Ողջույն, իմ փոքրիկ բարեկամ: Գիտեմ, հիմա կարդում ես. “Տատիկի խորհուրդներ” և բարձրաձայն, կամ մտքումդ ասում. “Պահո˜, սեփական տատիկի խորհուրդները քիչ էին, հիմա էլ մի օտար տատիկ է ինձ խորհուրդներ տալիս”:
Ես քեզ շատ լավ եմ հասկանում և գիտե՞ս ինչու, որովհետև, երբ փոքր էի, ես էլ չէի սիրում, երբ ինձ ասում էին սա չի կարելի, սա կարելի է, սա լավ է, իսկ սա վատ, և նման բաներ: Շտապում եմ քեզ հանգստացնել, բարեկամս, Ես այնքան էլ տրամադրված չեմ լուրջ-լուրջ խորհուրդներ տալու, պարզապես ուզում եմ զրուցել քեզ հետ: Իսկ եթե դու գտնես, որ խելքին մոտիկ բաներ եմ ասում, ուրեմն, ինչու չէ, կարելի է և որպես խորհուրդներ ընդունել ասածներս:
Անձամբ ինձ համար այս զրույցը անչափ հետաքրքիր է, թեկուզ այն պատճառով, որ ես պատկերացում չունեմ, թե այս պահին դու որտեղ ես, անձամբ ես կարդում այս տողերը, թե մայրիկդ է ընթերցում քեզ համար: Ինչևէ, ամեն դեպքում, սրտանց ուզում եմ, որ մեր զրույցը ստացվի, այնպես ինչպես ես հաճախ զրուցում եմ թոռնիկներիս` Ռուբենի, Սոֆիի, Միքայելի և Մանեի հետ: Ես նրանց համար հեքիաթներ եմ կարդում, հաճախ էլ ինքս եմ հորինում ու պատմում: Նրանք ինձ չեն խնայում և հարցակող են անում, բայց ասեմ, որ դեռևս չի եղել դեպք, որ չկարողանամ պատասխանել նրանց զանազան, զարմանազան ու բազմազան հարցերին: Եվ գիտե՞ք, թե ինչն է օգնում ինձ դուրս գալու հարցերի տեղատարափի տակից, այն. որ ես դպրոցում լավ եմ սովորել և շատ-շատ գրքեր եմ կարդացել:
Ըհը, եկանք հասանք գրքերին: Գիտեմ, շատ երեխաներ ինձ հետ չեն համաձայնի, որ գիրք կարդալը ամենահրաշալի ժամանցներից մեկն է, բայց դու` իմ փոքրիկ բարեկամ, դու հո այդպես չես մտածում: Հապա հիշիր կարդացած գրքերդ և ծալիր մատներդ. մեկ, երկու… Ընդամենը` երկո՞ւ: Քիչ է, ես կասեի համարյա բան չես կարդացել, ընդամենը երկու կաթիլ մեծ ծովի մեջ: Իսկ այնքան հրաշալի գրքեր կան, որ քո փոքրիկ ձեռքերին են սպասում, որ բացես իրեն, թերթես, վերջում շոյես ու ափսոսանքով մտածես, որ այդքան արագ ընթերցեցիր:
Գիտե՞ս, երբ մտածում էի մեր այս զրույցի մասին, նորից տնտղեցի իմ անձնական գրադարանը, նորից բացեցի ու թերթեցի վաղուց, շատ վաղուց` մանկության ու պատանեկության տարիներին կարդացածս գրքերը և գիտես ինչ զգացի` ափսոսանք: Ափսոսանք, որ դու չես կարդացել այդ գրքերը, որպեսզի մենք զրուցեինք արդեն մեզ ծանոթ հերոսների ու նրանց արկածներ մասին: Այ, օրինակ, հիմա իմ ձեռքին է Վաղթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները» արկածային վեպը… Պատկերացնու՞մ ես, այն լույս է տեսել ճիշտ իմ ծննդյան թվին` 1953-ին, այսինքն 55 տարի առաջ: Ես բացում եմ այդ գիրքը, որ հավանաբար քառասուն տարի առաջ եմ կարդացել, մի մտադրությամբ, հերոսների անունները վերհիշելու համար, և… և նորից մինչև վերջ կարդում իմ մանկության լավագույն գրքերից մեկը:
Եթե քեզ հաջողվի ձեռք բերել ու կարդալ այդ գիրքը /իսկ դու անպայման փորձիր/, հավանաբար շատ կզարմանաս գրքի հերոսների` Աշոտի, Շուշիկի, Գագիկի, քուրդ Հասոյի և Սարգիսի զրույցների, մտածելակերպի, հագուկապի վրա: Չէ որ նրանք ուրիշ` սոցիալիստական հասարակարգում են ապրել, նրանք պիոներներ էին, ինչը քեզ համար միանգամայն անծանոթ աշխարհ է, բայց հավատա, այդ միանգամայն անծանոթ աշխարհում նորից ու նորից, առաջին հայացքից այնքան պարզ, բայց և այնքան բարդ ընկերական փոխհարաբերություններն են, որոնք ավելի են սրվում և արտահայտիչ դառնում ծայրահեղ դժվար իրավիճակներում:
Մի տեսակ դասի նման ստացվեց, իսկ հիմա ամառային արձակուրդներ են; Համաձայն եմ: Ընթերցում էի գիրքը ու մտածում, ափսոս, շատ ափսոս, որ կինոռեժիսյոր չեմ, անպայման կնկարահանեյի այն, չնայած գիտեմ, որ նկարահանած ֆիլմ կա: Իմը ուրիշ կլիներ` ժամանակակից մեթոդներով, տրյուկներով: Հաստատ լավ բան կստացվեր: Երբ կարդաս գիրքը մտածիր այդ մասին: Դե, էլ չեմ ասում, թե ինչքան գաղտնիքներ կբացի քեզ համար Վաղթանգ Անանյանը, որը Հայաստանի բնաշխարհի մեծ գիտակ ու սիրահար էր:
Այ, գրելով զրուցում եմ քեզ հետ և փորձում պատկերացնել քո ռեակցիան: Գիտես, դժվար է զրուցել մի թոռնիկի հետ, որին չես ճանաչում: Քեզ համար էլ է դժվար, որովհետև դու էլ ինձ չես ճանաչում, թեպետ որոշ տվյալներ ինձ մասին ես հաղորդեցի արդեն: Գուցե դու մտածես այսպես. «Էհ, ծեր տատիկ է / չնայած ես ինձ ջահել տատիկ եմ համարում/, ժամանակակից կյանքից բան չի հասկանում, դրա համար էլ գրքից է խոսում: Այ, այստեղ ես քեզ հետ բացարձակապես համաձայն չեմ: Ասեմ ինչու: Նախ, ես կյանքից ետ չեմ մնում, որովհետև շատ հետաքրքրասեր եմ, համակարգչային խաղեր եմ խաղում, «բայեվիկ» և «սարսափ» ֆիլմեր եմ նայում, ֆուտբոլ եմ նայում, բայց… հավատա ինձ, բարեկամս, գիրքն ուրիշ է:
Լավ գիրքը դառնում է քո կյանքի ընկերը: Կան գրքեր, որ տասնյակ անգամներ ես կարդում, և այդպիսի մարդիկ շատ են, որ կարդում ու վերընթերցում են իրենց սիրելի գրքերը: Ասենք այսպես, լինում է չէ՞, որ դու կարոտում ես քո ընկերներին, այդպես էլ կկարոտես այն գրքերը, որ կարդաս ու սիրես դրանք:
Հետո, անպայման ձգտիր ձեռք բերել այն գրքերը, որ քեզ դուր են գալիս: Կամաց-կամաց ստեղծիր քո գրադարանը: Եվ, մի օր էլ, երբ կհասնեն իմ տարիքին, քո ընկեր գրքերը քո կողքին կլինեն: Համոզվեցի՞ր, որ ոչ մի անգամ չասացի քեզ. «Խորհուրդ եմ տալիս»: Ես իմ խոստումի տերը մնացի:
Առաջին հանդիպման համար այսքանը: Ցը:
Վարդիկ տատիկ