառնա երկնագույն երազ, ինչպես ասենք, Հոլիվուդում նկարահանվելը, իսկ շատ աղջիկների Էլ գցում են թերարժեքության բարդույթի նոպաների մեջ: Եվ զարմանում ենք, թե ջահելները ինչպես են մեկնում օտար երկրներ: Մանկապարտեզներից սկսած` «հեռուն տեսնող» ծնողները նրանց անգլերեն ու ռուսերեն են սովորեցնում, որ ապագայում նրանց այդ կարճահասակ երեխաներն աշխատանք գտնեն գոնե օտարության մեջ:

Վ.Վ.

No comments:

Post a Comment

Search This Blog