Հետաքրքիր է՝ մեկ ուրիշ երկրում անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող գործակալություններն իրենց գովազդում նշո՞ւմ են, որ տվյալ շենքում կատարվում է աղբահանություն։ Առաջին հայացքից զավեշտ է թվում, բայց եթե երկար ես մտածում՝ երեւակայության համար անսպառ նյութ է տալիս։
«Կատարվում է աղբահանություն…»։ Հնչում է ինչպես կամերային երաժշտություն, չէ՞։ Եվ ինչպես բարձր երաժշտությունն է միայն ի վիճակի երանություն պարգեւել մարդուն, այդպես էլ այդ բառակապակցությունը։ Անմիջապես աշխատում է երեւակայությունդ. կանաչ սիզամարգեր, որոնց վրա մոտակա ծառից ընկած աշնանային տերեւները գունեղ գորգ են հիշեցնում, փոքրիկ թփեր՝ առանց ճյուղերից կախված պոլիէթիլենից գունավոր տոպրակների (մի՞թե նման բան հնարավոր է), թոռնիկդ խաղում է կանաչների մեջ, իսկ դու հանգիստ ես. շուրջդ այնքա՜ն մաքուր է…
Բացում եմ աչքերս, եւ դառը իրականությունը փլվում է գլխիս. հազիվ եմ հասցնում թոռնիկիս հետ պահել կեղտոտ ջրափոսից գնդակը հանելու փորձ-փորձանքից։
Հասկանում եմ, որ գովազդն արված է շատ տեղին, ոչ մի զավեշտ էլ չկա։ Պարզապես, պետք է հասկանալ վերջապես, որ Երեւանում ամեն շենք եւ անգամ թաղամաս չէ, որ արժանի է աղբահանության։ Քանի դեռ չես ապրում կարգին թաղամասի էլիտար շենքում, մի մտածիր շրջակա միջավայրի մաքրության մասին, մի հուսա, թե ամեն օր կդատարկվեն մոտակա աղբարկղերը կամ համապատասխան մեքենան կտանի աղբատարի առաջ գոյացած գարշահոտ կույտը։ Սպասիր, թե երբ ճապոնացիները կամ այլմոլորակայինները կհետաքրքրվեն մեր յուրօրինակ աղբով եւ երբ կորոշեն հայկական աղբից փող սարքել։ Բայց քանի դեռ աշխարհում ֆինանսական ճգնաժամ է, ապա այդ հեռանկարն էլ առայժմ մեզ չի ժպտա, եւ մեր աղբը դեռ երկար կթթվի, նոր երանգներ կստանա, որը, գուցե, յուրօրինակ գրավչություն ու ինքնատիպություն կհաղորդի հայկական աղբին, ու մենք ի լուր աշխարհի կկարողանանք հպարտորեն հայտարարել՝ «Մերն ուրիշ է», «Լավ իմացիր, հայոց աղբի նման էլ աղբ չկա…», «Ով ունի աղբ այսպիսի, թող գա մեզ հետ նա մրցի» եւ այլն, եւ այլն…
Չէ, սա, իհարկե, կատակ է, տխուր կատակ։ Բայց, հարգելի ընթերցող, շատ կարեւոր մի բան ականջիդ օղ արա։ Եթե որոշել ես նոր տուն կամ բնակարան գնել ոչ էլիտար շենքում, անպայման ուշադրությունդ սեւեռիր այն փաստին, թե ինչպես է կատարվում աղբահանությունն այդ շենքում եւ ինչ հարաբերությունների մեջ են մարդիկ ու կրծողները։ Չգայթակղվեք ցածր գներով վաճառվող բնակարաններով, ուրեմն մի բան այն չէ. ջուրն են օրվա մեջ 1-2 ժամ տալիս, վերելակը չի աշխատում եւ, որ ամենահավանականն է, աղբահանություն համարյա թե չի կատարվում։ Հետո չասես, թե աչքերդ բացող չկար։
Ինչպես միշտ, փորձենք լավատեսական շեշտով ավարտել մեր հոդվածը։ Ամեն ինչ լավ կլնի, չարժե հուսահատվել, մայր բնությունը մեզ անտեր չի թողնի, սառնամանիքները սարերի հետեւում չեն։ Շուտով ձյուն կգա, ամեն ինչ կմնա ձայն տակ, ամեն ինչի հետ աղբն էլ կսառչի, կրծողներն էլ ժամանակավորապես կանհետանան։ Իսկ հետո, հետո կլինի այն, ինչ որ կլինի։
Վարդիկ Վարդազարյան (2008թ.)
No comments:
Post a Comment