Tuesday, October 19, 2010

Հետո ի՞նչ իմանաս, ի՞նչ կլինի


Հետաքրքիր է՝ մեկ ուրիշ երկրում անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող գործակալություններն իրենց գովազդում նշո՞ւմ են, որ տվյալ շենքում կատարվում է աղբահանություն։ Առաջին հայացքից զավեշտ է թվում, բայց եթե երկար ես մտածում՝ երեւակայության համար անսպառ նյութ է տալիս։
«Կատարվում է աղբահանություն…»։ Հնչում է ինչպես կամերային երաժշտություն, չէ՞։ Եվ ինչպես բարձր երաժշտությունն է միայն ի վիճակի երանություն պարգեւել մարդուն, այդպես էլ այդ բառակապակցությունը։ Անմիջապես աշխատում է երեւակայությունդ. կանաչ սիզամարգեր, որոնց վրա մոտակա ծառից ընկած աշնանային տերեւները գունեղ գորգ են հիշեցնում, փոքրիկ թփեր՝ առանց ճյուղերից կախված պոլիէթիլենից գունավոր տոպրակների (մի՞թե նման բան հնարավոր է), թոռնիկդ խաղում է կանաչների մեջ, իսկ դու հանգիստ ես. շուրջդ այնքա՜ն մաքուր է…
Բացում եմ աչքերս, եւ դառը իրականությունը փլվում է գլխիս. հազիվ եմ հասցնում թոռնիկիս հետ պահել կեղտոտ ջրափոսից գնդակը հանելու փորձ-փորձանքից։
Հասկանում եմ, որ գովազդն արված է շատ տեղին, ոչ մի զավեշտ էլ չկա։ Պարզապես, պետք է հասկանալ վերջապես, որ Երեւանում ամեն շենք եւ անգամ թաղամաս չէ, որ արժանի է աղբահանության։ Քանի դեռ չես ապրում կարգին թաղամասի էլիտար շենքում, մի մտածիր շրջակա միջավայրի մաքրության մասին, մի հուսա, թե ամեն օր կդատարկվեն մոտակա աղբարկղերը կամ համապատասխան մեքենան կտանի աղբատարի առաջ գոյացած գարշահոտ կույտը։ Սպասիր, թե երբ ճապոնացիները կամ այլմոլորակայինները կհետաքրքրվեն մեր յուրօրինակ աղբով եւ երբ կորոշեն հայկական աղբից փող սարքել։ Բայց քանի դեռ աշխարհում ֆինանսական ճգնաժամ է, ապա այդ հեռանկարն էլ առայժմ մեզ չի ժպտա, եւ մեր աղբը դեռ երկար կթթվի, նոր երանգներ կստանա, որը, գուցե, յուրօրինակ գրավչություն ու ինքնատիպություն կհաղորդի հայկական աղբին, ու մենք ի լուր աշխարհի կկարողանանք հպարտորեն հայտարարել՝ «Մերն ուրիշ է», «Լավ իմացիր, հայոց աղբի նման էլ աղբ չկա…», «Ով ունի աղբ այսպիսի, թող գա մեզ հետ նա մրցի» եւ այլն, եւ այլն…
Չէ, սա, իհարկե, կատակ է, տխուր կատակ։ Բայց, հարգելի ընթերցող, շատ կարեւոր մի բան ականջիդ օղ արա։ Եթե որոշել ես նոր տուն կամ բնակարան գնել ոչ էլիտար շենքում, անպայման ուշադրությունդ սեւեռիր այն փաստին, թե ինչպես է կատարվում աղբահանությունն այդ շենքում եւ ինչ հարաբերությունների մեջ են մարդիկ ու կրծողները։ Չգայթակղվեք ցածր գներով վաճառվող բնակարաններով, ուրեմն մի բան այն չէ. ջուրն են օրվա մեջ 1-2 ժամ տալիս, վերելակը չի աշխատում եւ, որ ամենահավանականն է, աղբահանություն համարյա թե չի կատարվում։ Հետո չասես, թե աչքերդ բացող չկար։
Ինչպես միշտ, փորձենք լավատեսական շեշտով ավարտել մեր հոդվածը։ Ամեն ինչ լավ կլնի, չարժե հուսահատվել, մայր բնությունը մեզ անտեր չի թողնի, սառնամանիքները սարերի հետեւում չեն։ Շուտով ձյուն կգա, ամեն ինչ կմնա ձայն տակ, ամեն ինչի հետ աղբն էլ կսառչի, կրծողներն էլ ժամանակավորապես կանհետանան։ Իսկ հետո, հետո կլինի այն, ինչ որ կլինի։

Վարդիկ Վարդազարյան (2008թ.)


Tuesday, October 12, 2010

Ինչի՞ց է սկսվում հայրենիքը


20–րդ դարում  մնացին այն ժամանակները, երբ ասում էինք մոնոպոլիստ և պատկերացնում տզրուկների, որոնք ծծում են ժողովրդի արյունը: Այսօր այդ մոնոպոլիստները յոթ սարից, յոթ ծովից այն կողմ չեն. Նրանք մեզ հետ են, մեր մեջ, խոսում են հայերեն և անգամ հայ են, պարզապես մոնոպոլիստը դարձել է մենաշնորհատեր, իսկ մոնոպոլիան` մենաշնորհ: Եվ քանի որ արյան համատեղելիության հարց կա, նրանք գերադասում են ծծել հայի արյունը:
Երբ բարձրանում է որևէ ապրանքի գին (խոսքս շա˜տ սովորական ապրանքների մասին է, ինչպես կասեին նորահայերը` ոչ էլիտար ապրանաքտեսակների, ասենք ձեթ, ալյուր…), ժողովուրդն իր համար պարզում է, որ երկրում այդ ապրանքի մենաշնորհ կա,  այսինքն` դրա վաճառքը կենտրոնացած է մենաշնորհատիրոջ ձեռքում, այսինքն ազատ մրցակցություն, ազատ շուկայական հարաբերություններ ասվածը նախընտրական թոզեր են (գրական հայերենով` աչքակապություն), և վերը նշված անձը կուզենա` կբարձրացնի գինը, կուզենա` կթողնի նույնը (իջեցման մասին խոսք լինել չի կարող):
Հասարակ մահկանացուներս (շա˜տ հասարակ) այդ մասին տեղեկանում ենք հեռուստաեթերից երբեմն-երբեմն հնչող կցկտուր, թռուցիկ ակնարկներից: Լսել ենք, որ գոյություն ունի գնագոյացման ընթացքը վերահսկող տեսչություն (կամ նման մի բան): Այդ կոռույցի առաքելությունն է պարզելու և վերահսկելու` գների բարձրացումը օրինաչա՞փ է, թե՞ կամայական: Վերջին թանկացումների առիթով էլի պետական չինովնիկը, որ թվում էր` պետք է պաշտպանի ժողովրդի շահերը, հեռուստացույցով եռանդագին հավաստիացնում էր  (քիչ էր մնում ասեր «հորս արև»), որ վերջին թանկացումներն օրինաչափ են, բայց որպեսզի մենաշնորհատերը շատ չոգևորվի, իրենք փորձել են կարգի հրավիրել նրան և տուգանել են 100000 կամ 200000 դրամ (21-րդ դարում լսածս ամենազավեշտական զավեշտը): Դատապաշտպանի տեսք ընդունած չինովնիկը շարունակում է թվարկել այն դժվարություններն ու խոչընդոտները, որ “խեղճ” մոնոպոլիստը ստիպված է լինում հաղթահարել ապրանքը տեղ հասցնելու համար: Գիտեք հե՞շտ է, ինչ որ տեղ նավթն է թանկացել, մի ուրիշ տեղ հեղափոխություն է, մի այլ տեղ տեռորիստները ինքնաթիռ են գրավել…Ամերիկայում փոթորիկներ են, Եվրոպայում չնախատեսված ձյուն է տեղացել: Հարգելի ժողովուրդ , դիմացեք, 10, 20, 30,35 դրամը ի՞նչ է, որ շուխուր եք դրել, մի մոռացեք, որ թոշակներն ու նպաստները հազարներով են բարձրացել…
Մեկ-մեկ մտածում եմ, ավելի լավ չէր լինի, եթե մեր երկրում մշտական ընտրություններ լինեին: Ճիշտ է, ուղեղներս կոշտուկները կավելանային, բայց մոնոպոլիստների սանձերը քաշած կպահեին (պարզվում է դա հնարավոր է, բայց միայն ընրություններից առաջ):
Մի երգ կար. «Ինչի՞ց է սկսվում հայրենիքը»: Ռոմանտիկ երգ էր, որտեղ հայրենիքը սկսվում էր ծառից, բակից, մայրիկի ժպիտից: Այսօր կարելի է ասել, որ հայրենիքը սկսվում է գրպանից, աղքատների համար` դատարկ գրպանից, հարուստների համար ` լիքը գրպանից: Իսկ տվյալ դեպքում կարելի է ասել` հայրենիքը սկսվում է մոնոպոլիստի ծակ աչքից և լայն գրպանից, որտեղ նա շատ հանգիստ կարող է տեղավորել այս հայրենիք կոչեցիալը:

                                                                                                   Վարդիկ Վարդազարյան

Search This Blog