Տագնա՞պ...մեղմ է ասված, համարյա խուճապ: Մարդ կա` Ամանորը հիշելիս աչքերից տապականեր, չարազներ, չալաղաջներ, էկզոտիկ աղցաններ ու այլևայլ կայծեր են թռչում, մարդ էլ կա` Ամանորի մոտենալու հետ խուճապից աչքերի առաջ սևանում է ու ոչինչ չի տեսնում:
Դեռ դեկտեմբերի սկզբից ինձ համակած տագնապներս ուզում եմ կիսել իմ պես տագնապահարների հետ:
Արդեն քանի տարի է, ինչ մոտենում է Ամանորը` նախկինում իմ սիրած տոնը (այդ ե˜րբ էր), ցավով ու դժգոհությամբ հիշում եմ, որ Ամերիկայում, Եվրոպայում կամ գոնե ԱՊՀ երկրներից որևէ մեկում մի ծանոթ, բարեկամ չունեմ, որ մի քանի հարյուր դոլար ներդներ ընտանիքիս ամանորյա խնջույքը կազմակերպելու համար, ու մենք էլ վերը նշված տապական, էկզոտիկ աղցանները, չարազները վայելած, գոհ ու երջանիկ թևակոխեինք 2008 թվականը, որը, ինչպես ասում են, Մկան կամ Առնետի տարի է: Պատկերացնու՞մ եք ինչքան թակարդ կլարեն…
Խաչ քաշելով ներդրում կատարող գտնելու մտքի վրա` փորձում եմ իմ խաչը քիչ թե շատ արժանավայել տանել և դուրս գալ իրավիճակից… և սկսում են ծանրութեթև անել նախամանորյա պլյուսներն ու մինուսները:
Ասում են, չէ՞ մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը: Լավ չէ՞ր 2007 –ը: Խոզի տարի էր, խորհուրդ չէր տրվում սեղանին խոզի բուդ դնել, և ով հնարավորություն չուներ բուդ գնելու, հանգիստ խղճով խնայեց 10-15 հազար դրամ` պատճառաբանելով, թե չի կարելի Խոզուկին նեղացնել: Հիմա խոզի բդին գումարվելու է Առնետին սիրաշահելու նպատակով սեղանին դրվող պանրի ճոխ տեսականին: Բայց ելք միշտ էլ կգտնվի, կարող եք աֆրիկյան ժանտախտը պատճառ բռնել (թեև ասում են վտանգավոր չէ):
Դառնանք տոնածառին և նրան մոտանենանք այլընտրանքային տարբերակով: Ի՞նչ է բնական ծառը տուն բերելու ու զարդարելու երևույթը. բարբարոսկան վերաբերմունք հայերի բնաշխարհի, էկոլոգիայի և, վերջապես, մեր հանդեպ: Բավական է այսպես մտածենք, և միանգամից լուծում ենք բնական ծառ գնել- չգնելու հարցը` հօգուտ չգնելու: Արհեստական էլ կարող եք չգնել` «բա բնականի տե˜սքը, փշատերևի բո˜ւյրը» միանգամայն հիմնավորված պատճառաբանությամբ (նկատենք, որ այսօր արհեստական շատ տոնածառերի գներ գրեթե չեն զիջում բնական ծառերի գներին): Հարցի այլ լուծում ենք առաջարկում: Քանի որ մենք ոչ մի բան չթափող ազգ ենք , խորդանոց–«չուլանների» ամենաբարձր դարակները քրքրելուց հետո հաստատ կգտնենք տատիկի տատիկից մնացած մի բարի ու հնաոճ տոնածառ: Ոչինչ որ այն մի փոքր ծռված կլինի, իսկ խաղալիքները` գունաթափ, հիմա դա իր անունն ունի`«ռետրո»: Իսկ եթե դա էլ չգտնեք, վարագույրին թղթից տոնածառ կպցնելը միշտ կա ու կա (սա էլ քեզ մութ ու ցուրտ տարիներից մնացած «ավանգարդ ոճ»): Ինչպես նկատեցիք, տոնածառից էլ տնտեսեցինք:
Չմոռանաք, որ նկատելիորեն կտնտեսենք, եթե կտրականապես հրաժարվենք «գեղեցկության սրահ» գնալուց: Ազատ կարող եք պաշտպանվել «քիթ սրբելու ժամանակ չկա» դասական արտահայտությամբ: Եվ անհնազանդ մազերը փաթաթելով մեր թվարկությունից առաջ արտադրված երկու «բիգուդիով»` վերջին վայրկյանին շրթներկ քսելով կդիմավորենք հերթական ամանորը:
Մինուսներից չեմ ուզում խոսել, որովհետև դրանք չափազանց շատ են: միայն հիշեցման կարգով ասեմ, որ հունվարի 4-ին, շատերի մոտ արդեն 3-ին, չարազի միջի վերջին չամիչի հետ հօդս են ցնդում մեր կեղծ ուրախությունները, մանավանդ երբ նայում ենք հոսանքի, գազի, ջրի, հեռախոսի հաշվիչներին և հաշիվներին:
Դե, լավ, մի տխրեք, այս բոլորն, իհարկե, կատակ էր: Բարին ընդ ձեզ: Կհանդիպենք 2008-ին:
Վարդիկ Վարդազարյան