Դավիթ Սամոյլով
Թարգմանությունը` Վարդիկ Վարդազարյանի
******
Առաջին ձյունը
Գալիս է մի պահ,
Երբ հոգնում է ջուրն անգամ:
Կնշանակի առաջին ձյունը,
Հրես, ուր որ է, կթակի դուռը:
Ջուրը հոգնել է անձրևից հետո
առվակ լինելուց,
Արմատից-ցողուն վերելք,
Երկնքից-երկիր վայրէջք անելուց,
Ջուրը հոգնել է անվերջ երգելուց
ու կոհակվելուց:
Այնպես ուզում է պառկել, քուն մտնել,
անշարժանալ ու չխոխոջել:
Ու արճճե գորշ երկնքի տակ
Խոնջանում է. անվճիտ, անփայլ:
Ջուրը հոգնել է ինքը իրենից:
Իսկ զգացմունքները՞:
Կհրաժարվի, երբ սառցակալի,
Ու էլ չի երգի, էլ չի կարկաչի
Զընգ, զընգ, կզնգա, ինչպես զրահը:
Ճիշտ է, հեռու է խոր լռությունը,
Բայց վերջանում է ճամփախաբանքը:
Հողը դեռ սև է, սակայն
Արդեն սառել է ճամփաբաժանը:
Հրես, ուր որ է, ամենուր` օդում,
Պարը կսկսի
Առաջին Ձյունը:
*******
Հմայքն ամայի պուրակի,
Երկչոտ արևը նոյեմբեր ամսվա,
Սրանից պարզ ու տանջալի
Շուրջս էլ ոչինչ չկա:
Եվ այդ համր անդորրության մեջ
Խորասուզվել են, անշարժացել,
Սոճիների շարքերը կոպիտ,
Կնձնենիները` վտիտ:
Քամուց սրսրթում, թրթռում է դեռ,
Անշարժ ջուրը պուրակի…
Ժամանակը, ուր որ է, կկիսվի,
ՙԱյժմ՚-ի ու ՙերբեք՚-ի:
******
Քաղցր կյա՞նք: Հոսք ժամանակի:
Դանդաղ մահացող այգի:
Եվ դա այդպես է ի վերուստ:
Եվ դա` անկախ ինձանից:
Բայց և այնպես, կա ինչ որ մի բան,
Անկասելի, դանդաղ այդ հոսքում.
Գուցե դա նշան է գաղտնի
Եվ լուր հավերժական այն կյանքի:
Աշուն է: Սարյակները չվեցին:
Քամին ծառերի արանքից հնչում է
բազմալար:
Տխուր է, բայց հենց այդ ժամերին
Այնքան լավ է, այնքան անհոգ,
որ կարելի է խենթանալ:
******
Մի բոսոր տերև գողունի
ընկավ կանաչին,
Մերկացավ կարծես սիրտն անտառի
այդ ակնթարթին,
Պատրաստ փորձությունների
ու տառապանքների:
Կրակ կտրած մի փունջ
բոցավառվեց հանկարծ,
Ասես գավաթի ունկին հպվեցին
Երկու հազար շուրթեր կիսաբաց:
Մոտիկ անտառը բոսորվեց շանթից,
Շառագունեցին ամպերը ցոլքից:
Տերևների տոն էր ծորուն
Եվ երկնքի հանդարտ վեհություն:
Մի անծայրածիր մայրամուտ էր դա,
Որ տեսնում էի առաջին անգամ:
Կարծես երկիրը ծնվում էր նորեն
ըւ Ես քայլում էի բախտին ապավեն:
*******
Աշուն
Նահանջի մեջ այդ
կա մի վեհություն,
Երբ անտեսելով
կորուստներն անթիվ
Գնում է դեպի
անսահմանություն:
ՈՒ չի փակում դռներն ամուր
սառնամանիքի, ձյուների դիմաց,
ՈՒ չի ընկրկում, անգամ թաքուն,
եղանակի դեմ` անսանձ:
ԵՎ կարելի՞ է այդքանից հետո,
միայն թուլակամ փախուստ համարել
Վեհաշուք, հպարտ
Նահանջը Աշնան…
******
Սերգեյ Եսենին
Կապույտ մշուշ: Առատ ձյուն:
Լուսնի գունատ, դողդոջ լույս,
Այնքան տխուր, դառն ու անուշ,
Անցած գնացած օրերի հուշ:
Լուսնյակ մի գիշեր, ամենքից թաքուն,
Մաշած գլխարկս գլուխս քաշած,
Լքեցի տունն իմ, առանց համբույր,
Իսկ դրսում ձյուն էր, ոնց սորուն ավազ:
Հիմա դարձել եմ տունն իմ հայրենի,
Հիշու՞մ են դեռ ինձ, թե մոռացել են,
Ինչպես պանդուխտ մի վտարանդի
Տխուր կանգնել եմ բակում հյուղակի:
Սամույրի մորթուց իմ նոր գլխարկը
Լուռ ճմրթում եմ, դժգոհ, սրտնեղած,
Պապիս եմ հիշում, հիշում եմ տատիս
Ու փխրուն ձյունը լուռ գերեզմանի:
Հանգիստ է այնտեղ: Մենք էլ կննջենք,
Եվ ապրողները, և որ կծնվեն ու կապրեն էլի,
Սրա համար եմ ես սիրում մարդկանց
Եվ ուզում լինել մեկը նրանցից:
Ու հեկեկանքս հազիվ զսպելով,
Տխուր ժպտում եմ, մարած հայացքով,
Կարծես հյուղակն այս ու այս ծեր շանը
Տեսնում եմ վերջին, մի վերջին անգամ: