Friday, January 7, 2011

Ամանորյա բարեմաղթանքներ ուշացումով, բայց ոչ ուշացած

Հիմա, երբ տոներն անցան և հունից շեղված մեր կյանքն ընկավ իր հունի մեջ, մի փոքր ուրիշ են լինելու իմ ուշացած ամանորյա բարեմաղթանքները: Սա մտածված ուշացում է: Երբ սեղանն առատ է, շշերը` լիքը, ինչպես ասում են, կենացները քաղցր են լինում, սրտերը` ջերմ, հոգիները` բաց, աչքերը` երազկոտ` հույսի առկայծումներով, խոսքը` գինովցած, կատարները` տաք: Տղա ես, բարեմաղթանքներ ասա տոներից հետո, երբ էլ «հետաքրքիր» բան չկա սեղանին դնելու, ոչ էլ գինի` կոկորդը թրջելու համար: Հայացքդ ուղղիր դեպի մի քանի օր անտեսված կարտոֆիլն ու «Եփած կարտոֆիլից լավ բան չկա» խոսքով փորձիր սփոփել, մի լավ բան ասել ժողովրդիդ: Մարդիկ դեռ խումհար, գալիս է հնգանիշ թվերով լույսի վարձը մուծելու ժամանակը: Անտեր հոսանքը ինչքան տնտեսում ես, սառչում-փետանում, միևնույն է, հաշվիչի թվերն աճում են ու աճում: Էլ չեմ խոսում հեռախոսի վարձի մասին: Մինչ սրտներս բարակած խոսում ենք հեռու-մոտիկ ծանոթ-բարեկամի հետ, իրար գովում, սրտում եղածն ասում, ինչ-որ մի տեղ հաշվիչը «տժժում է»...

Իսկ գրպանները դափ-դատարկ են, տնտեսած, օգնություն ստացած գումարները` խոզի բդի, չարազների, մանդարինի տեսքով կերած-մարսած: Էնպիսի մի պահ է գալիս, որ կերածիցդ էլ ես փոշմանում:

Բայց եկեք ազնվություն ունենանք և ասենք, որ վարձերի բարձրացմանը զուգահեռ թոշակներն ու նպաստներն էլ են բարձրանում, այսինքն` երկու դեպքում էլ աճ կա... մի դեպքում` բոլ-բոլ, մի դեպքում` չնչին: Քիչն էլ աճ է. ուզողները նկատում են, չուզողները` ոչ: Կաթ-կաթ` մեկ էլ տեսար բաժակը լցվեց, ոչ թե համբերության, այլ առատության:

Այ, հենց այստեղ, հայ մարդ, ուզում եմ բարեմաղթել, որ առատության եղջյուր-բաժակդ առաջ ընկնի համբերության բաժակից:

Եթե դեկտեմբերը համեմատաբար մեղմ էր, ապա հունվարը իսկական ձմեռային տարերքի մեջ է: Եվ չմոռանաք (դա մոռանալու բա՞ն է), որ առջևում նախագահի ընտրություններն են: Ցուրտ ձմեռ, նախագահական ընտրություններ... Սառած ուղեղով և սառը դատողությամբ ընտրություն կանենք և չենք էլ նկատի, թե ինչպես եկավ գարունը: Կանցնեն ցրտերը, կծաղկի աշխարհը և չենք հասցնի մի կարգին շոգել, վրա կհասնի աշունը, և կսկսենք հաշվել ճտերը:

Այ, հենց այստեղ, սիրելի հայրենակիցներ, ուզում եմ բարեմաղթել, որ աշնանը ճտեր լինեն հաշվելու, որ թխսի ձվերը լակ դուրս չգան:

(2008)

Բարեմաղթեց

Վարդիկ Վարդազարյանը


Search This Blog