Friday, August 6, 2010

Զրույց Դավիթ Անհաղթի հետ


Դավիթ Անհաղթ, ինձ թույլ եմ տալիս քեզ դու-ով դիմել, որովհետև հարազատ մարդ ես: Արդեն քանի տարի, ամեն օր ես քեզ բարի լույս եմ մաղթում կանգառում` կանգնած քո գեղեցիկ արձանի դիմաց, և, հետո, տարիքս ու սեռս, կարծում եմ, դա թույլ են տալիս: Քանի որ հիշեցի տարիքս, արի զրուցենք տարիքից: Քո ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են, միայն գիտեմ, որ ծնվել, ապրել, փիլիսոփայել, ստեղծագործել, մահացել ես 5-6-րդ դարերի միջև ընկած ժամանակահատվածում: Երբ հայտնի չեն մարդու ծննդյան և մահվան տարեթվերը, այդ անձնավորությունը մի տեսակ առեղծվածային է դառնում, խորհրդավոր: Այդ փաստի շուրջ երկար մտածելով, կներես, քո պարագայում մի միտք ինձ հանգիստ չի տալիս: Դա այն է, որ այդ խորհրդավորությունը անձիդ շուրջ ինքդ ես մտածված ստեղծել: Ինչու եմ այդպես մտածում, որովհետև կարծում եմ, որ այդքան գրքերի հեղինակի ձեռքը ինքն իրեն նյութի վերջում կդներ տարեթիվը, ամսաթիվը, անգամ կնշեր` արևոտ օր է, թե անձրևում է: Կարող է` սխալվում եմ, իմ չափանիշները այժմեական են , իսկ քո ապրած ժամանակը այնքան հեռու (15 դար և մի բան էլ ավելի առաջ): Զարմանալի է և միաժամանակ զարմանալի չէ, որ դու` փիլիսոփադ, ինտելեկտուալդ, երաժիշտդ  ու բանաստեղծդ չես ցանկացել անձնականդ ի ցույց դնել, հասարակության սեփականությունը դարձնել: Չեմ կասկածում, որ քո տիեզերական բարձրությունից ինձ հասկանում ես: Այսօրվա քիչ,  թե շատ հայտնի մարդիկ այնպիսի մանր-մունր բաներից են խոսում, որ հասարակ մահկանացուի մոտ անորոշ է գառնում մեծության չափանիշը: Քո ժամանակ ինտելեկտուալները հավաքվում էին մի տեղ և զրուցում բարձր, աստվածային գաղափարներից, փորձում գտնել մարդու տեղն ու դերը այս մոլորակի վրա, ստեղծում օրենքներ համայն մարդկության համար: Դու անհաղթ էիր, որովհետև միտքդ ու խոսքդ հստակ էին ու հաստատուն: Դու գիտեիր` ինչ ես ուզում ասել և ասում էիր հենց քո ուզածը: Հիմա այլ են ժամանակները: Կներես, մեծ մտածող, բայց այսօրվա վիճաբանությունից դու էլ գլուխ չէիր հանի: Համոզված եմ` եթե ներկա գտնվեիր խորհրդարանի նիստերից գոնե մեկին, փորձեիր դիալոգի մեջ մտնել պատգամավորներից որևէ մեկի հետ, կսասանվեր քո «Անհաղթ» տիտղոսը:

 Առաջին հայացքից չէիր նկատի այն կեղծ մթնոլորտը որ տիրում է այնտեղ: Գլխի չէիր ընկնի, որ «լավ» օրենքները, որ ընդունվում են, կեղծ են, թվացյալ: Դու գլուխ չէիր հանի, որովհետև դրանք փիլիսոփայական ոչ մի կատեգորիայի մեջ չեն մտնում: Թվում է, թե ընդունվել է օրենք, որը կամ չի գործում, կամ ինքն իրեն հակասում է, կամ էլ մեկի համար աշխատում է, մեկի համար` ոչ:

Դու ազնիվ ես եղել քո ժամանակ: Մտքիդ ու սրտիդ ուզածը նույնն է եղել: Հիմա այլ է. սրտի ուզծն ուրիշ է, մտքի ասածը` ուրիշ: Կեղծ հարթության վրա ենք ապրում: Հիմա էլ կան մարդիկ, ովքեր ճշգրիտ գիտեն, թե ինչ են ուզում այս կյանքից, բայց ի լուր աշխարհի ուրիշ բան են ասում: Կեղծիքը դարձել է կենսաձև: Մեկը մեկին չի հավատում, որովհետև բարձր գաղափար չկա: Շատերի մոտ գաղափար աթոռի տեսք է ստացել:
«Արդար մարդը երջանիկ է, եթե նույնիսկ անտեսվի և ապականվի, իսկ անիրավը, չարը` թշվառական, թեպետև հարգվի, համարվի օրինակելի»: Քո մտքերից է: Հաճախ եմ կարդում և փորձում սփոփվել: Չեմ փորձում արդարն ու անարդարը ջոկջկել իրարից, որովհետև մեր իրականութան մեջ դրանք ապարդյուն  փորձեր են: Դու միշտ մեծարել ես մարդուն, ընդգծել նրա բացառիկ դերը տիեզերքում: Գուցե թե քո ապրած ժամանակում այդպես էր. մարդը բիոլոգիական սուբյեկտ լինելուց բացի նաև բանականությամբ օժտված անհատ էր: Հիմա ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ բանականությունը մարդուն պետք է այնքանով, որ նա պահպանի իր բիոլոգիակա սուբյեկտը: Եվ այդ բանականությունը շատ վախվորած է, մոլորված, կեղծիքի մեջ խրված: Ով ինչ քայլի դիմում է, առաջինը օգուտի մասին է մտածում, թե այն որքանով իրեն կջերմացնի:

Դավիթ Անհաղթ, երանի քեզ, քո ապրած ժամանակներում մեծ գաղափարներ են եղել, ազգային մտածողության, արժանապատվության: Մեր օրերում դրանք ուղղակի բառախաղեր են, որ աճպարար քաղաքական գործիչների և պաշտոնյաների լեզվին տարբեր կոնֆիգուրացիաներ են ստանում:

Ես չէի ցանկանա, որ մեր զրույցը այսպիսի ընթացք ստանար: Կուզենայի ավելի շատ զրուցեինք քո պոեզիայի, երաժշտության մասին: Բայց իմ տրամադրությունն այսօր լիրիկական չէ:

                                                                                                
Վարդիկ Վարդազարյան

No comments:

Post a Comment

Search This Blog