Thursday, July 29, 2010

ՄԵԿ ԷԼ ՏԵՍԱՐ ԱՅԴ ՕՐԸ ԵԿԱՎ


Ցանկացած անծանոթ տիրույթ մտնելուց առաջ հարկավոր է մի լավ ուսումնասիրել դաշտը: Սա այն սոցիալ-կենցաղա-բիզնեսային նախավերջին միտքն էր /ոչ վերջինը/, որ ծագեց,երբ որոշեցի բախտս փորձել սերիալի համար սցենար գրելու մեջ. դաշտը համեմատաբար նոր է բացահայտված, և կարելի է ասել կիսախոպան վիճակում է գտնվում: Ուզում եմ ասել, քանի դեռ տարածքը  ամբողջովին սեփականաշնորհված չէ, ուսումնասիրությունների և եզրահանգումների լայն հնարավորություններ է ընձեռնում: Ինչի՞ց սկսեցի և ու՞ր հասա:
Նախ  ուշադրությունս սևեռեցի այսօրվա հայկական սերիալների սյուժեների, այսինքն    բովանդակության վրա, բայց այդ խառնախճողակի մեջ ձախողման ենթարկվեցի, որովհետև ոչ մի տրամաբանական հետևության այդպես էլ  ինձ չհաջողվեց հանգել: Պարզապես,մի քանի արդեն վաղուց ձգձգվող, վերջը չերևացող սերյալից հետո, նորից ինքս ինձ համար վերահաստատեցի  այն հանճարեղ միտքը, որ հիմարությունը սահման չունի: Ձեռք քաշելով սերիալների բովանդակության քննազննողական մտադրություններիցս, ուշադրությունս սևեռեցի դերասանական խաղի վրա, և գիտե՞ք,  ամենածիծաղելին այն էր, որ ես պարզապես սկսեցի հետևել, թե այդ օրը ով էր իր խոսքերը լավ սովորել /դերակատարման մասին եկեք ընդհանրապես չխոսենք/, իսկ ով էր ուզում սերիալասերի աչքին թոզ փչել: Իսկ գոռգոռոցներն ու հիստերիաները պարզապես բառերը մոռանալու մասին են վկայում:
            Ուսումնասիրեցի նաև այն տարածքները և բնակարանները որտեղ կատարվում են նկարահանումները: Էլիտար բնակարաններում և թաղամասերում կատարված նկարահանումների մասին չեմ գրի, դե բան էլ չկա գրելու. թանկարժեք կահույք, եվրոնորոգած բնակարան, թանկարժեք ավտոմեքենաներ… Պատկերը լրիվ ուրիշ է, երբ փոքր լիմիտով սերիալներում հաճախակի ցուցադրվում են բազմահարկ շենքերի «պադեզդ»-ները: Շատերիս համար «հարազատ» միջավայրում ենք անմիջապես հայտնվում. ծեփը թափած, կիսով չափ մուգ կանաչ ներկված պատեր, «պադեզդ»-ի ամենագեղեցիկ աղջկա անունը վրեն քաշած, ինչը ապացուցում է, որ մեր սոց անցիալը դեռ մեզ հետ է: Իսկ եթե դեպքերը կատարվում են փողոցում, աղբամաններով, տոպրակներով ու շշերով պեյզաժները անխուսափելի են: Բան չունեմ ասելու, գուցե մարդիկ ուզում են բնական ու անմիջական երևալ, իսկ, այ, չուզողների մոտ այն պրիմիտիվիզմի և նատուրալիզմի սաղմաբջիջ են հիշեցնում:
            Ի՞նչ եզրահանգումներ արեցի, մոտովորապես, իհարկե, Իմ սերիալում սաունայի, լողափի և նամանավանդ էրոտիկ տեսարաններ չեն լինելու, քանի որ նպատակս ցմփոր ու մազմզոտ ֆիզանոմիաներ ցուցադրելով մարդկանց կոշմարների մեջ գցելը չէ, չեն լինելու հարբած մարդիկ` իրենց հետևանքներով, մարդագողություն և կրիմինալ: Իսկ գուցե, ի սկզբանե, սերիալների նպատակը  մեզ շրջապատող կյանքը բառացիորեն վերարտադրելն է: Այդ դեպքում մենք հաստատ կհայտնվենք սերիալային մազոխիզմի ամենավերի սանդղակում: Դա էլ ձեռք բերում է, բայց եթե այդպես է` ես հրաժարվում եմ իմ ստեղծագործական նկրտումներից: Իսկ եթե այդպես չէ՞, և ուղղակի առողջ մրցակցության պակաս կա՞: Ինչպես ասում են յոլա են գնում ձեռքի տակ եղած «մատերիալով», առանց ընտրության, մի քանիսի կասկածելի ճաշակով ու մտահղացմամբ:
            Ինչ իմանաս, գուցե մի ինչ որ հեռուստաալիքի խելքին փչի սերիալների սցենարների մրցույթ հայտարարել: Այ, այն ժամանակ ես էլ, դուք էլ կփորձենք մեր ուժերը, թե չէ կողքից քննադատելը հեշտ է:
            Մեծ աշխարհ է և ամեն ինչ հնարավոր է այս մեծ աշխարհում:

                                                                       Վարդիկ Վարդազարյան

ՄԻՆՉԵՎ ՈՐՏԵ՞Ղ

Ժամանակներ կային, երբ այսքան տոներ սիրուն նվիրված, չկային, կամ էլ կային, մենք էինք անտեղյակ: Այսօր տոների առատություն է և շատ լավ է, որ այդպես է, որովհետև սիրո տոներից օգուտից բացի, վնաս չկա: Մեր սուրբը, թե ուրիշինը, ինչ տարբերություն, միայն թե սերը պաշտպանվի, սիրող սրտին օգնող լինի: Խոսքս ուրիշ բանի մասին է:
Մենք էլ չիմացանք, թե ինչպես /սահուն ու աննկատ/, իսպառ վերացման վտանգի տակ հայտնվեց մարդկության մեծագույն ձեռքբերումներից մեկը` նամակը: Քիչ, թե շատ պահպանվում է բանակից տուն, բանակից սիրած աղջիկ նամակագրական կապը, բայց դա էլ իր վերջը կունենա, քանի որ բջջային հեռախոսները ներխուժում ու գրավում են նաև այդ տարածքները: Մեկ էլ թերևս նամակներ են գրվում սիրված հաղորդաշարներին, հավանաբար իներցիայով /երաժշտական փոստարկղ և այլն/: Այսօր արդեն դժվար է պատկերացնել ժամանակակից մարդուն նամակ գրելիս. «Բարևագիր…»…  Հիմա դա արդեն անցիալի քաղցր հիշողություն է, ժամանակակից լեզվով գավառամետություն, հնահոտ և հնաոճ երևույթ: Մի բան հաստատ է, որ ժամանակակից մայրիկ-հայրիկները իրենց զավակներին կամ ապագայում թոռնիկներին չեն զարմացնի ստացած սիրային նամակներով, բացիկներով, քառատողերով / sms-ները հո չես պահի/:
Նամակների հետ վերացան նաև տոները շնորհավորհող բացիկները, որոնց դարձերեսին մի քանի տող, մի քանի սրտից բխած խոսք էինք գրում, որը միայն մերն էր, միայն մերը: Հիմա  կկանգնեն ու դեմքիդ կասեն. «ի՞նչի վրա ես, հիմա էնքան լավ-լավ բաներ կան, դու նրանցից լա՞վ պիտի գրես»: Ինչ մտքովդ անցնի կա. սրտիկ-սրտիկ, պռոշ-պռոշ, թաթիկ-թաթիկ, փայլեր, փուլեր, փումփուլիկներ, բումբուլիկներ, ուլունքներ, ֆանտիկներ, իսկ ներսում անգլերեն կամ մի ուրիշ լեզվով սիրային խոսքեր, շնորհավորանքներ, որոնց 90 տոկոսը չենք էլ հասկանում:
Ուզու՞մ ես սեր խոստովանել, մի տանջիր քեզ, քո փոխարեն արդեն մտածել են, իսկ քեզ մնում է միայն sms հավաքել, նաև սիրային քառյա՞կ է պետք, ընդամենը մյուս sms-ը հավաքիր և պատրաստ է անծանոթ մեկի սիրո խոստովանությունն ու քառյակը, իսկ արդյունքում  կստացվի ուրիշային, կեղծ սիրո խոստովանություն:
Ամենաաններելին այն է, որ տաս տարի /այժմ արդեն 12 տարի/ հայոց լեզվով կրթություն ստացող երիտասարդը հրաժարվում կամ ամաչում է իր ձեռքով գրել իր սիրո խոստովանությունը և մեր ծով պոեզիայից ընտրել սիրային քառյակ իր սիրելիի համար: Սիրահարներ միշտ լինելու են ու կան /և փառք Աստծո, որ այդպես է/, ցավալին այն է, որ չեն գրվում սիրային տառապանքներից, արցունքների միջից ծնված տողերը, քառյակները, որոնք շատերի համար բանաստեղծ դառնալու առաջին քայլերն են եղել:
Վերջին տարիներին շատ բան փաթաթեցին մեր վզին: Մենք էլ արտաքին կեղծ էֆեկտներով զարմացած, հիացած ու ապշած փաթաթվեցինք ու շարունակում ենք փաթաթվել ու փաթաթվել դրանց մեջ:
Թեկուզ ծաղիկները: Մեր սիրելի քնքուշ մեխակները, վարդերն ու դաշտային ծաղիկները շատ հեշտությամբ փոխարինեցինք այլահոտ, այլաոճ, պարարտ ու փարթամ ծաղիկների կառույցներով: Այսօր գավառամետի տպավորություն կթողնես, եթե մի քանի սպիտակ մեխակներ գնես  և քո ձեռքով դնես քո սիրելի ծաղկամանի մեջ, կամ քո սիրելիին հղած բացիկի մեջ չորացած վարդի մի քանի թերթիկ դնես: Ի՞նչի մասին է խոսքը: Ո՞ր դարում ես:
Մի խոսքով ուրիշի ճաշակով երաժշտություն ենք լսում, սիրո խոստովանություն անում, ծաղիկներ նվիրում, և էլի ու էլի շատ բաներ:
                                                                                   
  Վարդիկ Վարդազարյան

Search This Blog