Wednesday, December 22, 2010

Սրճա-շահումա-խմույթ

Ուրիշների հետ գործ չունեմ: Ես իմ մասին եմ ուզում պատմել: Ինչո՞ւ: Պարզապես որոշեցի ձեռք բերած փորձիս մասին ձեզ նույնպես տեղյակ պահել: Կօգնի դա ձեզ, թե չի օգնի, դա արդեն ես չեմ կարող իմանալ: Ինչևէ:

Ասեմ, որ հանկարծակի հիսաթափվեցի տարատեսակ լոտոներից: Հիասթափությունս խորն է և վերջնական, իսկ պատճառները` հասկանալի: Հիմա երկար-բարակ չեմ նկարագրի այն ապրումները, որ առաջանում են փշուր-փշուր եղած երազանքների, ձախողված պլանների արդյունքում: Միայն կասեմ “տառապանքս փորձ ունի” (շնորհակալություն բանաստեղծին):

Տառապելը տառապեցի, բայց դրանից չպետք է հետևություն անել, որ մեջս մեռավ մի բան շահելու անհագ ցանկությունը: Հիմա բոլորս գիտենք, որ եթե ցանկությունը չի բավարարվում, մարդը ձեռք է բերում անբավարարվածության բարդույթ, որի բուժման մասին բժիշկները տարակարծիք են: Նման մտավախությունների մեջ էի, երբ խելոք մարդիկ, ասես կարդալով մտքերս, վաճառքի հանեցին շահովի սուրճը: Սկսեցի օգտվել «հաճելին օգտակարի հետ» դասական տարբերակից: Գնում եմ շահովի սուրճ, հույսով, հավատով խմում, եթե սուրճի «թանձր» մգության մեջ թղթի պոչ եմ տեսնում, վայելում եմ այն բերկրանքը, որ կարող է տալ շահումի հույսը, իսկ եթե չեմ տեսնում թղթի պոչը, սփոփվում եմ մեծ բաժակ դառը սուրճով: Բերեմ լուրջ ստատիստիկ տվյալներ: Նախօրոք ասեմ, որ իմ առաջին փորձը լրիվ ձախողման ենթարկվեց: 9-ամսյա հետևողական սրճխմույթից հետո (ոսկյա շղթա ձեռք բերելու փայփլուն հույսով) ունեցա 45 կտրոն` համաստեղության նշաններով, 12 այծեղջուր, 5 կույս...բայց իմ բախտից այդպես էլ չշահեցի 12-րդ ամսվա կտրոն, ոսկյա շղթա ձեռք բերելը մնաց որպես պլպլան երազ: Բայց խառնվածքով հեռատես լինելով կտրոնները պահում եմ, ի՞նչ իմանաս ո՞նց կլինի, ինչպես օրինակ խնայդրամարկղներում սառեցված գումարների պատմությունը:

Չար լեզուներն ասում են, իբր այդ XII-ին այդպես էլ ոչ ոք չի տեսել: Սրճա-կտրոնա-հավաքման շրջանում ես շատ ծանոթներ ձեռք բերեցի: Պարզվեց, որ ինձ նման շատերն են տառապում այդ «հիվանդությամբ»: Մենք հասցեներ, հեռախոսահամարներ էինք փոխանակում, կտրում անցնում Երևանը ծայրից ծայր կտրոններ փոխանակելու համար, անպայման սուրճի նոր տուփով և այլն, և այլն: Անգամ միտք ծագեց հասարակական կազմակերպություն ստեղծել. «Սրճախմույթ շահում» ԲԲԸ:

Մի բան շահելու, ձեռքիս մեջ շահումը շոշափելու ցեցը ինձ ուտում էր և ես ընկա փնտրտուքի մեջ. փորձում էի բոլոր շահովի սուրճերը, օգտվում ամենաթարմ տեղեկատվությունից, խորհրդակցում մարդկանց հետ: Արդյունքում` ունեմ 9 մոխրաման, 4 բաժակ: Մոխրամանները երեքական դասավորել եմ պահարանում, բաժակները օգտագործում եմ:

Ինչպես ասում են` ախորժակը ուտելուց է բացվում: Մինչև վերջ անկեղծ լինելով ասեմ, որ սուրճի համն ու հոտը ինձ չի հետաքրքրում: Ուղղակի հիմա ուրիշ նպատակներ ունեմ, ուզում եմ արդուկ, լվացքի մեքենա շահել: Ահա նման «արտառոց», բայց ոչ անիրականալի երազանքները փայփայելով գնում ու խմում եմ սուրճ:

Արդյունքում ունեմ լիքը կտրոններ, տառապում եմ անքնությամբ: Բժիշկս ագելել է սուրճ խմել, բայց մեծ նպատակները զոհողություններ են պահանջում: Ահա այսպես էլ ինձ տված սրճմոլության ապրում եմ:

Փառք աստծո, Հայաստանում ապրանքներից շատերը շահովի են` պաղպաղակներ, մակարոնեղեն, լվացքի փոշի...,Այնպես որ սուրճից հրաժարվելու ղեպքում ապրանքի ընտրության պրոբլեմ չկա (կոնկրետ ինձ համար): Հետո ասում են էս երկրում ոչ մի զբաղվելու բան չկա, զբաղվեք էլի~...

Վ.Վ.


Tuesday, December 21, 2010

Չուզողություն, թե անհանդուրժողականություն

Հոգեվերլուծաբանի կարիք ունեմ: Գուցե թե նա ինձ բացատրի, թե այս ինչ դժգոհության, հակառակվելու մարմաջ Է ինձ կպել: «Չուզող» բառը նոր ծագում ունի: Այսինքն` ուզողը մի բան ուզողն Է, պահանջողը, իսկ չուզողը` այդ մի բանի չուզողն Է, բողոքողը, ընդվզողը: Կգտնվեն, իհարկե, այս բառի ուրիշ մեկնաբանություններ, բայց այն հարցի մասին, որ ուզում եմ խոսել, այսքանն Էլ բավական Է: Ստացվում Է` եթե բողոքող եմ, ուրեմն չուզող եմ: Համաձայն եմ կիսով չափ` բողոքող եմ, բայց` ոչ նախանձ: Ո՞ւմ Է պետք այսքան նրբանկատությունը, ինձ համար հանգիստ ապրում Էի, այժմ ամեն ինչ ազդում Է ինձ վրա: Կարդում եմ հեռուստւսալիքներից մեկով ազդարարվող աշխատանքի հրավերը եւ չուզողությունս բռնում Է: Ով չի կարդացել, ուզում եմ բառացի ներկայացնել տեքստը, իսկ հետո պարզաբանել դժգոհությունս. «Ուշադրություն, «Զվարթնոց» օդանավակայանում մատուցողուհիներ աշխատելու համար հրավիրվում են 18-23 տարեկան, գերազանց անգլերեն եւ ռուսերեն իմացող, 170 սմ հասակ ունեցող գեղեցիկ աղջիկներ»:

Այս հայտարարությունը դեռ անցյալ տարվանից պտտվում Է աչքերիս դեմ: Եթե այդ տվյալներով աղջիկները հրավիրվեին աշխատանքի այդ նույն օդանավակայանում որպես ուղեկցորդուհիներ, ինձ համար թերևս հասկանալի լիներ պահանջատիրոջ «բարձրաճաշակությունը», բայց մատուցողուհի աշխատելու համար այդպիսի~ պահանջներ... , այն Էլ երբ մեր` 145-160սմ հասակ ունեցող աղջիկները մատուցողուհիներ աշխատելու համար կտրում-անցնում են օվկիանոսը: Հիմա կասեք` Ամերիկայում նրանք համարվում են Էժան աշխատուժ: Եվ այդ «ցածր վարձատրվող» Ամերիկայում, աղջիկը կարող Է մի քանի ամսում այնքան աշխատել, որ փակի ճանապարհածախսի համար տոկոսով վերցրած պարտքը եւ դեռ մի քիչ Էլ դոլար բորի (եթե վերադառնա) ուսման վարձը փակելու համար: Հիմա դառնանք այդ աղջկա հայրենիքին` մեր Հայաստանին, որտեղ 165 սմ հասակն անգամ չի օգնի, որպեսզի այդ աղջիկը մատուցողուհի աշխատի (պահանջվում Է 170 սմ հասակ), եթե նույնիսկ տիրապետում Է անգլերենին եւ ռուսերենին (հայերենի մասին խոսք չկա): Իսկ եթե աղջիկը ի վերջո գտնում Է աշխատանք, նա իր գեղեցիկ դեմքով և երկար ոտքերով այնքան պիտի օրորվի-շորորվի, որ օտարազգիները եւ հայրենական օտարամոլները թեյավճար տան նրան 12-ից 14 ժամ աշխատանքի դիմաց: Եվ հետո զարմացած իրար ենք նայում եւ բացականչում. «Հայ աղջիկները ոնց փոխվեցին, հիմա նրանք բոլորին տվել-անցել են»: Հիմա կասեք, գործատերը իրավունք ունի իր պահանջները առաջ քաշելու, բոյ չունես` տեղդ սուսիկ-փուսիկ նստիր: Բոյ չունեմ, բայց աղջիկներ ունեմ, բարեկամներս աղջիկներ ունեն: Բա մեկը չկա՞ ասի դրանց`թոփ մոդե՞լ ես ընտրում, պոդիո՞ւմ ես հանելու այդ աղջիկներին, պիտի աշխարհին հիացնես հայ աղջիկների գեղեցկությամբ, խելք ու շնորհքով: Կան չգրված օրենքներ, որոնք Էլ հենց ձևավորում են ազգային արժանապատվությունը, հոգեբանությունը:

Եթե 18-23 տարեկան աղջիկը տիրապետում Է երկու լեզուների, ուրեմն`նա արդեն կիրթ եւ զարգացած աղջիկ Է եւ ցանկացած նորմալ երկրում կգտնի իր գիտելիքներին համապատասխան աշխատանք` համապատասխան աշխատավարձով: Մեզ մոտ աշխատանք առաջարկողները, օգտվելով երկրի խղճուկ եւ ողբալի վիճակից, այնպես են անում, որ մատուցողուհու աշխատանքը դառնա երկնագույն երազ, ինչպես ասենք, Հոլիվուդում նկարահանվելը, իսկ շատ աղջիկների Էլ գցում են թերարժեքության բարդույթի նոպաների մեջ: Եվ զարմանում ենք, թե ջահելները ինչպես են մեկնում օտար երկրներ: Մանկապարտեզներից սկսած` «հեռուն տեսնող» ծնողները նրանց անգլերեն ու ռուսերեն են սովորեցնում, որ ապագայում նրանց այդ կարճահասակ երեխաներն աշխատանք գտնեն գոնե օտարության մեջ:

Վ.Վ.

Search This Blog