Friday, November 26, 2010

Սպառենք, որ չսպառվենք


Նոր բարքեր են. նախ որոշեցին, որ մեր ընտանիքի պլանավորմամբ պետք է զբաղվեն ուրիշները, հիմա էլ նույն այդ ուրիշները /կամ նրանց դրդմամբ` մերոնք /, մեզ են առաջարկում սպառողական զամյուղներ, յուրաքանչյուրիս (ավելի ճիշտ, շա˜տ հասարակ մահկանացուներիս) հատկացված պարենի այն նվազագույն քանակը, որը պետք է սպառենք, որ չսպառվենք: Այդ զամբյուղի հույսին մնացողներին, միանգամայն ազնիվ մղումներով առաջնորդվելով, խորհուրդ եմ տալիս հնարավորինս արագ հրաժարվել այնպիսի «վնասակար» սովորություններից, ինչպիսիք են`

ա) օրը երեք անգամ սնվելը,

բ) համով բաներ ուտելը,

գ) ընտանեկան տոնախմբությունները,

դ) անսպասելի հյուրի համար բաժին պահելը:

    Որոշ բարոյահոգեբանական ցնցումներն անխուսափելի են, բայց դրական հետևանքներ  էլ կարելի է արձանագրել: Նախ, մարդն ազատվում է պարեն ընտրելու հոգսից: Հիմա կարող ես ուտել այն,  ինչ կգտնես քո սպառողական զամբյուղում: Եթե այնտեղ միայն մի բուռ սիսեռ է, ուրեմն կեր սիսեռը հատիկ-հատիկ, ճիշտ հաշվարկով: Հիշիր, ամիս կա 30 օր ունի, ամիս էլ կա, ցավոք սրտի, 31 օր ունի, բայց դրա կողքին էլ փետրվար ամիսը կա, որն, ինչպես հիշում եք, հիմնականում 28 օր ունի:

Երկրորդ, մարդուն տրվում է երազելու անսպառ հնարավորություն: Փակում ես աչքերդ ու երազում, թե իբր քո սպառողական զամբյուղը շփոթել են պատգամավորի կամ նախարարի սպառողական զամբյուղի հետ: Հիշո՞ւմ ես, թե այն նեղ ծակով Պույ-պույը ոնց ընկավ կոկոսի մեջ և ինչ հրաշալի պահեր ապրեց: Դասական տարբերակը թող քեզ օրինակ ծառայի:

Երազենք, երազենք նաև, որ հանկարծ չգա այն օրը, երբ դոլլար-դրամ վայրիվերումների հետևանքով կամ նոր հաշվարկների արդյունքում մեր սպառողական զամբյուղի անկյունում ընդամենը մի կապ խառը կանաչի չգտնենք ու ստիպված լինենք` երանությամբ ու ափսոսանքով հիշել այն օրերը, երբ հատիկ-հատիկ ուտում էինք մեզ բաժին հասած մի բուռ սիսեռը:



Վարդիկ Վարդազարյան

Tuesday, November 16, 2010

Բոնուս` սթրեսի դիմաց



Կյանքս համատարած սթրեսների շարան է: Մտածում եմ, եթե հայտնի քաղաքակիրթ երկներից
մեկում ապրեի, դատի կտայի և հակասթերսային փոխհատուցման գումարներով ոտս ոտիս գցած լավ
էլ կապրեի: Բայց քանի որ մեր երկրում դեռևս նման բան չկա` այսպես էլ ապրում եմ` անհատույց
սթրեսային վիճակում: Սթրեսի` հնուց եկող շատ պատճառներ կան, բայց դառնամ և խոսեմ մերօրյա
պատճառների, հենց, ասենք, վերջին ընտրությունների մասին: Ինձ սթրեսային վիճակի է հասցնում
այն միտքը (պատճառը բացահայտված չէ), թե ինչո՞վ են զբաղվելու չվերընտրված, այսինքն`
նախկին պատգամավորները, նամանավանդ մի քանի հայտնի դեմքեր (անուններ չտանք): Արդեն
քանի տարի այդ մարդիկ սովորել էին իրենց աթոռին, իրենց կոճակին, իրենց լսափողին, միայն
իրենց հատուկ բառակապակցություններին, էլ չեմ ասում` իրենց աշխատավարձին: Հիմա ո՞նց են
ապրելու առանց այդ ամեն ինչի:
Կամ պակա՞ս սթրես է, որ քեզանից բացի մնացածը կամ միլիոն են շահում, կամ ավտոմեքենա:
Արի ու դիմացիր:
Սթրեսի լուրջ պատճառ են նաև հեռուստատեսային ինտելեկտուալ խաղերը: Որպես նախկին
գերազանցիկ հետևում եմ դրանց, և ամեն անգամ մեկ-երկու սթրեսն անպակաս է ինձնից:
Ո՞ր մեղքիս համար` չգիտեմ: Եթե միլիոն վաստակելու ցանկություն է դրսևորել, ասենք,
լեռնամետալուրգը, ես աղոթում եմ, ար հարցը ոչ լեռներին առնչվի, ոչ էլ առավել ևս,
մետալուրգիային: Եթե խաղացողը ֆիզիկոս է` հարցը թող շրջանցի ֆիզիկան, իսկ եթե
լեզի և գրականության մասնագետ է... Դուք էլ նկատած կլինեք, որ մարդիկ ֆանտաստիկ
անտեղյակություն են ցուցաբերում հատկապես իրենց մասնագիտությունից: Օրինակ օտար
լեզուների համալսարանի ուսանողը կարող է չիմանալ, որ «Մարդակային կատակերգության»
հեղինակը Օնորե դը բալզակն է: Կամ բարձրագույն կրթությամբ, բարետես երիտասարդը շատ
հանգիստ կարող է ասել, որ սարդարապատի ճակատամարտը «հավանաբար տեղի է ունեցել 20-
րդ դարում» (իրեն այդպես է թվում)... Սրանից էլ ուժեղ սթրեսի պատճա՞ռ: Նմանատիպ մեկ
այլ հեռուսատախաղի ժամանակ լուրջ ու երկար (շատ երկար) հարցերի կողքին, մեկ էլ, որպես
երաժշտական հարց, կարող է հնչել ռուսական ժամանակակից էստրադայի որևէ երգչի կատարում:
Որ ի՞նչ...
Ծանր սթրեսը հաղթահարելու մղումով փոխում եմ ալիքը, և «Գյուլնարա, սիրուն Գյուլնարա…» :
Աստված իմ, այս էլ ո˜րերորդ անգամ…Լռության մեջ հանգստություն գտնելու ակնկալիքով
անջատում եմ հեռուստացույցը, բայց ներքևի հարկից, վերևից և կողքերից մանկահասակ աղջկա
կեղեքիչ ձայնը շարունակում է. «Գյուլնարան խալիչա է գործել, խան»…

Հունիսի 1-ին հայոց լեզվի քննությունն ինձ հետ ոչ մի կապ չուներ, բայց էլի սթրես տարա: Նախ
սիրտս ահով լցրեցին այդ արկղերը, որ Լոնդոնից Երևան հասան ու ձեռքից ձեռք անցնելով` հասան
քննասենյակներ, հետո այդ “խաչիկ-մաչիկ”-ային, երկար-բարակ բացատրություններով տեստերը:
Միակ հուսադրողը բանն այն էր, որ ես, փառք Աստծո, քննություն հանձնողների մեջ չէի:
Վերջերս էլ ուղղակի մղձավանջային երազներ եմ տեսնում Մատենադարանի շուրջ ծավալված

թվայնացման, թե՞ թվանշացման աղմուկի պատճառով: Երազներիցս մեկում նույնիսկ
Մատենադարանի շենքն էին ԱՄՆ տեղափոխել…
Եթե սթրեսների պատճառը միայն հեռուստացույցը լիներ կանջատեի ու չէի էլ միացնի, բայց
պատճառներն ամենուր են: Դռան զանգը տալիս են` վախենում եմ բացել, կամ եհովայի վկաներն
են, կամ էլ օգնություն են խնդրում: կեսգիշերն անց մի քանի հաբ կուլ տալուց, տիբեթական քնաբեր
վարժություններից հետո հազիվհազ աչքս կպչում է, մեկ էլ բակում շարված ավտոմեքենաներից
մեկը սկսում է աղիողորմ “ճչալ”: Դե, եկ ու մի խենաթանա: Այսինքն հետո գոնե հակասթրեսային
ինչ-որ փոխհատուցում ստանայի: Դա էլ իմ «բոնուսը» կլիներ:

Վարդիկ Վարդազարյան 2009  / եթեր շաբաթաթերթ/

Search This Blog