Tuesday, August 10, 2010

Կեցցես, Կլարա

Կեցցես, Կլարա

                                                              Մարտիության տեստ



Երբ Կլարա Ցետկինի հեղափոխական գլխում ծագեց կանանց միջազգային օր ստեղծելու գաղափարը և որպես այդպիսին ճանաչվեց մարտի 8-ը (ինչու հենց մարտի 8-ը, միայն Կլարան կարող է բացատրել), հավանաբար նրա մտքով չէր էլ անցնում, որ այն կտոնվի երկար ու ձիգ 98 տարի, կդառնա հաստատուն ու կայուն տոներից մեկը, համենայն դեպս, Խորհրդային Միությունում (իսկ նրա փլուզումից հետո հետխորհրդային տարածքում): Եթե վերհիշենք, թե քանի˜-քանի հզոր ու անսասան թվացող տոներ անհետացան մեր օրացույցից, ապա միանգամայն անկեղծորեն ուզում ես ասել. “ Կեցցես, Կլարա”:

Հայաստանում իր գոյության ընթացքում Մարտի 8-ը որոշ փորձառությունների է ենթարկվել. վերջին տարիներին փորձ արվեց այն փոխարինել ավելի ազգային, խորը արմատներ ունեցող տոնով` Ապրիլի 7-ով, որպես մայրության ու գեղեցկության տոն: Բայց արդյունքում  “մարտի 8-ապրիլի 7” միամսյակը ստացվեց:

Կոմունիստական հասարակարգի առանձնահատկություններից մեկն այն էր, որ հասարակարգը մտածում էր հասրակության փոխարեն: Հիշում ե ՞ք, մարտի 7-ի երեկոյան Կրեմլի համագումարների պալատում հավաքված հասարակության “ծաղիկի” համար տեղի էր ունենում հանդիսավոր նիստ, հանձնվում էին մեդալներ, պատվոգրեր…հետո տոնական համերգ , ծաղիկներ, իսկ հաջորդ օրը տոնը շարունակվում էր կոլեկտիվներում, հիմնարկ-ձեռնարկություններում…Սովետական կանայք գոհ ու երջանիկ էին, միանգամայն բավարարված ու գնահատված: Այսօր, երբ կանանց 60-70 %-ի համար վերացել է կոլեկտիվ հասկացությունը (նրանք հիմնականում գործազուրկ են), նրանք, մեծ կամ փոքր ակնկալիքներով, վերաբերմունքի են սպասում իրենց իսկ ամուսիններից: Նշենք,  որ կանանց մի խումբ իսկապես օգտվում է «Մարտի 8-ապրիլի 7» կրկնակի տոնից կրկնակի նվեր ստանալով (էրնե˜կ նրանց): Կանանց մի խումբ մի այնպիսի մուննաթով է ամուսնու կողմից նվեր ստանում Մարտի 8-ի առթիվ, որ վախենում է Ապրիլի 7-ի մասին անգամ ակնկալել: Մի խումբ կանայք էլ առաջին նվերը չստանալով` անհամբեր սպասում են երկրորդին, բայց դա էլ հաճախ տակով է արվում:

Կարելի է շատ հանգիստ ասել. “Ասա, թե ինչ նվեր ես ստացել մարտի 8-ին, կասեմ, թե որ սոցիալական խավին ես պատկանում”: Եթե քեզ նվիրել են մեքենա, ադամանդե քարերով շքեղ մատանի, թանկարժեք մուշտակ և այլն, շնորհավորում եմ, դու շատ հարուստ ես: եթե նվեր ես ստացել լվացքի մեքենա,  սառնարան կամ մի ուրիշ կենցաղային իր, ուրեմն չափավոր ունևոր ես, եթե վերը նշված կենցաղային իրերը ձևակերպվել են ապառիկով, ուրեմն ամուսինդ կայուն աշխատանք ունի, ինչը նույնպես արժանի է շնորհավորանքի: Եթե նվեր ես ստացել զուգագուլպա կամ շրթներկ, շնորհավորում եմ, դու հաղթահարել ես աղքատության շեմը, իսկ եթե ամուսինդ իներցիայով (արդեն ո˜րերորդ տարին) երեկոյան ծոցագրպանից հանում է առավոտյան գնված ձնծաղիկի փունջը, ապա դու տեղում կայուն դոփողներից ես: Կան կանայք , որ այդ օրն արժանանում են խորհրդանշական մի պաչիկի: Կներեք, երկար փնտրեցի, բայց այդպես էլ այս խմբին ոչ մի բնորոշում չկարողացա տալ:

Ես չգիտեմ, թե Կլարա Ցետկինն ինչ սպասելիքներ ուներ այն տոնից ու ինչ նվերներ է ստացել այդ առթիվ, բայց մի բան հաստատ է. շատ ու շատ տղամարդիկ մտքում հայհոյում են այդ տոնը ստեղծողին և իրենց սև բախտը, ավանդական պաչիկի արժանացած կանայք էլ առանձնակի ձերմությամբ չեն հիշում նրան: Իսկ նրանք, ում համար Մարտի 8-ն իսկապես տոն է, ընդհանրապես հարկ չեն համարում իմանալ, թե ում շնորհիվ  է այդ օրն օրացույցում ներկվել կարմիր գույնով:

                                                                                                    

Վարդիկ Վարդազարյան

Friday, August 6, 2010

Զրույց Դավիթ Անհաղթի հետ


Դավիթ Անհաղթ, ինձ թույլ եմ տալիս քեզ դու-ով դիմել, որովհետև հարազատ մարդ ես: Արդեն քանի տարի, ամեն օր ես քեզ բարի լույս եմ մաղթում կանգառում` կանգնած քո գեղեցիկ արձանի դիմաց, և, հետո, տարիքս ու սեռս, կարծում եմ, դա թույլ են տալիս: Քանի որ հիշեցի տարիքս, արի զրուցենք տարիքից: Քո ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են, միայն գիտեմ, որ ծնվել, ապրել, փիլիսոփայել, ստեղծագործել, մահացել ես 5-6-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում: Երբ հայտնի չեն մարդու ծննդյան և մահվան տարեթվերը, այդ անձնավորությունը մի տեսակ առեղծվածային է դառնում, խորհրդավոր: Այդ փաստի շուրջ երկար մտածելով, կներես, քո պարագայում մի միտք ինձ հանգիստ չի տալիս: Դա այն է, որ այդ խորհրդավորությունը անձիդ շուրջ ինքդ ես մտածված ստեղծել: Ինչու եմ այդպես մտածում, որովհետև կարծում եմ, որ այդքան գրքերի հեղինակի ձեռքը ինքն իրեն նյութի վերջում կդներ տարեթիվը, ամսաթիվը, անգամ կնշեր` արևոտ օր է, թե անձրևում է: Կարող է` սխալվում եմ, իմ չափանիշները այժմեական են , իսկ քո ապրած ժամանակը այնքան հեռու (15 դար և մի բան էլ ավելի առաջ): Զարմանալի է և միաժամանակ զարմանալի չէ, որ դու` փիլիսոփադ, ինտելեկտուալդ, երաժիշտդ  ու բանաստեղծդ չես ցանկացել անձնականդ ի ցույց դնել, հասարակության սեփականությունը դարձնել: Չեմ կասկածում, որ քո տիեզերական բարձրությունից ինձ հասկանում ես: Այսօրվա քիչ,  թե շատ հայտնի մարդիկ այնպիսի մանր-մունր բաներից են խոսում, որ հասարակ մահկանացուի մոտ անորոշ է գառնում մեծության չափանիշը: Քո ժամանակ ինտելեկտուալները հավաքվում էին մի տեղ և զրուցում բարձր, աստվածային գաղափարներից, փորձում գտնել մարդու տեղն ու դերը այս մոլորակի վրա, ստեղծում օրենքներ համայն մարդկության համար: Դու անհաղթ էիր, որովհետև միտքդ ու խոսքդ հստակ էին ու հաստատուն: Դու գիտեիր` ինչ ես ուզում ասել և ասում էիր հենց քո ուզածը: Հիմա այլ են ժամանակները: Կներես, մեծ մտածող, բայց այսօրվա վիճաբանությունից դու էլ գլուխ չէիր հանի: Համոզված եմ` եթե ներկա գտնվեիր խորհրդարանի նիստերից գոնե մեկին, փորձեիր դիալոգի մեջ մտնել պատգամավորներից որևէ մեկի հետ, կսասանվեր քո «Անհաղթ» տիտղոսը:

 Առաջին հայացքից չէիր նկատի այն կեղծ մթնոլորտը որ տիրում է այնտեղ: Գլխի չէիր ընկնի, որ «լավ» օրենքները, որ ընդունվում են, կեղծ են, թվացյալ: Դու գլուխ չէիր հանի, որովհետև դրանք փիլիսոփայական ոչ մի կատեգորիայի մեջ չեն մտնում: Թվում է, թե ընդունվել է օրենք, որը կամ չի գործում, կամ ինքն իրեն հակասում է, կամ էլ մեկի համար աշխատում է, մեկի համար` ոչ:

Դու ազնիվ ես եղել քո ժամանակ: Մտքիդ ու սրտիդ ուզածը նույնն է եղել: Հիմա այլ է. սրտի ուզծն ուրիշ է, մտքի ասածը` ուրիշ: Կեղծ հարթության վրա ենք ապրում: Հիմա էլ կան մարդիկ, ովքեր ճշգրիտ գիտեն, թե ինչ են ուզում այս կյանքից, բայց ի լուր աշխարհի ուրիշ բան են ասում: Կեղծիքը դարձել է կենսաձև: Մեկը մեկին չի հավատում, որովհետև բարձր գաղափար չկա: Շատերի մոտ գաղափար աթոռի տեսք է ստացել:
«Արդար մարդը երջանիկ է, եթե նույնիսկ անտեսվի և ապականվի, իսկ անիրավը, չարը` թշվառական, թեպետև հարգվի, համարվի օրինակելի»: Քո մտքերից է: Հաճախ եմ կարդում և փորձում սփոփվել: Չեմ փորձում արդարն ու անարդարը ջոկջկել իրարից, որովհետև մեր իրականութան մեջ դրանք ապարդյուն  փորձեր են: Դու միշտ մեծարել ես մարդուն, ընդգծել նրա բացառիկ դերը տիեզերքում: Գուցե թե քո ապրած ժամանակում այդպես էր. մարդը բիոլոգիական սուբյեկտ լինելուց բացի նաև բանականությամբ օժտված անհատ էր: Հիմա ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ բանականությունը մարդուն պետք է այնքանով, որ նա պահպանի իր բիոլոգիակա սուբյեկտը: Եվ այդ բանականությունը շատ վախվորած է, մոլորված, կեղծիքի մեջ խրված: Ով ինչ քայլի դիմում է, առաջինը օգուտի մասին է մտածում, թե այն որքանով իրեն կջերմացնի:

Դավիթ Անհաղթ, երանի քեզ, քո ապրած ժամանակներում մեծ գաղափարներ են եղել, ազգային մտածողության, արժանապատվության: Մեր օրերում դրանք ուղղակի բառախաղեր են, որ աճպարար քաղաքական գործիչների և պաշտոնյաների լեզվին տարբեր կոնֆիգուրացիաներ են ստանում:

Ես չէի ցանկանա, որ մեր զրույցը այսպիսի ընթացք ստանար: Կուզենայի ավելի շատ զրուցեինք քո պոեզիայի, երաժշտության մասին: Բայց իմ տրամադրությունն այսօր լիրիկական չէ:

                                                                                                
Վարդիկ Վարդազարյան

Monday, August 2, 2010

Սառնարանի տաք մենախոսությունը

                    Նախ ներկայանամ` 1976թ. արտադրության «Օրսկ» մակնիշի սառնարան: Միանգամից պիտի ասեմ, որ կարոտախտն ինձ ուղղակի սպանում է: Հիշում եմ սովետների ժամանակաշրջանում ապրած կյանքս, և սառույցներս միանգամից հալվում են: Ես արտասվում եմ ու կաթկթում, իսկ աննրբանկատ և դժգոհ տերս փնթփնթում է. «Սա սառնարան չեղավ ինձ համար»: Եվ դա իմ նախկին ծառայությունների և այն ստորացումների դիմաց, որ այժմ լռելյայն կրում եմ: Մինչև հեղաշրջումն անկուսակցական էի, իսկ հիմա միայն կոմկուսի շարքերը կանցնեի, որովհետև նրանք էլ ինձ նման հիշում են անցյալն ու «Ա˜խ» քաշում : Ի˜նչ տարիներ էին: Որովայնս պայթում էր կաթնամթերքի, մսամթերքի, խմորեղենի առատությունից: Լիքն էր փորս, կուշտ էր տերս: Ոչ ոք քաղաքացիական ազնվություն և քաջություն չունեցավ բարձրաձայն ասելու, որ մութ ու ցուրտ տարիներին առաջին և կործանարար հարվածը մեզ` սառնարաններիս վրա իջավ: Մենք, որ խոհանոցի զարդն ենք, ու՞մ էինք պետք առանց հոսանքի: Շատ տներում սառնարանները վերածվեցին պահարանների (ո˜վ արդարություն…): Վիրավորական է, բայց փաստ: Աման-չամանի, պահածոների, գրքերի, ըստ սեզոնի` ձմեռային կամ ամառային հագուստի պահարանի վերածված  իմ եղբայրները  լուռ արժանապատվությամբ տարան այդ ստորացումները, հավատարիմ “Ինչպես ժողովուրդը, այնպես էլ մենք” կարգախոսին: Հետո, իհարկե, հոսանք տվին, բայց շատրեը այդպես էլ սառնարի լարը հոսանքին չմիացրեցին: Ոչ թե հետ էին վարժվել , այլ պարզապես բան չկար այնտեղ դնելու:
Ժամանակները փոխվեցին, այժմ վիճակն այլ է: Նորահարուստները  ինչ արագությամբ, որ փոխեցին բնակարանները առանձնատներով, զապերն ու ժիգուլիները`մերսեդեսներով ու ջիպերով, այնպես էլ հին ու հարազատ “Օրսկ” –ին փոխարինելու եկան ֆիրմային «LG»-ն, MISUBISHI-ին, BOCH-ն ու շատ ուրիշ օտարանուն սառնարանները:
Ընդիմախոսներս հիմա կասեն` սառնարան ես, քեզ սառնարանի նման պահի, որտեղի՞ց այդքան ինֆորմացիա: Ասեմ, ուղիղ գլխավերևումս կախված  ռադիոն առավոտյան 6-ից մինչև գիշերվա 12-ն ապահովում է տեղեկատվությամբ:  Եթե նախկինում միայն երաժշտություն էի սիրում լսել, հիմա քաղաքական լուրերն ու խորհրդարանի նիստերը բաց չեմ թողնում` գուցե մի նոր բան ասեն, մի լավ օրենք ընդունեն: Հասարակ տրամաբանություն է, եթե կառավարությունը որոշում է բարձրացնել մանկավարժի աշխատավարձը կամ թոշակառուների թոշակը, ապա իմ հոգում հույս է արթնանում, որ ինչ-որ մի մթերքի տեսակ կավելանա իմ դատարկ որովայնում`մի շիշ կաթ, կամ 2-3 ձու, 200-250 գ. երշիկ: Այդ հույսով եմ ապրում: եթե մանկավարժների աշխատավարձը 20 % -ով բարձրանա , նրանք կարող են անգամ միս կամ ձուկ գնել: Այդ դեպքում գուցե օգտագործվի նաև գլխամասս: Նմանատիպ հույսեր փայփայելով ականջս կախ լսում եմ Ազգային ժողովի` շատ հաճախ ձանձրալի, երբեմն զվարճալի, երբեմն սարսափազդու նիստերը:



Ճիշտը որ ասեմ, ամեն օր սարսափով եմ սպասում, որ ահա ուր որ է տերս կանջատի լարս հոսանքից, և կընկնեմ խորհ նիրհի մեջ: Գիտեմ, որ դա անխուսափելի է :
Կհայտնվեմ մութ ու խոնավ նկուղում, կամ որևէ արհեստանոցում ինձ մաս-մաս կանեն: Չեմ ընկճվում, մտածում եմ` գուցե ավելի լավ կլինի, եթե վերապրոֆիլավորվեմ պահարանի՞: Այս մասին ավելի լուրջ պետք է մտածել, քանի դեռ գլուխս սառն է:

                                                                                                                      Վարդիկ Վարդազարյան

Thursday, July 29, 2010

ՄԵԿ ԷԼ ՏԵՍԱՐ ԱՅԴ ՕՐԸ ԵԿԱՎ


Ցանկացած անծանոթ տիրույթ մտնելուց առաջ հարկավոր է մի լավ ուսումնասիրել դաշտը: Սա այն սոցիալ-կենցաղա-բիզնեսային նախավերջին միտքն էր /ոչ վերջինը/, որ ծագեց,երբ որոշեցի բախտս փորձել սերիալի համար սցենար գրելու մեջ. դաշտը համեմատաբար նոր է բացահայտված, և կարելի է ասել կիսախոպան վիճակում է գտնվում: Ուզում եմ ասել, քանի դեռ տարածքը  ամբողջովին սեփականաշնորհված չէ, ուսումնասիրությունների և եզրահանգումների լայն հնարավորություններ է ընձեռնում: Ինչի՞ց սկսեցի և ու՞ր հասա:
Նախ  ուշադրությունս սևեռեցի այսօրվա հայկական սերիալների սյուժեների, այսինքն    բովանդակության վրա, բայց այդ խառնախճողակի մեջ ձախողման ենթարկվեցի, որովհետև ոչ մի տրամաբանական հետևության այդպես էլ  ինձ չհաջողվեց հանգել: Պարզապես,մի քանի արդեն վաղուց ձգձգվող, վերջը չերևացող սերյալից հետո, նորից ինքս ինձ համար վերահաստատեցի  այն հանճարեղ միտքը, որ հիմարությունը սահման չունի: Ձեռք քաշելով սերիալների բովանդակության քննազննողական մտադրություններիցս, ուշադրությունս սևեռեցի դերասանական խաղի վրա, և գիտե՞ք,  ամենածիծաղելին այն էր, որ ես պարզապես սկսեցի հետևել, թե այդ օրը ով էր իր խոսքերը լավ սովորել /դերակատարման մասին եկեք ընդհանրապես չխոսենք/, իսկ ով էր ուզում սերիալասերի աչքին թոզ փչել: Իսկ գոռգոռոցներն ու հիստերիաները պարզապես բառերը մոռանալու մասին են վկայում:
            Ուսումնասիրեցի նաև այն տարածքները և բնակարանները որտեղ կատարվում են նկարահանումները: Էլիտար բնակարաններում և թաղամասերում կատարված նկարահանումների մասին չեմ գրի, դե բան էլ չկա գրելու. թանկարժեք կահույք, եվրոնորոգած բնակարան, թանկարժեք ավտոմեքենաներ… Պատկերը լրիվ ուրիշ է, երբ փոքր լիմիտով սերիալներում հաճախակի ցուցադրվում են բազմահարկ շենքերի «պադեզդ»-ները: Շատերիս համար «հարազատ» միջավայրում ենք անմիջապես հայտնվում. ծեփը թափած, կիսով չափ մուգ կանաչ ներկված պատեր, «պադեզդ»-ի ամենագեղեցիկ աղջկա անունը վրեն քաշած, ինչը ապացուցում է, որ մեր սոց անցիալը դեռ մեզ հետ է: Իսկ եթե դեպքերը կատարվում են փողոցում, աղբամաններով, տոպրակներով ու շշերով պեյզաժները անխուսափելի են: Բան չունեմ ասելու, գուցե մարդիկ ուզում են բնական ու անմիջական երևալ, իսկ, այ, չուզողների մոտ այն պրիմիտիվիզմի և նատուրալիզմի սաղմաբջիջ են հիշեցնում:
            Ի՞նչ եզրահանգումներ արեցի, մոտովորապես, իհարկե, Իմ սերիալում սաունայի, լողափի և նամանավանդ էրոտիկ տեսարաններ չեն լինելու, քանի որ նպատակս ցմփոր ու մազմզոտ ֆիզանոմիաներ ցուցադրելով մարդկանց կոշմարների մեջ գցելը չէ, չեն լինելու հարբած մարդիկ` իրենց հետևանքներով, մարդագողություն և կրիմինալ: Իսկ գուցե, ի սկզբանե, սերիալների նպատակը  մեզ շրջապատող կյանքը բառացիորեն վերարտադրելն է: Այդ դեպքում մենք հաստատ կհայտնվենք սերիալային մազոխիզմի ամենավերի սանդղակում: Դա էլ ձեռք բերում է, բայց եթե այդպես է` ես հրաժարվում եմ իմ ստեղծագործական նկրտումներից: Իսկ եթե այդպես չէ՞, և ուղղակի առողջ մրցակցության պակաս կա՞: Ինչպես ասում են յոլա են գնում ձեռքի տակ եղած «մատերիալով», առանց ընտրության, մի քանիսի կասկածելի ճաշակով ու մտահղացմամբ:
            Ինչ իմանաս, գուցե մի ինչ որ հեռուստաալիքի խելքին փչի սերիալների սցենարների մրցույթ հայտարարել: Այ, այն ժամանակ ես էլ, դուք էլ կփորձենք մեր ուժերը, թե չէ կողքից քննադատելը հեշտ է:
            Մեծ աշխարհ է և ամեն ինչ հնարավոր է այս մեծ աշխարհում:

                                                                       Վարդիկ Վարդազարյան

Search This Blog